09/11/2026

EU – Armenia

Թոշակները չեն բարձրանալու. եկող տարվանից նախատեսված բարձրացումը չեղարկվել է

Թաղման նպաստների կարգում փոփոխություններով նախատեսված թոշակների բարձրացումը չեղարկվել է։ Այս մասին հայտնեց աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

Իսկ պատճառը թաղման նպաստների վճարման կարգում փոփոխությունների նախագծի չեղարկումն է, ինչի մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում տեղեկացրել է նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը նախագծի չեղարկումը պատճառաբանել է հանրային արձագանքներով, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերների հետ Ազգային ժողովում ունեցած քննարկումներով։

Դա նշանակում է, որ այն քաղաքացիները, որոնք այսօրվա կարգավորումներով հուղարկավորության նպաստի շահառուներ են, նրանց մահվան դեպքում հարազատները կկարողանան ստանալ նախատեսված 200 000 դրամը. որևէ փոփոխություն չի կատարվի, և այն նախագիծը, որը դրվել էր հանրային քննարկման, Ազգային ժողով այլևս չի ուղարկվի։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը նախագիծ էր շրջանառել, որով առաջարկում էր 2027 թվականից սկսած թաղման նպաստ տրամադրել միայն անապահովության համակարգում ընդգրկված քաղաքացիների ընտանիքներին, մյուսներին զրկել այդ նպաստից, փոխարենը այդ նպատակի համար նախատեսված գումարներն ուղղել եկող տարվանից կենսաթոշակների բարձրացմանը։ Գործող օրենսդրությամբ թաղման նպաստի իրավունք ունի այն անձը, որը կազմակերպում է կենսաթոշակառուի, անապահովության համակարգում հաշվառված ընտանիքի անդամի հուղարկավորությունը։ Նոր կարգավորումներով առաջարկվում էր թաղման նպաստ տրամադրել միայն անապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի հուղարկավորությունը կազմակերպած անձին, իսկ թոշակառուները, եթե անապահովության համակարգում ընդգրկված չեն, ինքնաբերաբար զրկվելու էին այդ նպաստից։ Փոփոխությունը նախատեսվում էր գործարկել 2027 թվականի հունվարի 1-ից։ ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ թաղման նպաստի վերանայման արդյունքում խնայված 4,3-4,4 մլրդ դրամին ավելացվելու էր ևս 5,5 մլրդ դրամ՝ կենսաթոշակները բարձրացնելու համար։ Նախատեսվում էր նվազագույն կենսաթոշակը բարձրացնել 1000 դրամով՝ հասցնելով 47 000 դրամի, նախագծով պետք է իրականացվեր նաև աշխատանքային կենսաթոշակի ստաժի հաշվարկում 500 դրամ բարձրացումով։

Ինչպես մեր լրատվականին տեղեկացրեց աշխատանքի և բարեկեցության նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը՝ թաղման նպաստի վճարման կարգը նույնը թողնելու և նախագիծը չեղարկելու հետևանքով 2027 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակն այլևս չի բարձրանա, և այդ հանգամանքով պայմանավորված՝ կենսաթոշակների վերանայում չի լինի։ «Ի սկզբանե հանրային քննարկման ներկայացված նախագիծը ենթադրում էր, որ թաղման նպաստի տրամադրումը պետք է առավել թիրախային դառնա՝ ընդգրկելով միայն սոցիալապես անապահովներին։ Այդպիսի խնայողության արդյունքում բյուջետային միջոցներ էին ազատվելու, որոնք նախատեսվում էր ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։ Բայց քանի որ թաղման նպաստի տրամադրման կարգում փոփոխությունների նախագիծը ողջ փաթեթով չեղարկվում է և այն ԱԺ չի ուղարկվելու, հետևաբար բյուջետային միջոցներ չեն ազատվելու, կենսաթոշակներին ուղղվող 500-1000 դրամ հավելավճարներ ևս չեն լինի։ Այսինքն՝ այս նախագծով նախատեսվող թոշակների բարձրացումը կյանքի չի կոչվի, այն ևս կչեղարկվի որպես նախագծային փաթեթի մաս»,- հավելեց նախարարի մամուլի քարտուղարը։