28/11/2026

EU – Armenia

9 բան, որ պետք է կարդալ Իսպանիայի ընտրություններից առաջ

Առանցքային քաղաքական դերակատարներին ճանաչելուց մինչև կիրակնօրյա արդյունքներին պրոֆեսիոնալի աչքով հետևելը՝ ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք։

Իսպանիան լարված սպասումով է մոտենում հանգստյան օրերին. կիրակի օրը կայանալիք արտահերթ ընտրությունների արդյունքում երկիրը, սոցիալիստների ութամյա կառավարումից հետո, կարող է թեքվել դեպի աջ։

Իսպանիայում Ipsos-ի հետազոտությունների գծով տնօրեն Պակո Կամասը «Madrid Playbook»-ին հայտնել է, որ ընտրողների մասնակցությունը կարող է հասնել ռեկորդային 75%-ի։ Եվ դա պատահական չէ. խաղադրույքները շատ բարձր են։

Թեև հարցումները կանխատեսում են, որ կենտրոնամետ աջ «Ժողովրդական կուսակցությունը» (PP) կհաղթի և, ծայրահեղ աջ «Vox» կուսակցության աջակցությամբ, իշխանությունից կհեռացնի ԵՄ-ում մնացած վերջին սոցիալիստ առաջնորդներից մեկին՝ վարչապետ Պեդրո Սանչեսին, վերջինս դեռ հույս ունի կանխել նման սցենարը։

Եթե ձևավորվի «Ժողովրդական կուսակցության» (PP) և «Vox»-ի կոալիցիան, ապա դա կլինի առաջին դեպքը 1975 թվականին՝ բռնապետ Ֆրանսիսկո Ֆրանկոյի մահից ի վեր, երբ Իսպանիայում իշխանության կգան ծայրահեղ աջ ուժերը։

Առանցքային քաղաքական դերակատարներին ու կուսակցություններին ճանաչելուց մինչև կիրակնօրյա արդյունքներին պրոֆեսիոնալի աչքով հետևելը՝ ահա այն ամենը, ինչ պետք է իմանաք։ (Ամբողջական նյութերը կարդալու համար սեղմեք վերնագրերի վրա):

1. Վերադա՞րձ 1936 թվականին. քաղաքացիական պատերազմի ուրվականները հետապնդում են Իսպանիայի նախընտրական արշավը

Քաղաքացիական պատերազմի սկսվելուց իննսուն տարի անց՝ նոյեմբերի 29-ի ընտրություններին ընդառաջ Իսպանիայում ծավալվող քարոզարշավում հստակորեն զգացվում են 1936 թվականի արձագանքները։

Քաղաքական գործիչները վերակենդանացնում են այն հակամարտության հռետորաբանությունը, որը մինչ օրս խորը հետք է թողել բևեռացված ազգային գիտակցության վրա։ Օրինակ՝ Սանչեսը ամբոխի հետ միասին վանկարկում է «¡No pasarán!» («Նրանք չեն անցնի») կարգախոսը. սա այն կոչն է, որն անմահացրել են Ֆրանկոյի կողմից Մադրիդի եռամյա պաշարմանը դիմադրած ձախակողմյան ուժերը։

Թե՛ ծայրահեղ աջ «Vox» կուսակցության առաջնորդ Սանտյագո Աբասկալը, թե՛ Մադրիդի տարածաշրջանի ղեկավար, «Ժողովրդական կուսակցության» (PP) ներկայացուցիչ Իսաբել Դիաս Այուսոն իրենց ձախակողմյան ընդդիմախոսներին անվանում են «Ժողովրդական ճակատ» (Popular Front)։ Այս անվանումը վերաբերում է կոմունիստական, սոցիալիստական ​​և հանրապետական ​​ուժերի այն դաշինքին, որը ղեկավարում էր Իսպանիան քաղաքացիական պատերազմի բռնկման նախօրեին։

2. Բասկ ձախ անջատողականները, ամրապնդելով դիրքերը, պատրաստվում են առճակատման Իսպանիայի աջ ուժերի հետ

Ընտրությունները նաև կփոխեն քաղաքական պատկերը հյուսիսային արդյունաբերական Բասկերի երկրում, որտեղ կրկին սրվում է անկախության հարցը՝ հասարակության մեջ առաջացնելով խորը պառակտում։

Թեև ազգային մակարդակում հավանական է աջակողմյան կոալիցիայի ձևավորումը, Բասկերի երկրում անցկացված հարցումները կանխատեսում են ձախ անջատողական «EH Bildu» դաշինքի հաջողությունը։

«Բասկերի երկրի բնակչության մեծ մասը սոցիալապես առաջադեմ է և կողմ է ինքնիշխանությանը, — ասել է «Bildu»-ի օրենսդիր Գորկա Էլեխաբարիետան, ով առաջադրվել է Իսպանիայի խորհրդարանում՝ ներկայացնելով Գիպուսկոա նահանգը։ — Մեր դաշինքն ու շարժումը միավորում են այդ երկու գաղափարները, որոնք գերիշխող դիրք ունեն բասկյան հասարակության մեջ»։

3. Իսպանիայի աջ ուժերի վերադարձը կարող է կրկին բորբոքել կատալոնական անջատողականության կրակը

Այս ընտրությունները կարող են նաև կատալոնական անկախության պայթյունավտանգ հարցը կրկին բերել քաղաքական օրակարգի կենտրոն. հատկապես, որ դրանք տեղի են ունենում տարածաշրջանի նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնի՝ Բելգիայում գրեթե մեկ տասնամյակ տևած աքսորից հետո հայրենիք վերադառնալու մտադրության մասին հայտարարությունից ընդամենը օրեր անց։

Այն բանից հետո, երբ 2017-2018 թվականներին Կատալոնիայում Պուչդեմոնի նախաձեռնած անջատողական գործընթացը Իսպանիան ներքաշեց սահմանադրական ճգնաժամի մեջ, այս թեման ներկայումս մնում է «քնած» վիճակում՝ հազվադեպ հայտնվելով լրատվականների ուշադրության կենտրոնում։ Սակայն իրավիճակը կարող է արագ փոխվել, եթե նոյեմբերի 29-ին իշխանության գա պահպանողական կոալիցիան։

«Մենք գիտենք, որ նրանք, անկասկած, կսահմանափակեն մեր ինքնակառավարման լիազորությունները և կոշտ միջամտություն կունենան կատալոնական հասարակության կյանքում, — ասում է «Կատալոնիայի ձախ հանրապետականներ» (ERC) կուսակցությունից Սենատի թեկնածու Ֆրանսեսկ-Մարկ Ալվարոն։ — Սա կնշանակի կատալոնական հասարակության վրա բենզին լցնել»։

4. Ծայրահեղ աջ «Վոքս»-ը (Vox) ընտրությունները դիտարկում է որպես Իսպանիան վերափոխելու մեծ հնարավորություն

Ընտրարշավում մոտ 18% ցուցանիշով երրորդ տեղը զբաղեցնող ազգայնական և եվրասկեպտիկ «Վոքս» (Vox) կուսակցությունը կիրակի օրը կայանալիք ընտրությունները ներկայացնում է որպես «Իսպանիայի վերջին հնարավորությունը՝ կրկին Իսպանիա դառնալու համար»։ Կուսակցությունը նպատակ ունի վերափոխել երկիրը՝ իր ներկայացուցիչներին նշանակելով բարձրագույն նախարարական պաշտոններում։

«Վոքս»-ը կարող է գրանցել ամենամեծ հաջողությունը խոշոր կուսակցությունների շարքում. եթե 2023 թվականին այն Կոնգրեսում ստացել էր 350 տեղերից 33-ը, ապա այժմ ակնկալվում է, որ այդ թիվը կկրկնապատկվի։

Կուսակցության առաջնորդ Աբասկալը պնդում է, որ այս ընտրությունները հնարավորություն են՝ պահպանելու «խաղաղությունը, բարգավաճումն ու ազատությունը, որոնք «մաֆիոզ» կառավարությունը ցանկանում է հավերժ խլել մեզանից»։

5. Մադրիդից մինչև MAGA. ինչպես իսպանական «Vox»-ը ստեղծեց համաշխարհային ընդգրկում ունեցող աջակողմյան ցանց

Ի տարբերություն Հունգարիայում Վիկտոր Օրբանի «Ֆիդես»-ի (Fidesz) կամ Ֆրանսիայում Մարին Լը Պենի «Ազգային միավորում»-ի (National Rally), որոնք տասնամյակներ շարունակ ձևավորել են ազգային և եվրոպական քաղաքականությունը, «Vox»-ը համեմատաբար նոր երևույթ է. այն Իսպանիայի խորհրդարան է մուտք գործել միայն 2019 թվականին։

Սակայն այն թափով առաջ շարժվող ուժ է։ Այն ձգտում է ավելի ու ավելի առանցքային դեր ստանձնել՝ հանդես գալով որպես կամուրջ եվրոպական ծայրահեղ աջերի և ամբողջ աշխարհում նրանց քաղաքական դաշնակիցների միջև՝ սկսած արգենտինացի Խավիեր Միլեյից և չիլիացի Խոսե Անտոնիո Կաստից մինչև Վաշինգտոնի MAGA-ն (Make America Great Again):

Թեև այս խմբերը տարբեր են, նրանց միավորում է քաղաքական էստաբլիշմենտի նկատմամբ ընդհանուր մերժողական վերաբերմունքը։ «Խոսքը պարզապես ավելի մեծ տարածք զբաղեցնելու մասին չէ։ Սա շարժում է», — ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր և «Disenso» հիմնադրամի տնօրեն Խորխե Մարտին Ֆրիասը։

6. Իսպանիայի (հավանական) հաջորդ վարչապետը Պեդրո Սանչեսի բացարձակ հակապատկերն է

Ժողովրդական կուսակցության (PP) առաջնորդ Ալբերտո Նունյես Ֆեյխոոն միշտ շեշտում է իր ծագումը՝ ներկայանալով որպես պարզ մարդ Ատլանտյան օվկիանոսի ափին գտնվող կանաչապատ Գալիսիա շրջանից։

«Օգնեք ինձ ավարտին հասցնել այս ճանապարհորդությունը, և ես ձեզ չեմ հիասթափեցնի… Ես նույնն եմ մնացել. ավելի շատ սպիտակ մազերով, ավելի մեծ փորձով, ավելի շատ սպիներով, բայց նույն նվիրվածությամբ», — ասել է նա այս ամսվա սկզբին Սանտյագո դե Կոմպոստելա քաղաքում՝ հավաքված համակիրների առջև։

Ֆեյխոոն իրեն ներկայացնում է որպես ոչ պաթետիկ, զուսպ կառավարիչ, ով իր հմտությունները ձեռք է բերել հյուսիսարևմտյան Գալիսիայում՝ 2009-ից 2022 թվականներին զբաղեցնելով տարածաշրջանի ղեկավարի պաշտոնը։ Սա կտրուկ տարբերվում է Սանչեսի՝ հրապարակային էֆեկտների վրա կառուցված, փայլուն ոճից։

Մինչ Սանչեսը տիրապետում է անթերի անգլերենի, Ֆեյխոոն գրեթե ընդհանրապես չի խոսում այդ լեզվով։ Եթե Սանչեսը վարչապետ դարձավ 46 տարեկանում, ապա Ֆեյխոոն 65 տարեկան է և կդառնա ամենատարեց գործիչը, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը 1970-ականներին Իսպանիայում ժողովրդավարության վերականգնումից ի վեր։

7. Ֆեյխոոն ցանկանում է կառավարել Իսպանիան այնպես, ինչպես գլխավոր գործադիր տնօրենը (CEO)՝ կորպորացիան

Սակայն դա հեշտ չի լինի, երբ ղեկավար կազմում (կամ «խորհրդում») ներկայացված է ծայրահեղ աջ «Վոքս» (Vox) կուսակցությունը։

Ժողովրդական կուսակցության (PP) հիմնական ուղերձը, որի վրա նրանք հույս են դնում հաղթանակի հասնելու համար, հետևյալն է․ առաջարկել զուսպ, ողջամիտ և նույնիսկ մի փոքր ձանձրալի, բայց արդյունավետ կառավարիչների։

Ընդգծելով այն միտքը, որ Ժողովրդական կուսակցությունը ցանկանում է ԵՄ չորրորդ խոշոր տնտեսությունը կառավարել որպես իրավասու, առանց ավելորդ շքեղության գործող կորպորացիա՝ կուսակցության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը ասել է, որ նրանք «առաջարկում են գլխավոր գործադիր տնօրենի՝ երկիրը ղեկավարելու համար»։

Սա պարզ ուղերձ է, որը լավ է ընկալվում Սանչեսի օրոք տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալների ալիքից հետո։ Սակայն, եթե հաջորդ կառավարությունը դիտարկենք որպես բիզնես, ապա «Վոքս»-ը կլինի դրա ղեկավար կազմում գտնվող անկանխատեսելի և յուրօրինակ խաղացող։

8. 5 առանցքային վայր, որոնք ցույց են տալիս Իսպանիայի ընտրությունների ընթացքը

Կիրակի օրը Սանչեսը վտանգում է կորցնել այն միակ նահանգը, որը նրա Սոցիալիստական ​​կուսակցությունը պահպանել է Ֆրանկոյի մահից ի վեր։ Սա կարող է դառնալ Իսպանիայի ընտրական քարտեզի վրա տեղի ունեցող բազմաթիվ պատմական փոփոխություններից մեկը։

Սկսած այն տարածաշրջաններից, որոնք կորցնում են իրենց նախկին նշանակությունը, մինչև այնպիսի գյուղեր, որոնք ծառայում են որպես ընտրական տրամադրությունների ցուցիչ, ինչպես նաև տարածաշրջանային մրցակցություններ, որոնք ազդում են ամբողջ երկրի վրա՝ մենք առանձնացրել ենք հինգ կարևոր վայր, որոնց արժե հետևել ընտրությունների գիշերը։

9. Ինչպես հետևել Իսպանիայի ընտրություններին՝ որպես փորձագետ

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի Իսպանիայի մոտ 39 միլիոն քաղաքացի։ Ակնկալվում է, որ մասնակցությունը կլինի աննախադեպ բարձր, քանի որ շատ ընտրողներ այս ընտրությունները դիտարկում են որպես երկրի համար հնարավոր շրջադարձային կետ։

Ֆեյխոոն խոստացել է Իսպանիայում իրականացնել «անհրաժեշտ փոփոխություն»՝ հայտնելով, որ իր կուսակցությունը և «Վոքս»-ը (Vox) համակարծիք են, որ «սանչիզմին [Սանչեսի կառավարմանը] մեր երկրում վերջ է դրվելու»։

Մինչդեռ Սանչեսն իր վերընտրվելու հեռանկարը ներկայացնում է որպես ընտրություն՝ մի կողմից՝ «հետընթաց հրահրող ծայրահեղ աջ ալիքին» միանալու, իսկ մյուս կողմից՝ Իսպանիան «բացության, սոցիալական արդարության և բնապահպանական պատասխանատվության հենակետ» պահպանելու միջև։