Ալյասկայում ռուս-ամերիկյան գագաթաժողովի նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյուտեն Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որ, ինչպես «Անադոլու» գործակալությունն է հավաստում, կայացել է առաջինի «նախաձեռնությամբ»:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի վարչության տեղեկագրմամբ՝ կողմերը քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի «հետ կապված վերջին իրադարձությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրներ»:
Թուրքիայի նախագահը կարևորել է Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունները, որոնց արդյունքով «մարդասիրական խնդիրների առումով առաջընթաց է արձանագրվել»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը «գնահատել է Ալյասկայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հանդիպման նախօրեին Ուկրաինայում առկա իրավիճակը»: Իր հերթին Էրդողանն ասել է, որ Թուրքիան ուշադրությամբ կհետևի Ալյասկայում կայանալիք բանակցություններին:
Թրամփ-Պուտին գագաթաժողովի մասին Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել է օգոստոսի 8-ին՝ Սպիտակ տանը Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ընթացքում:
Մինչ այդ Էրդողանը մեծ վստահությամբ հայտարարել է, որ ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներն ամենամոտ ապագայում կհանդիպեն Ստամբուլում:
Թրամփը և Պուտինը հանդիպում են Ալյասկայում: Բանակցություններում որոշակի առաջընթացի դեպքում, ինչպես ԱՄՆ նախագահն է ասել, հաջորդ գագաթաժողովը կկայանա արդեն Ռուսաստանում: Կարելի է վստահաբար ասել, որ ռուս-ուկրաինական բանակցությունների ստամբուլյան հարթակն այլևս պահանջված չէ:
Դա Էրդողանի համար չափազանց ծանր կորուստ է մի քանի առումներով: Նախ, Թուրքիան ուկրաինական կարգավորումից հազիվ թե աշխարհաքաղաքական նշանակության որևէ շահ ստանա:
Երկրորդ, միջազգայնորեն բացահայտվում է, որ Էրդողանը ոչ միայն Դոնալդ Թրամփի, այլև Վլադիմիր Պուտինի «քաշային մակարդակի խաղացող» չէ: Երրորդ՝ հասկացվում է, որ թե ԱՄՆ-ը, թե Ռուսաստանը Թուրքիան անգամ տարածաշրջանային տերություն չեն ճանաչում:
Չորրորդ, որ, թերևս, ամենակարևորն է՝ հեռանկարային է դառնում, որ Թրամփը և Պուտինը կարող են շրջանցել Էրդողանին և Մերձավոր Արևելքի ու Հարավային Կովկաս-Կասպյան ավազան-Կենտրոնական Ասիա հիպերտարածաշրջանի «հսկողության» հարցերում հասնել Թուրքիայի համար անհաղթահարելի պայմանավորվածությունների:
Այս համատեքստում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հեռախոսազանգն Էրդողանին կարելի է որակել «սփոփանք». Ռյուտեն, ըստ երևույթին, լիազորված է եղել Թուրքիայի նախագահին հավաստիացնել, որ նա մնում է «գործընթացների մասնակից»:
Բայց Էրդողանը քաղաքական պրոֆան չէ, ուստի հակադարձել է, որ «ուշադրությամբ կհետևի Ալյասկայի բանակցություններին»:
Սյունիքում «Թրամփի կամրջի» նախագիծը, ըստ էության, շատ որոշակիորեն արգելափակում է «Թուրանի ճանապարհը»: Իսկ դա նշանակում է Ադրբեջանում Թուրքիայի ազդեցության շոշափելի թուլացում, չխոսանք արդեն Կենտրոնական Ասիայի մասին: Թուրքական գործոնի գերակտիվացումը սպառնալիք է Ռուսաստանին և Իրանին, բայց ավելի առարկայական՝ ՆԱՏՕ-ին, որովհետև տնտեսա-հաղրդակցային ինտեգրացիային պետք է հաջորդի «Թուրանի բանակի» ֆորմալացում՝ ներառնելով նաև միջուկային երկիր Պակիստանին:
Եվ վերջնականապես դժվար է կողմնորոշվել՝ Ռյուտեն Էրդողանին սփոփե՞լ է, թե՞ զսպվածության կոչել:
Բաց մի թողեք
Փեզեշքիանը Հայաստան և Բելառուս այցերին ընդառաջ նախանշել է Իրանի առաջնահերթությունները
Պատրաստ ենք շարունակել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, քանի դեռ Ուկրաինայում չի դադարեցվել արյունահեղությունը․ եվրոպական առաջնորդների հայտարարությունը
Թուրքիան ընկղմվում է նոր պատերազմի մեջ, ինչ սպասել տարածաշրջանում՝ մեզ համար