Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՋՕԸ նախկին պետ, ներկայում Թալինի կոմունալ բաժնի պետ Սուրեն Թորոսյանի գործով Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը վերջապես դատավճիռ է կայացրել՝ դեպքից ավելի քան 3 տարի անց։
Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք․ ըստ գործի նյութերի՝ 2023 թվականի հունիսի 7-ին Արագածավանում գտնվող ավտոլվացման կետի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Թորոսյանը գազաբալոնից գազ էր փչել 24-ամյա Արմեն Սահակյանի դեմքին, ապա փայտով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին։ Սահակյանն ամբուլատոր բուժօգնություն էր ստացել։
Դատարանը Թորոսյանին շատ մեղմ պատիժ է նշանակել` նախ տուգանել է 375 հազար դրամով, ապա պատիժը 15 հազար դրամով մեղմացրել է՝ վերջնական սահմանելով 360 հազար դրամ տուգանք։ Դատարանը հաշվի է առել այն հանգամանքը, որ Թորոսյանը ձերբակալվածի կարգավիճակով մեկ օր գտնվել է անազատության մեջ։
Բայց այստեղ պատմությունը միայն 360 հազար դրամի մասին չէ։ Թորոսյանը դեպքից հետո էլ շարունակել է ագրեսիվ ու վիրավորական վարք դրսեւորել՝ իշխանության ընդդիմախոսների հասցեին հայհոյանքներ ու վիրավորական գրառումներ անելով։ Հավանաբար, նման մեղմ վերաբերմունքի իրական պատճառն այն է, որ նա շարունակ մասնակցում է իշխանական միջոցառումներին։ Օրինակ, Հովհաննավանքում՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ֆեյք պատարագներին, Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնությանը եւ նրա կազմակերպած դասախոսություններին։
Ստացվում է՝ Եկեղեցու դեմ իշխանական արշավներին, Աննա Հակոբյանի նախաձեռնություններին մասնակցելն ու ՔՊ-ական լինելը Թորոսյանի համար ինդուլգենցիա են ապահովել, եւ այն արարքի համար, որը եթե մեկ այլ անձ աներ, կհայտնվեր անազատության մեջ, դատարանը սահմանափակվել է տուգանք նշանակելով։ Մարդու դեմքին գազ փչելու եւ փայտով հարվածներ հասցնելու պատիժը եղել է ընդամենը 360 հազար դրամ վճարելը։
Տուժող Արմեն Սահակյանի շահերը դատարանում ներկայացրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Դատավճռի վերաբերյալ Բաբայանն ասաց. «Ճիշտն ասած՝ դատավճիռը դեռ չեմ կարդացել, բայց առաջադրված մեղադրանքի շրջանակում, հաշվի առնելով նախկինում դատվածություն չունենալու հանգամանքը, պատիժը դրանից ավելի լինել չէր կարող»։ Դատավճիռը բողոքարկելո՞ւ են։ Պաշտպանն ասաց՝ ծանոթանա, պարզ կդառնա։


Բաց մի թողեք
Փաշինյանը շարունակում է ոչնչացնել մեր դիմադրության պաշարները
Պասիվ պաշտպանությունը հաղթանակի չի հասցնում
2026-ին ձեւավորված 9-րդ գումարման ԱԺ-ն այս 8 տարվա «թագուպսակն» է