«Հրապարակի» զրուցակիցն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Եսայանն է:
– Իշխանավորները ոչ միայն հանգուցյալին հասանելիք 200 հազար դրամ գումարն ու անապահովների նպաստներն են կտրել, պարզվում է՝ մանկատան սաներին էլ են թողել բախտի քմահաճույքին: Առաջներում 18 տարին լրանալուց հետո մանկատան բոլոր սաներին պետությունը սենյակ էր հատկացնում` անվարձահատույց, մի շրջան՝ բնակարանների փոխարեն սերտիֆիկատներ էին տալիս, որ կարողանան տուն գնել ցանկացած համայնքում, իսկ այժմ տեղեկացանք, որ մանկատնից դուրս եկած՝ 18 տարին լրացած երիտասարդներին ընդամենը վեցամսյա ինչ-որ նպաստ են տալիս, եւ վերջ: Ի՞նչ նախադեպ է սա:
– ԽՍՀՄ-ից փոխանցված օժիտ է, որ տարբեր ժամանակներում նրանց տրամադրվել է կացարան: ԽՍՀՄ տարիներին կացարան էին տրամադրում, այլ ոչ թե բնակարան, ապա դրանից հետո հերթեր գոյացան, երկրաշարժ եւ այլն, եւ 1996 թվականին հնարավորություն ընձեռվեց Եվրահանձնաժողովի հետ քննարկումներ ծավալել այդ թեմայով: Հերթում մի քանի տասնյակ երեխա իր բնակարանին էր սպասում, ի վերջո՝ այդ հարցը լուծեցինք։ 1997 թվականից ես նախարարությունից դուրս եմ եկել, հետո արդեն կդժվարանամ հստակ ասել, թե ինչ եղավ, բայց կարծում եմ, որ այդ խնդիրը մինչ օրս չի լուծվել: Մանկատների խնդիրները կարծես թե լուծվել են, բայց կան հաստատություններ, որոնք աշխատում են հոգեկան խնդիրներ ունեցողների հետ, նրանց հարցը մնում է առկա: Օրինակ` Վարդենիսի նյարդահոգեբուժական հաստատությունում մարդիկ ապրում են մինչեւ մահ, եւ դա ճիշտ է: Օրինակ` Գեղարքունիքի մանկատունը տեղափոխվել է ՍՕՍ, եւ մենք ենք որոշ խնդիրներով զբաղվում: Առաջընթաց արձանագրած մեր սաներին տալիս ենք որոշ հնարավորություններ: Եթե խնամակալ ծնողներն էլ միանում են, բնակարան են ձեռք բերում` Երեւանի շրջակայքում, ոչ Երեւանում, այն լավ ծրագիր է: Բայց հիմա ես չեմ կարող ասել, թե ինչ խնդիրներ կան կոնկրետ: Աշխարհում այդ խնդիրները լուծվում են սոցիալական բնակարանների տեսքով:
– Իշխանությունները նաեւ մահվան գումարներից զրկեցին մարդկանց, նպաստներից եւ այլն: Ի՞նչ գնահատական կտաք այս ամենին:
– Այո, 200 հազար դրամը հանեցին, եւ, փաստորեն, թոշակառուների թոշակները հունվարի 1-ից հազար դրամով բարձրացնում են: Անկեղծ ասած` ես կողմ չեմ այս ամենին: Հայաստանի ներկա պայմաններում 200 հազար դրամը բոլորովին չէր փակում թաղման ծախսերը, եւ հետո՝ վաղը, երբ միայնակ մարդը մահացավ, թաղող չունեցավ, ո՞վ պետք է այդ հարցերը լուծի: Գոնե վարչական միավորները նման դեպքերում պետք է իրենց վրա վերցնեն այդ ծախսերը: Գյուղերում գուցե նման իրավիճակներ չլինեն, որովհետեւ մարդկային հարաբերությունները շատ բարձր մակարդակի վրա են, բայց քաղաքներում հաստատապես կլինեն նման դեպքեր, ոչ միայն Երեւանում, այլեւ շատ այլ քաղաքներում:



Բաց մի թողեք
Միայն թշնամին և կամ թշնամու գործակալը կարող էր…
Մի փոքր լիկբեզ անեմ էս թերուսների համար
Իսկ Նիկոլի պատկերով անձնագիրն ինչքա՞ն կարժենա