23/12/2024

Սարգիս Գալստյանի «հերոսացման» քարոզչություն` տեղեկատվական «զոնդաժ»

Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը ԿՄԽԿ միջնորդությամբ տիկնոջ հետ տեղափոխվել է Հայաստան, բերման ենթարկվել: Ըստ լրատվամիջոցներից մեկի՝ ապրիլի 3-ին նա կալանավորվել է: Նրան լրտեսության մեղադրանք է առաջադրվել:

Փաստաբանը չգիտի՝ Գալստյանն իրեն առաջադրված մեղադրանքն ընդունու՞մ է, թե՞՝ ոչ, իսկ գործի մասին առայժմ ոչինչ ասել չի կարող՝ հաշվի առնելով մեղադրանքի «նրբությունը»: Այդ գործով մամուլի հետաքրքրվածությունը բացատրելի է. Գալստյանը վեց ամիս ապրել է օկուպացված Ստեփանակերտում եւ մարտի վերջին որոշել, որ տեղափոխվում է Հայաստան:

Բայց Գալստյանի գործով հետաքրքրված լրատվամիջոցը նրան ներկայացնում է որպես առաջին պատերազմի մասնակից, տարբեր պատասխանատու պաշտոններ զբաղեցրած, ճանաչողների կողմից «հայրենասեր» բնութագրվող մարդու, ում դեմ, ինչպես փաստաբանն է ասել, քրեական վարույթ հարուցվել է միայն Հայաստան տեղափոխվելուց հետո: Թե ի՞նչ է դրանով ակնարկվում, այնքան էլ պարզ չէ: Հասկացվում է, որ ԱԱԾ-ն պետք է ավելի վաղ քրեական գործ հարուցեր եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարեր, բայց չի արել:

Անմեղության կանխավարկածը գործում է բոլոր մարդկանց նկատմամբ, եւ Սարգիս Գալստյանն էլ անմեղ է, քանի դեռ նրան ներկայացված մեղադրանքն ապացուցված չէ, չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ: Նրա մարդկային դրաման հուզիչ է: Մարդուն վերագրումներ անելու իրավունք ոչ ոք չունի, բայց չէ՞ որ 2023թ. դեկտեմբերի 22-ին Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Սարգիս Գալստյանը Ստեփանակերտում մնացել է որպես ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, բայց «թե ինչ ֆունկցիաներով, ինչ նպատակով»՝ նման տեղեկության նա չի տիրապետել:

Անցած ամիսներին Ստեփանակերտում մնացած մի քանի անձինք Հայաստան տեղափոխվելու ցանկություն են արտահայտել, ԿՄԽԿ-ն նրանց տարհանումը կազմակերպել է: Եւ տեղեկություն չկա, որ Հայաստանի ԱԱԾ-ն որեւէ մեկին անհանգստացրել է: Ինչու՞ է Սարգիս Գալստյանը հայտնվել ԱԱԾ «թերախում»՝ պարզ կլինի, երբ գործով նախաքննությունն ավարտվի, սկսվի դատաքննություն: Մինչ այդ պետք է ձեռնպահ մնալ ինչպես նրան «դավաճան» բնութագրելու, այնպես էլ՝ «զոհ» ներկայացնելու տեղեկատվա-քարոզչական գայթակղությունից:

Մարդն ունի նաեւ անձնական գաղտնիքի, իր եւ հարազատների դեմ ցուցմունք չտալու իրավունք, բայց պետությունն էլ պարտավոր է պարզել Ստեփանակերտում մնալու, ապա Հայաստան տեղափոխվելու որոշման շարժառիթները: Մինչդեռ տպավորություն է, թե արդեն իսկ քարոզչություն է խմորվում, որ Սարգիս Գալստանը «հետապնդվում է»: Վաղն էլ, հնարավոր է, որոշակի շրջանակներ նրան ներկայացնեն որպես «շքանշանի արժանի» մարդու:

Իրականությունը, հավանաբար, ավելի բազմաշերտ է: Եւ «ցնցող բացահայտումներ» չեն լինի: Սարգիս Գալստյանի «հերոսացման» քարոզչությունն էլ, երեւի, տեղեկատվական «զոնդաժ» է. փորձ է արվում հասկանալ, թե այդ հարցում պատկան մարմինները, իշխանությունը որքանո՞վ հետեւողական կլինեն եւ ի՞նչ պարզելու նպատակ են դրել: