30/10/2026

EU – Armenia

Շաքարի շուկայում փոփոխություն կա՞

Շաքարի շուկայում մենաշնորհի վերացման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց առաջ արած հայտարարությունը հիշեցրել է ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը՝ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու Շուշան Սարգսյանի հետ հարցուպատասխանի ժամանակ։

Ղազարյանը նկատել է, որ Փաշինյանը խոստացել էր վարչապետ ընտրվելուց ընդամենը 20 րոպե անց վերացնել շաքարի մենաշնորհը, սակայն այդ հայտարարությունից անցել է արդեն ութուկես տարի։ Պատգամավորը հետաքրքրվել է, թե ինչպես է այս ընթացքում փոխվել շաքարի շուկայի կառուցվածքը։

Ի պատասխան՝ Շուշան Սարգսյանը հայտնել է, որ հանձնաժողովն այժմ ուսումնասիրում է մի շարք ապրանքային շուկաներ, այդ թվում՝ շաքարի, ձեթի, կարագի, բրնձի և հնդկաձավարի շուկաները։ Ուսումնասիրության նպատակն է պարզել, թե վերջին հինգ տարիներին ինչ փոփոխություններ են տեղի ունեցել դրանց կառուցվածքում և մրցակցային միջավայրում, ինչպես նաև բացահայտել առկա խնդիրները։