11/11/2026

EU – Armenia

Լեգենդար Գրիգորի Սոկոլովը 40 տարի անց վերադառնում է Երեւան՝ Պրահայի մոգական համերգից հետո․ Լուսանկարներ․ orer.eu

Պրահայի Դվորժակի անվան հանրահայտ համերգասրահը առաջին անգամ չէր ընդունում լեգենդար դաշնակահար Գրիգորի Սոկոլովին, որն իր մոգական ելույթով երեկ փակեց Ռուդոլֆ Ֆիրկուշնիի միջազգային դաշնամուրային փառատոնը։

https://orer.eu/ Սովորաբար նրա համերգներին նախապես հայտնի չէ, թե ինչ գործ է կատարելու։ Դաշնակահարը ծրագիրը որոշում է համերգից րոպեներ առաջ։ Այդպես էր նաեւ Մալթայի փառատոնին նրա ելույթի ժամանակ, երբ 8 տարի առաջ բախտ ունեցա առաջին անգամ լսելու մեծանուն դաշնակահարին։ Բայց Պրահայի փառատոնը բացառությունների շարքում էր։ Արդեն նախօրոք տպագրված ծրագրերում հայտնի էր, որ երկմասանոց մենահամերգի առաջին մասում կատարելու է Շուբերտի սոնատը, իսկ երկրորդ բաժնում՝ Բրամսի թիվ 3-րդ սոնատը։

Խորհրդային Լենինգրադում ծնված հրաշամանուկը, որ տարիներ անց պետք է գրավեր Չայկովսկու անվան երրորդ մրցույթում՝ դառանալով ամենաերիտասարդ հաղթողը մրցույթի պատմության մեջ, երկաթյա վարագույրի անկումից հետո շռնդալից հաջողությամբ պետք է նվաճեր համաշխարահային հռչակ եւ իր հաստատուն, բայց նաեւ ուրույն տեղը գրավեր մեծանուն դաշնակահարների անդաստանում։

Նրա հայացքը խիստ է, ժպիտի ոչ մի նշույլ, հստակ քայլերով մոտենում է դաշնամուրին ու մատների առաջին հպումից սկսվում է սոկոլովյան կախարդական աշխարհի մուտքը։ Սովորաբար դասական համերգներում կարող ես հոգնել, շեղվել, այլ մտածումների մեջ ընկնել, սակայն Սոկոլովը կարողանում է մագնիսական ուժով հանդիսատեսին գամել  եւ միայն ստեղծագործության ավարտին իրավունք տալ ծափահարություններով արտահայտվել։ Այդպես էր թե՛ Շուբերտի Բ դուր սոնատի կատարման ընթացքում, եւ ավելի ազդեցիկ՝ Բրամսի սոնատի պարագայում։

Դահլիճը, որն ի տարբերություն սովորական համերգների,  ներկայացնում էր չեխական երաժշտասեր աշխարհի եւ պրոֆեսիոնալ երաժիշտների ընտրանին, ինքնամոռաց վայելում էր։

Մարդիկ եկել էին Չեխիայի տարբեր քաղաքներից՝ ըմբոշխնելու սոկոլովյան կատարումների բերկրանքը։ Զգալով դահլիճի հետ կայացած աննկարագրելի էներգիան, Սոկոլովը 7 անգամ բիս նվագեց, զարմացնելով ոչ միայն իր կատարողական արվեստով, այլեւ համբերությամբ ու հանդիսատեսի նկատմամբ տածած հարգանքով։  Կրկին հնչեցին հատվածներ ինչպես Բրամսի, այնպես էլ Բախի, Շոպենի եւ Սկրյաբինի ստեղծագործություններից։ Հոտնկայաս ծափահարություններով ողողված դահլիճը չէր ուզում հրաժեշտ տալ երաժշտական տոն պարգեւած տաղանդաշատ դաշնակահարին։

Համերգից հետո երբ մոտեցա, որ շնորհավորեմ, Վարպետն անմիջապես հրավիրեց իր սենյակը, ուր միանգամից գրոհեցին նրա երկրպագուները։ Սոկոլովին հարցրեցի առաջիկա հայաստանյան համերգի մասին, նախ զարմացավ, որ տեղյակ եմ, ապա ասաց. «Պատկերացնում եք, վերջին անգամ Երեւանում նվագել եմ 40 տարի առաջ՝ 1980-ականներին»։ Բարի ճանապարհ մաղթելով մաեստրոյին, հույս հայտնեցի, որ նոյեմբերի 14-ի երեւանյան համերգն էլ կանցնի մեծ հաջողությամբ՝ անմոռանալի պահեր պարգեւելով նաեւ մեր հայրենակիցներին։

Հակոբ Ասատրյան; Պրահա; https://orer.eu/

Լուսանկարները՝ Վացլավ Հոդինայի ©-Vaclav-Hodina