25/09/2026

EU – Armenia

Մենք լրիվ այլ զեկույցի էինք սպասում

Կառավարությանը կից «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ը Հայ առաքելական եկեղեցու մասին զեկույց է հրապարակել, որով Փաշինյանը փաստացի նոր թափով է սկսում Մայր Աթոռի դեմ իր կռիվը։

Զեկույցում փաստագրված է 16 արձանագրում, որով իբրեւ թե արտահայտվում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում առաջացած «ճգնաժամը»։

Վրթանես քահանա Բաղալյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով իշխանությունների հակաեկեղեցական հերթական քայլին, նկատեց. «Մենք, ճիշտն ասած, լրիվ այլ զեկույցի էինք սպասում: Օրինակ` թե վերջին ութ տարիների ընթացքում միլիարդավոր դոլարներով ինչու է աճել երկրի արտաքին պարտքը, ինչի վրա են ծախսվել այլ ահռելի վարկերը, որոնք վերցրել է պետությունը:

Զեկույցի էինք սպասում, թե երբ է վերջապես կառուցվելու մետրոյի Աջափնյակ կայարանը, Աշտարակում ակադեմիական քաղաք էին կառուցում, զեկույցի էինք սպասում դրա վերաբերյալ` ի՞նչ եղավ այդ քաղաքը: Շուշիի ու Հադրութի դեօկուպացիայի մասին էինք ուզում նաեւ լսել, ի՞նչ նորություն կա: Ցավոք սրտի, այս տգետները վերջին տարիներին ձախողել են բոլոր ոլորտները: Անգամ խորհրդարանական ընտրությունների խայտառակ պարտությունից հետո, երբ այդքան վարչական ռեսուրս կիրառեցին, թոշակները բարձրացրին ընտրության շեմին, նրանք դեռ համարձակվում են սպառնալ Եկեղեցուն: Հազիվ 49 տոկոս ձայն հավաքած իշխանությունն իրավունք ունի՞ խոսելու բարեվարքության մասին, երբ զբաղվել է մանդատագողությամբ՝ 60 հազար քվե ոչնչացնելով: Ինձ համար ամենացավալին այն է, որ անվտանգության համակարգն են ոչնչացրել եւ կրթական ոլորտը: Այսօր ադրբեջանական զորքերը մեր սուվերեն տարածքում են` Սյունիքում, Գեղարքունիքում, Վայոց ձորում եւ այլն: Կրթական համակարգի մասին խոսելն էլ ավելորդ է: 15 տարեկան երեխաները, պարզվում է, ամենացածր կրթամակարդակի վրա են, մեղմ ասած` անգրագետ են, կարդում են եւ չեն հասկանում, թե ինչի մասին են կարդում:

Սա Նիկոլ Փաշինյանի իշխանության պատկերն է: Դպրոցից հանեցին «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, թվաց, թե մնացյալ առարկաներում պետք է առաջընթաց գրանցեին, սակայն պարզվեց, որ բոլոր առարկաների պարագայում սարսափելի իրավիճակ է, երեխաները դպրոց են գնում, բայց ամենատարրական բաները չեն հասկանում, այսինքն` սովորում են, բայց չեն սովորում: Այս ամենի պատճառներից ամենագլխավորն այն է, որ մատաղ սերունդը տեսնում է, որ ինչ-որ միջակություն, առանց բարձրագույն կրթության, կարողացել է վարչապետ դառնալ, բարձր աշխատավարձ ստանալ, դրանով չբավարարվել, նորից բարձրացնել աշխատավարձը, այն կրկնապատկելով, պարգեւավճարներ է ստանում եւ իր շուրջը հավաքել է անկիրթ ու տգետ ինչ-որ մարդկանց: Խոսում է բարեվարքությունից։ Ես իրեն խորհուրդ կտամ իրենից եւ իր՝ տիկին ասեմ, ինքը կհասկանա, թե ում նկատի ունեմ, որովհետեւ իրենք ամուսնալուծված են, չհասցրին ամուսնանալ, ամուսնալուծվեցին:

Փաշինյանին նաեւ խորհուրդ կտամ իր դուստրերի եւ զավակի բարեվարքությամբ հետաքրքրվի, եթե նա սկսի զբաղվել նրանցով, հերթն ուրիշներին չի հասնի: Նա այլոց բարեվարքության մասին խոսելու որեւէ իրավունք չունի թե՛ բարոյապես, թե՛ իրավական տեսանկյունից: Գաղտնիք չէ, թե Եկեղեցին եւ պետությունը որքան անկախ են իրարից: Վեհափառի կողմից Եկեղեցին հրաշալի ձեւով կառավարվում է, հակառակ այն խոչընդոտներին, որոնք Փաշինյանն է իրականացնում: Վեհափառն անգամ հովվապետական այցերով չի կարողանում երկրից դուրս գալ, սակայն իր աշխատանքն անում է շատ լավ ձեւով»: