30/10/2026

EU – Armenia

Գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա․ Իսրայել Հակոբկոխյան

Երեկ իշխանական պատգամավոր, ֆեյքերի ՊՈԱԿ-ի տնօրեն, հաստիքով սադրիչ Տարոն Չախոյանի ելույթի ընթացքում մեծ ծեծկռտուք սկսվեց խորհրդարանում, պատգամավորները բռունցքներով, ոտքերով, ջրի շշերով մոտ կես ժամ հարվածում էին իրար ու գոռգոռում: ԱԺ իշխանական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանն անգամ աթոռ շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ:

Հրապարակ թերթը գրել է․ Միայն հատուկենտ տղամարդ պատգամավորներ չներգրավվեցին ծեծկռտուքում: Կադրերում երեւում է, որ վնասվածք ստացածներ էլ կային, մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստանի» պատգամավոր Անդրանիկ Գեւորգյանի քթից արյուն էր հոսում:

Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ ՔՊ-ական Չախոյանը, ամբիոնից ելույթ ունենալիս, սկսեց կոռուպցիայի թեմայով զուգահեռներ անցկացնել, նախ հիշեց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներին, սակայն կրքերը բորբոքվեցին, երբ հիշատակեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանին ու նրա ազգականներին:

«Կոռուպցիայի մեջ թաթախված մարդիկ խոսում են կոռուպցիայից, ֆեյքերից, ընտանիքի անդամներին թիրախավորելուց։ Պարոն Կարապետյան, ես մեղավոր չեմ, որ ձեր ամբողջ ազգուտակը զբաղվում է քաղաքականությամբ, այդ թվում՝ ձեր հորեղբայրը, ձեր հայրը, ձեր հորեղբոր որդին, վերջինս անգամ նախարարություն էր փորձում բացել մեր երկրում: Ես մեղավոր չեմ, որ ուզում էր մի նախարարություն բացել, որը բավարարեր բոլոր կանանց։ Մինչեւ հիմա ներողություն չեք խնդրել դրա համար»,- իր ելույթում ասում էր Չախոյանը, ինչից հետո կռիվ սկսվեց. «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը տեղից ինչ-որ բան բղավեց, ըստ երեւույթին՝ «արա»-ով դիմեց Տարոն Չախոյանին։ Վերջինս էլ նույնկերպ արձագանքեց, թե «արան ոտքիցդ գլուխ ես»: Իրավիճակը դուրս եկավ կառավարումից, խոսքերին փոխարինեցին բռունցքները։ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, որ նման դեպքերում արագությամբ անվտանգության աշխատակիցներին հրավիրում է դահլիճ, դա չարեց, միայն հորդորում էր հանդարտվել ու ասում էր․ «Հատուկ չեմ ընդհատելու նիստը, որ բոլորը տեսնեն այս ամենը։ Նիստը շարունակվելու է։ Դո՛ւք կողմնորոշվեք՝ ծեծկռտուք լինելո՞ւ է, թե՝ չի լինելու։ Կա՛մ ցրվեք, կա՛մ նստեք»: Բայց իրավիճակն էլ ավելի լարվեց, երբ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը աթոռը վերցրեց ու շպրտեց ընդդիմադիրների ուղղությամբ, ինչից հետո Ռուբեն Ռուբինյանն ընդմիջում հայտարարեց: Ծեծը ընդմիջումից հետո շարունակվեց նաեւ խորհրդարանի միջանցքում ու աստիճանաբար մարեց: Միջանցքում ԱԺ անվտանգության աշխատակիցներն անգամ պատ էին կազմել «հակամարտող կողմերի» միջեւ, որ ծեծկռտուքը չշարունակվի:

Տպավորություն էր, թե մարտաֆիլմ ենք դիտում՝ «Бои без правил», որտեղ ցանկացած պրիյոմ թույլատրելի է։

Հետաքրքիր էր լսել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարծիքը։ Աշխարհի եւ Եվրոպայի բռնցքամարտի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը, «Հրապարակի» հետ զրույցում խոսելով կատարվածի մասին, նկատեց. «Տղա են դառել, էլի, էդ ՔՊ-ականները: Սաղ կյանք պախկված ու կռացած ապրել են, հիմա ձեռները իշխանություն կա, ոստիկանությունն էլ մեջքներին կանգնած, տղա են դառել, էլի: Նապաստակին էլ որ սկսես նշով կերակրել, նապաստակն էլ գիշատիչ կդառնա, հիմա սրանցն ա: Սաղ կյանք տղա չեն եղել, հիմա իրանց տղա են զգում, բայց ոչինչ, գելերի վախտն էլ կգա, նուշ ուտող նապաստակների վերջն էլ կգա: Երկիր մոլորակը ստեղծված ա նենց, որ եթե կա սկիզբ, կա վերջ: Էս մարդիկ մտածում են, որ իրանք մեռնելու են գնան, բայց չեն մտածում իրանց երեխեքի մասին: Ամեն նորմալ ծնող ապրում ա հանուն իրա երեխու, չարչարվում ա հանուն իրա երեխու, բայց դե՝ Հայաստանում քիչ ենք հայերով մնացել: Ընդդիմությունը ճիշտ արեց, որ գիշատիչ նապաստակներին պատասխանեց: Մսով կերակրված վախկոտներն իրանց տղա են զգում, երեկ ընկերուհի էին, էսօր մտածում են, որ տղա են: Ոչինչ, հայ ազգը ոտքի կկանգնի, նոր կերեւա՝ որը որից հետո ա»: