14/03/2025

Գերմանիան ու Ֆրանսիան կոչ են անում ստորագրել խաղաղության պայմանագիրը

Լուրն այն մասին, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են խաղաղության համաձայնագրի շուրջ, հույս է ներշնչում։ Նման հայտարարություն են արել Գերմանիայի ԱԳՆ-ից։

«Կոչ ենք անում երկու կողմին ստորագրել խաղաղության համաձայնագիր»,- նշվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել հայտարարությամբ՝ ողջունելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտը։

Այս մասին Մակրոնը գրել է X-ի իր միկրոբլոգում. «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտի մասին հայտարարությունը։ Հիմա այլևս խոչընդոտներ չկան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որը պետք է ճանապարհ հարթի Հարավային Կովկասում կայուն խաղաղության համար»:

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը խաղաղության պայմանագրի բոլոր 17 կետերի վերաբերյալ, հայտնել է Վրաստանի ԱԳՆ-ն։

«Սա պատմական քայլ է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Իրանը ողջունել և բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնությունը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի պայմանների շուրջ համաձայնության ձեռքբերումը անհրաժեշտ և կարևոր քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ»,- հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։