«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնորդ Սուրեն Սուրենյանցն է:
– Սպիտակ տանը տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի հետ։ Իշխանական շրջանակները սա ներկայացրին որպես հաղթանակ, հերթական հաջողությունը` Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում: Ինչո՞վ էր այդ հանդիպումն այդքան կարեւոր ու առանցքային:
– Հայաստանից ցանկացած բարձրաստիճան պաշտոնատար անձ, երբ աշխատանքային այցով գտնվել է Միացյալ Նահանգներում, անպայման փոխնախագահի կամ պետքարտուղարի կողմից ընդունելության է արժանացել, սա ԱՄՆ-ում ընդունված ավանդույթ է, եւ այդտեղ չկա ոչ մի զարմանալու բան: Բայց տարածված լուսանկարն ինձ վրա չափազանց տխուր տպավորություն թողեց, արարողակարգային որեւիցե բաղադրիչ պահպանված չէր, ոչինչ չէր երեւում, շատ անհասկանալի լուսանկար էր, որն ակնհայտորեն արվել էր հեռախոսով:
– Այս այցից որ լուսանկարը տեսանք` նույն խեղճ տպավորությունը ստացանք: Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ են դրսում այսքան խեղճուկրակ վիճակում:
– Ունենք կռացած պետություն, որը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում է այս վիճակին հասել:
– Իսկ ԱՄՆ կատարած այցն առհասարակ ինչի՞ մասին էր, ո՞րն էր այս այցի նպատակը:
– Ես այս այցին բացասական չեմ վերաբերվում, պարզապես կարելի էր ավելի հստակ, հասկանալի օրակարգով մեկնել ԱՄՆ, որպեսզի այցն օգտակար լիներ, հակառակ դեպքում այն նմանվեց ակտիվիզմի, զրոյական արդյունքներով:
– Օրինակ` ի՞նչ հարցեր կարող էր բարձրացնել ԱՄՆ-ում, որ այդպես էլ չբարձրացրեց: Գերիների մասին կարո՞ղ էր խոսել:
– Գերիների հարց, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարց, կարող էր խոսել Ադրբեջանի ագրեսիվ վարքագծի մասին, բայց, ինչպես տեսանք, ոչ մի նման հարց չբարձրացրեց:
– Ադրբեջանում խոշտանգվող հայ ռազմաքաղաքական ղեկավարներին խարազանելու, գնդակահարելու կոչեր է անում «Դոգ» մականունով մեկը, որը քաղաքական հայտ է ներկայացրել եւ բնակվում է ԱՄՆ-ում: Դուք կարծես թե նրա հետ ինչ-որ օնլայն քննարկումների եք մասնակցում: Դուք է՞լ եք գերիներին ողջակիզելու կողմնակից:
– Գերիների հարցում իմ դիրքորոշումը պարզ է, ես բազմաթիվ անգամներ ասել եմ իմ դիրքորոշումը: Այդ մարդկանց պետք է համակողմանի աջակցություն ցուցաբերել:
– Բա ինչպե՞ս եք նրանց հասցեին վայրահաչողի հետ քաղաքական քննարկումներ ունենում:
– Քննարկումը եղել է Գյումրու ընտրությունների հետ կապված: Մենք էինք կազմակերպել այդ քննարկումը, իսկ Վարդան Ղուկասյանը դրան մասնակցել է:
– Ինչպե՞ս եք պրոադրբեջանական գաղափարներ կրող, բանտում գտնվող հայ մարդկանց խոշտանգման կոչեր անող մարդուն քննարկման հրավիրում:
– Մի րոպե, ինչո՞ւ եք մի քանի հարց խառնում իրար: Գյումրու ընտրությունների հետ կապված միջոցառում ենք ունեցել, որին հրավիրված են եղել բոլոր ընդդիմադիր կուսակցությունները, արձագանքել է Վարդան Ղուկասյանը:
– Բայց այդ տեսակին, փաստորեն, համարում եք քաղաքական գործիչ, գործոն եք դարձնում:
– Բոլորին հրավիրել էինք, մասնակցել է Վարդան Ղուկասյանը:
– Բոլորը քաղաքական գործիչներ են, իսկ նա ԱՄՆ-ում ապրող շանտաժիստ է ընդամենը:
– Եթե մասնակցում է ընտրություններին, ես ի՞նչ անեի, ասեի` մի՞ մասնակցիր: Մի քանի հարց իրար եք խառնում, Ձեր մոտեցումը սխալ է: Ես Գյումրիում բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրել էի քննարկման, մյուսները չեն մասնակցել, Վարդան Ղուկասյանը մասնակցել է:
– Հրավիրել էիք ադրբեջանական շահեր սպասարկողին:
– Դա իմ խնդիրը չէ, թե ում շահերն է սպասարկում, դա իրավապահների խնդիրն է: Դա Ձեր որակումն է, ես չեմ անի նման պնդում:
– Ինչո՞ւ Ձեր խնդիրը չէ` ողջ օրը գերիներին ոչնչացնելու կոչեր է անում, քի՞չ է:
– Նորից կասեմ՝ քննարկումը վերաբերել է Գյումրու ընտրություններին, եթե Ձեր նշած թեման քննարկվեր, ես այլ կեցվածք կորդեգրեի: Ես չեմ կարող կուսակցությունների միջեւ խտրականություն դնել:
– Այդ դեպքում ՔՊ-ին էլ հրավիրեիք:
– Հրավերը բաց տեքստով դրված է եղել բոլոր կուսակցությունների համար, առանձին ոչ մի անհատի կամ կուսակցության չեմ հրավիրել:
Բաց մի թողեք
Ինչ է իրական Հայաստանը Փաշինյանի խոսքի ու ճանճի տզզոցի արանքում
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի անունը հայտնի կդառնա մյուս շաբաթ․ Լուսանկար
Պարգևատրված զենքերը հանձնելու նախագիծը մերժվել է և՛ ներսում, և՛ դրսում. ՆԳ նախարարը մնաց միայնակ