Կան ներկայացումներ, որոնցում պատերազմը վաղուց ավարտվել է, բայց նրա ներկայությունը շարունակում է զգացվել բեմի յուրաքանչյուր անկյունում։ Այն այլևս չի հնչում կրակոցներով, պայթյուններով ու զինվորական հրամաններով։ Այն ապրում է մարդկային մարմնի մեջ, խաթարված հիշողության, չասված խոսքերի, տարօրինակ հարաբերությունների, խանդի, սիրո և երբեմն նույնիսկ անզուսպ ծիծաղի մեջ։
Հենց այդպիսի մի աշխարհ է ստեղծել Հրաչյա Ղափլանյանի անվան Երևանի դրամատիկական թատրոնը՝ ամերիկացի դրամատուրգ Դոն Նիգրոյի City of Dreadful Night – «Մղձավանջային գիշերվա քաղաքը» պիեսի հիման վրա բեմադրված «Ես ո՞ւմ եմ նման…» ներկայացմամբ։ Պիեսի բեմականացումը ստանձնել է թատրոնի տնօրեն, բեմադրիչ Գրիգոր Խաչատրյանը, որն ընտրել է հայաստանյան բեմում համեմատաբար հազվադեպ հանդիպող նուար դետեկտիվի՝ կինեմատոգրաֆիկ մտածողությամբ կառուցված գեղագիտությունը։
Ներկայացումը սիրային քառանկյունու պատմություն է, որտեղ հետպատերազմյան վերածնվելու ցանկությունը միահյուսվում է մարդկային հարաբերությունների ամենամութ ու խորհրդավոր շերտերին։ Նուար ֆիլմերին բնորոշ գեղագիտությունը, նուրբ սարկազմը և դետեկտիվ ժանրի լարվածությունը ստեղծում են մի միջավայր, որտեղ ոչինչ այնքան պարզ չէ, որքան առաջին հայացքից թվում է։ Այստեղ սերը, խանդը, հիշողությունը և մոռացությունը դառնում են նույն խաղի մասնակիցներ։ Դերերում՝ Էմմա Մանուկյան, Վլադիմիր Մսրյան, Արմեն Մեսրոբյան / Վահագն Սամվելյան (տարբեր ներկայացումներում՝ նույն դերում), Նիկոլայ Ավետիսյան։

Ներկայացման սկզբում Գրիգոր Խաչատրյանը տեղեկացրեց, որ հեղինակն ինքն այս պիեսի համար որոշակի բեմադրական ոճ չի թելադրում, և նուար դետեկտիվի ընտրությունն իր՝ ռեժիսորի մեկնաբանությունն է։ Սա կարևոր հանգամանք է, որովհետև ներկայացման ամբողջ մթնոլորտը, գործողությունների ընթացքն ու կերպարների փոխհարաբերությունները կառուցվում են հենց այդ ընտրության տրամաբանությամբ։ Իսկ Դոն Նիգրոն, որը, ցավոք, այս գարնանը հեռացել է կյանքից, իր դրամատուրգիական նյութով հնարավորություն է տվել ստեղծելու մի աշխարհ, որտեղ իրականությունն ու պատրանքը, հիշողությունն ու մոռացությունը, ցանկությունն ու կասկածը մշտապես հատվում են։
Պատերազմն ավարտվել է, բայց երիտասարդությունը դեռ փորձում է ապրել
Գործողությունները ծավալվում են հետպատերազմյան Ամերիկայի մի քաղաքում։ Երիտասարդ Գասը վերադարձել է պատերազմից։ Պատերազմի դաշտում նա փրկել է Թոնիի կյանքը, որն այժմ կրում է այդ պատերազմի տեսանելի ու անդառնալի հետքը․ գլխի մի մասը փոխարինված է թիթեղով, իսկ մեկ աչքը փակված է սև ակնոցով։
Գասի և Թոնիի հարաբերությունները, սակայն, սովորական ընկերական կապի շրջանակներում չեն տեղավորվում։ Գասը պարբերաբար հիշեցնում է Թոնիին, որ պարտական է իրեն կյանքի համար, և այդ երախտագիտությունը վերածում է գրեթե հրամանի՝ հանձնարարում է հետևել մի գեղեցկուհի աղջկա՝ պարզել, թե ուր է գնում, ում հետ է հանդիպում, ինչով է զբաղվում։ Գասի կասկածները գրեթե կանխակալ են․ աղջիկը, նրա համոզմամբ, անպայման ինչ-որ մեկի հետ հարաբերություններ ունի։
Թոնին կատարում է հանձնարարությունը։ Պարբերաբար հանդիպում է բարում աշխատողին, որը բալի միջուկով կարկանդակներ է վաճառում, և նրա միջոցով տեղեկանում աղջկա այցելությունների ու հանդիպումների մասին։ Պարզվում է՝ նա երբեմն բար է գալիս մի տղամարդու հետ, որն իր ձեռքը դնում է աղջկա ոտքին։
Թվում է՝ ամեն ինչ բավական պարզ է․ կա կասկածամիտ տղամարդ, կա նրա հանձնարարությունը կատարող ընկերը և կա մի գեղեցկուհի, որի շուրջ աստիճանաբար խտանում են խանդը, ցանկությունն ու մրցակցությունը։ Բայց հենց այստեղ էլ սկսվում է խաղը։
Թոնին, որը սկզբում պարզապես հետևում է աղջկան, աստիճանաբար, իմ տպավորությամբ, ինքն էլ է ներքաշվում նրա հմայքի ու ներկայության մեջ։ Գասի բացակայության ժամանակ աղջիկը նրան հրավիրում է իր տուն, անկողին։ Հարաբերություններն այլևս չեն ենթարկվում նախապես սահմանված կանոններին։ Երեք երիտասարդների միջև առաջանում է յուրօրինակ մրցակցություն, որում ոչ ոք այլևս չի կարող վստահ լինել սեփական դիրքի ու առավելության մեջ։
Գեղեցկուհին, որն ինքն է տնօրինում խաղի կանոնները
Ներկայացման միակ կին դերակատար Էմմա Մանուկյանը մարմնավորում է գեղեցկուհու, որն առաջին հայացքից կարող էր թվալ տղամարդկանց խանդի ու ցանկությունների առարկան։ Բայց նրա կերպարը շատ ավելի ինքնուրույն է, քան ենթադրում է այդ առաջին տպավորությունը։
Նա զոհ չէ։ Նա խաղի մասնակից է, երբեմն՝ նույնիսկ խաղի գլխավոր կազմակերպիչը։ Նրա ֆլիրտերը, հայացքները, շարժումները, տղամարդկանց միջև հայտնվելու և նրանց ուշադրությունը կառավարելու կարողությունը ստեղծում են մի իրավիճակ, որտեղ Գասն ու Թոնին աստիճանաբար կորցնում են իրենց վստահությունը։ Նրանք կարծում են, թե հետևում են աղջկան, մինչդեռ հանդիսատեսի աչքի առաջ աստիճանաբար պարզվում է, որ աղջիկն ինքն է ղեկավարում նրանց ուշադրությունը։
Առանձնահատուկ հիշատակման են արժանի լողավազանի տեսարանները։ Աղջիկը լողանում է իրական ջրավազանում, լողազգեստով հայտնվում բեմում, իսկ հետո Թոնին սրբիչ է պահում, որպեսզի նա հանի լողազգեստն ու փաթաթվի դրա մեջ։ Այս տեսարանները ներկայացմանը հաղորդում են բացահայտ մարմնականություն, երիտասարդական ազատություն և էրոտիկ լարվածություն։ Դրանք պարզապես արտաքին գրավչության ցուցադրություն չեն․ շարունակում են կերպարների միջև ծավալվող խաղը՝ ցանկության, մտերմության և խանդի սահմանագծին։
Բեմում երիտասարդությունն ապրում է իր ամենաբնական ու երբեմն ամենաանզուսպ դրսևորումներով։ Այստեղ կա սիրախաղ, հրապուրանք, մրցակցություն, խանդ, մարմնականություն, գեղեցկություն ․․․ Եվ այդ ամենի հետևում անընդհատ զգացվում է պատերազմի թողած ստվերը։
Լուսանկարներ, հիշողություն և մի հարց, որը փոխում է ամեն ինչ
Սակայն ներկայացման դետեկտիվ հանգույցը սկսում է բացվել այն պահից, երբ աղջիկը հայտնում է, թե եկել է այս քաղաք՝ պարզելու, թե ինչ է պատահել իր քրոջը։ Նա ունի լուսանկարներ, որոնցում պատկերված են Գասը, Թոնին և իր քույրը։ Երիտասարդները փորձում են հասկանալ՝ ով է լուսանկարել նրանց, որտեղ և ինչ հանգամանքներում են արվել այդ լուսանկարները։ Ի վերջո պարզվում է, որ լուսանկարիչը բարմենն է։ Բայց լուսանկարների պատմությունն ավելի խորն է, քան սովորական հետաքննությունը։
Երբ Գասը լուսանկարը ցույց է տալիս Թոնիին, վերջինս կարծես ինչ-որ բան է հիշում։ Նա ճանաչում է աղջկան՝ որպես մինչպատերազմյան շրջանի երիտասարդ կնոջ։ Գասը, սակայն, հակադարձում է՝ ոչ, սա նոր աղջիկ է, նրա հետ կապ չունի։ Եվ այստեղ վերնագիրը՝ «Ես ո՞ւմ եմ նման…», սկսում է հնչել բոլորովին այլ կերպ։
Արդյոք աղջիկն իսկապես ունի՞ քույր, որի ճակատագիրն ուզում է պարզել։ Արդյոք նա նման է այդ քրո՞ջը, թե՞ ինքն է այն աղջիկը, որին երկու երիտասարդները ճանաչել են մինչև պատերազմը, բայց այլևս չեն կարողանում հիշել։
Հանդիսատեսի մեջ կասկած է առաջանում, որ քույրն ընդամենը պատմություն է, մի հնարք, որի միջոցով գեղեցկուհին փորձում է վերականգնել երկու տղամարդկանց հիշողության մեջ մնացած անցյալը։ Նրա՝ լուսանկարներում տղամարդկանց միջև գրկախառնված հայտնվելու, ոտքերը երկարելու, նրանց հետ մտերմիկ դիրքեր ընդունելու պահերը կարծես ավելի են խորացնում այդ կասկածը։
Եվ հարցը մնում է օդում՝ ո՞վ է իրականում այս աղջիկը, և ինչո՞ւ է նրա ներկայությունը երկու տղամարդկանց մեջ արթնացնում մի բան, որն իրենք կարծես վաղուց կորցրել են։
Նուար դետեկտիվի գեղագիտությունն այստեղ լիարժեքորեն բացահայտում է իր հնարավորությունները։ Ճշմարտությունը չի մատուցվում պատրաստի պատասխաններով։ Այն հայտնվում է կիսատ հիշողությունների, լուսանկարների, կասկածների և մարդկային վարքագծի մանրուքների միջով։
Նուար դետեկտիվի բեմական լեզուն և ռեժիսորական ընտրությունը
Գրիգոր Խաչատրյանի ռեժիսորական ընտրության հետաքրքիր կողմերից մեկն այն է, որ նա պիեսը չի փորձում տեղավորել սովորական թատերական դրամայի շրջանակներում։ Ներկայացման զարգացումները հիշեցնում են նուար ֆիլմի ընթացք, որտեղ յուրաքանչյուր երկխոսություն կարող է ունենալ երկրորդ իմաստ, յուրաքանչյուր ժպիտի հետևում կարող է թաքնված լինել կասկած, իսկ թվացյալ աննշան դրվագը՝ դառնալ ամբողջ պատմության հանգուցալուծման բանալին։
Նուարը միայն մռայլ լուսավորություն, առեղծվածային երաժշտություն կամ քրեական պատմություն չէ։ Դա մարդկային հարաբերությունների մի աշխարհ է, որտեղ ոչ ոք ամբողջությամբ չի բացահայտում իրեն, իսկ հանդիսատեսը մշտապես ստիպված է կասկածի տակ դնել տեսածն ու լսածը։

Այս առումով «Ես ո՞ւմ եմ նման…»-ը բավական հետաքրքիր փորձ է հայաստանյան թատերական իրականության մեջ։ Ռեժիսորը դիմում է մի ժանրի, որը մեր բեմերում այնքան էլ հաճախ չի հանդիպում, և այն համադրում է երիտասարդական խաղի, սիրային ինտրիգի, հոգեբանական լարվածության ու դետեկտիվի տարրերի հետ։
Հատկանշական է նաև, որ ներկայացման ընթացքում հանդիսատեսի արձագանքները միատեսակ չէին։ Երբեմն նույնիսկ ակնհայտ ողբերգական ենթատեքստ ունեցող դրվագներն ուղեկցվում էին բարձր ծիծաղով, երբեմն՝ հռհռոցով։ Սա ինքնին հետաքրքիր դիտարկման առիթ է։ Մի կողմից՝ բեմադրության մեջ առկա հեգնանքը, իրավիճակների անսպասելի շրջադարձերն ու կերպարների վարքագիծը կարող են նման արձագանք առաջացնել, մյուս կողմից՝ երբեմն ծիծաղի տակ կարող է կորչել այն ողբերգական շերտը, որն իրականում ներկայացման հիմքում է։
Գուցե հենց այս երկակիությունն էլ բեմադրության առանձնահատկություններից է․ այն չի պարտադրում հանդիսատեսին մեկ զգացմունք, այլ թույլ է տալիս միաժամանակ ծիծաղել, զարմանալ, կասկածել և մտածել ․․․
Պատերազմի ավարտից հետո սկսվող կյանքը
Նիգրոյի այս աշխարհում ևս պատերազմից վերադարձած երիտասարդները փորձում են շարունակել ապրել։ Նրանք ուզում են սիրել, զվարճանալ, ընկերություն անել, խանդել, հրապուրվել, վայելել երիտասարդությունը։ Նրանք ուզում են ապրել այնպես, կարծես կյանքը դեռևս իրենցն է՝ իր բոլոր հնարավորություններով։ Բայց պատերազմը նրանցից յուրաքանչյուրի մեջ ինչ-որ բան փոխել է։
Թոնիի մարմնական խեղումը պատերազմի ամենատեսանելի հիշեցումն է։ Գասի ու Թոնիի հարաբերություններում ևս զգացվում է այդ անցյալի ծանրությունը։ Նրանց հիշողության մեջ կան բացեր, կան դեմքեր ու իրադարձություններ, որոնք կարծես կորցրել են իրենց հստակությունը։ Եվ հենց այդ կիսատ հիշողությունների մեջ է հայտնվում գեղեցկուհին՝ իր ներկայությամբ խախտելով նրանց սովորական դարձած աշխարհը։
Այս տեսանկյունից ներկայացումը կարելի է ընկալել որպես պատերազմից հետո կյանքը շարունակելու փորձության պատմություն։ Պատերազմն ավարտվել է, բայց երիտասարդությունը դեռ փորձում է գտնել իր տեղը խաղաղության մեջ։
Եվ այստեղ ինձ համար ակամա առաջանում է նաև մեկ այլ զուգահեռ՝ մեր իրականության հետ։ Հետպատերազմյան Հայաստանի երիտասարդության մասին մտածելիս դժվար է չտեսնել, թե որքան կարևոր են հիշողությունը, ինքնությունը, սեփական անցյալի գիտակցումն ու մարդկային կապերի պահպանությունը։ Ներկայացումը, անշուշտ, ամերիկյան քաղաքում ծավալվող պատմություն է, բայց նրա հարցադրումները սահմաններ չունեն։ Հատկապես այն հասարակություններում, որոնք իրենց պատմության մեջ պատերազմը չեն ապրել միայն որպես հեռավոր իրադարձություն։
Այստեղ, սակայն, պետք է տարբերակել՝ ներկայացումը Հայաստանում չի տեղափոխում ամերիկյան պատմությունը մեր իրականություն, այլ հնարավորություն է տալիս այն ընկալելու նաև մեր փորձառության լույսի ներքո։
Երկու արտահայտություն, որոնք շրջանակում են ամբողջ պատմությունը
Ներկայացման սկզբում Գասն ասում է. «Նա կստի, որովհետև կին է»։ Իսկ ավարտին մոտ Աննան պատասխանում է. «Գասն այդպես կվարվի, որովհետև այդպիսին են տղամարդիկ»։
Այս երկու արտահայտություններն ինձ համար ներկայացման ամենախոսուն երկխոսություններից են։ Սկզբում տղամարդն է կնոջը բնութագրում ընդհանրացնող, կարծրատիպային դատողությամբ։ Վերջում կինը նույն տրամաբանությամբ պատասխանում է տղամարդուն։
Սա կարծես հայելային շրջադարձ է։ Մեկի համոզմունքը վերադառնում է իրեն՝ արդեն հակառակ կողմից։ Եվ եթե սկզբում Գասը վստահ է, որ կարող է կնոջ վարքագիծը բացատրել միայն նրա սեռով, ապա վերջում Աննան ցույց է տալիս, որ նույնքան հեշտությամբ կարելի է այդ դատողությունը կիրառել նաև տղամարդկանց նկատմամբ։
Այս փոքրիկ, բայց իմաստային առումով կարևոր շրջանակը ներկայացմանը հաղորդում է լրացուցիչ հեգնական շերտ։ Մարդիկ այնքան վստահ են իրենց դատողություններում, մինչև հայտնվում են այնպիսի իրավիճակում, որտեղ իրենց իսկ համոզմունքները սկսում են աշխատել իրենց դեմ։

Վերջաբանի փոխարեն
«Ես ո՞ւմ եմ նման…»-ը միաժամանակ դետեկտիվ է, սիրային խաղ, երիտասարդական պատմություն և հետպատերազմյան աշխարհի մասին դրամատուրգիական անդրադարձ։
Գրիգոր Խաչատրյանը փորձել է բեմ բարձրացնել մի ներկայացում, որը կարող է հետաքրքրել տարբեր հանդիսատեսների։ Մեկը կգա՝ դետեկտիվ ինտրիգի, մյուսը՝ սիրային ու բաց տեսարանների, երրորդը՝ նուար գեղագիտության, իսկ մեկ ուրիշը գուցե պարզապես ցանկանա դիտել թատերական երեկո՝ առանց ծանր ու պարտադիր փիլիսոփայական ենթադրությունների։
Բայց եթե ներկայացումից հետո հանդիսատեսի մեջ մնում է թեկուզ մեկ հարց, եթե նա սկսում է վերադառնալ որոշ տեսարանների, հիշել արտահայտությունները, կասկածել կերպարների իրական ինքնությանը, ուրեմն բեմական խաղը չի ավարտվել ․․․
Եվ գուցե հենց այդ պատճառով է վերնագրի հարցականը կարևոր․ «Ես ո՞ւմ եմ նման…»։ Ո՞ւմ ենք մենք նման պատերազմից հետո։ Մեր նախկին ինքնե՞րին, մեր հիշողությունների՞ն, կորցրած մարդկանց, թե՞ այն մարդկանց, որոնց այլևս չենք կարողանում ճանաչել։ Եվ արդյոք հնարավոր է վերադառնալ այնտեղ, որտեղից հեռացել ենք, եթե վերադարձի ճանապարհին արդեն կորցրել ենք մեր նախկին եսը։
Այս ներկայացման մեջ պատերազմը վաղուց ավարտվել է։ Երիտասարդները սիրահարվում են, խանդում, կատակում, լողանում, գրկախառնվում, խաղում միմյանց հետ։ Կյանքը շարունակվում է։ Բայց նրա խորքում դեռևս կա մի չլուծված առեղծված։ Եվ դա, թերևս, ամենևին էլ այն չէ, թե ով է լուսանկարել լուսանկարները կամ որտեղ է անհետացել աղջկա քույրը։ Գուցե ամենամեծ առեղծվածն այն է, թե ովքեր էին այս երիտասարդները մինչև պատերազմը, և ովքեր են դարձել դրանից հետո։
Անպայման դիտելու, պարզապես վայելելու և, ցանկության դեպքում, մտորելու ներկայացում է։ Խորհուրդ եմ տալիս բոլորին։ Ես փոխանցեցի այն, ինչ զգացել ու մտորել եմ ներկայացումը դիտելիս։ Գուցե որոշ հարցերում սխալվում եմ, գուցե ներկայացման շերտերը շատ ավելի խորն են, կամ՝ մակերեսային, ժամանցային, քան ինձ հաջողվել է բացահայտել։ Գուցե յուրաքանչյուր հանդիսատես իր պատասխանը, իր գաղտնիքն ու իր «Ես ո՞ւմ եմ նման…» հարցն ունի։ Ո՞վ գիտե․․․
Սիմոն Սարգսյան



Բաց մի թողեք
Երևանում կկայանա Ջազ ակումբների փոխանակման առաջին միջազգային ֆորումը
Լեգենդար Գրիգորի Սոկոլովը 40 տարի անց վերադառնում է Երեւան՝ Պրահայի մոգական համերգից հետո․ Լուսանկարներ․ orer.eu
Օթելլո՝ առանց ռասայական դիմակի․ Շեքսպիրյան ողբերգության ռումինական շնչառությունը երևանյան բեմում․ Լուսանկարներ