03/12/2024

ԲԿ-ները պետպատվերից օգտվող բուժառուից նվիրաբերություն ակնկալելու իրավունք չունեն. ՊՎԾ ղեկավար

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը երկու բժշկական կենտրոններում ուսումնասիրություն կատարելուց հետո առաջարկել է նվիրաբերության պայմանագրերով գանձված գումարները վերադարձնել քաղաքացիներին։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՊՎԾ ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։

Նա ընդգծեց, որ երբ բուժառուները 100% պետական պատվերով առողջապահական ծառայություններից են օգտվում, ԲԿ–ները դրանց դիմաց փոխհատուցում են ստանում պետությունից, սակայն նվիրաբերության պայմանագրերով լրացուցիչ գումարներ են գանձվում հիվանդից։

«Պետական եկամուտների կոմիտեի տեսանկյունից խնդիր չկա, քանի որ այդ ամենը փաստաթղթավորվում է և եկամուտ ճանաչվում, հետևաբար հարկվում է։ Խնդիրն այդտեղ ավելի շատ սոցիալ–մշակութային է, քանի որ պետական բյուջեն ԲԿ–ին փոխհատուցում է բուժառուին մատուցած բոլոր ծառայությունների արժեքը։ Մենք գտնում ենք, որ ԲԿ–ները ոչ մի իրավական և բարոյական իրավունք չունեն պետպատվերով բուժառուից նվիրաբերություն ակնկալելու»,–ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` այժմ վարչապետի հանձնարարությամբ մի շարք ԲԿ–ներում վերահսկողություն են իրականացնում նվիրաբերության պայմանագրերով ստացված եկամուտները բացահայտելու համար։