25/08/2025

ԱՄՆ-ն ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Քի Վեսթ հրավիրել

ՌԴ և ԱՄՆ նախագահների Բիլ Քլինթոնի և Վլադիմիր Պուտինի Մոսկվայում 2000 թվականի հունիսի 4-ի բանակցությունների սղագրության գաղտնազերծմանը, որի մի հատվածը ԼՂ կարգավորման մասին է:

Ըստ այդմ, երկխոսության մեկնարկին ԱՄՆ նախագահն առաջարկում է օրակարգում ընդգրկել նաև ղարաբաղյան կարգավորման հարցը: Ի՞նչ հիմնավորումներ է բերում Քլինթոնը՝ ներկայացված են, բայց դա չէ էականը:

Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Պուտինը չափազանց կարևոր դիտարկում է անում: Ըստ Պուտինի, մեկ ամիս առաջ Մինսկում նախագահ Քոչարյանը խնդրել է «չշարունակել առաջ մղել գործընթացը, նա կարծում է, որ կարգավորման ժամանակը կարող է գալ ավելի ուշ»:

Պուտինը Քլինթոնին առաջարկում է այդ հարցում վստահել Քոչարյանին, «քանի որ նա մեզանից լավ գիտի իրավիճակը»:

Այնուհետև Ռուսաստանի նախագահը բացահայտում է Հայաստանի ներքաղաքական կյանքին իր լավատեղյակությունը: «Կառավարությունում բազմաթիվ փոփոխությունների արդյունքում, որոնք ձեռք բերվեցին մեծ դժվարությամբ, նրա (Ռոբերտ Քոչարյանի) դիրքերը, կարծես թե, բարելավվել են:

Չնայած դրան՝ նախագահ Քոչարյանը ցանկանում է դադար վերցնել գործընթացում և, կարծում եմ, որ մենք պետք է հարգենք դա»:

Հայստանի կառավարությունում Քոչարյանի իրականացրած «բազմաթիվ փոփոխություններ» ասելիս Պուտինն ակնհայտորեն նկատի է ունենում վարչապետի պաշտոնից Արամ Սարգսյանի հեռացումը, իսկ դրանք «մեծ դժվարությամբ ձեռք բերվելու» մասին հիշատակումը թույլ է տալիս ենթադրել, որ նա ԱՄՆ նախագահին հասկացնում է, որ ինքն այդ հարցերում Քոչարյանին աջակցել է:

Վստահաբար կարելի է ասել, որ դրանից մեկ ամիս առաջ Պուտինը Քոչարյանին տեղյակ է պահել Քլինթոնի այցի և այդ ընթացքում ԼՂ կարգավորման թեմային անդրադառնալու հավանականության մասին:

Խնդիրն այն է, թե որքանո՞վ է Պուտինը Քլինթոնի հետ անկեղծ գտնվել, երբ ասել է, որ «նախագահ Քոչարյանը ցանկանում է դադար վերցնել գործընթացում» և կարծում է, որ «կարգավորման ժամանակը կարող է գալ ավելի ուշ»:

Կարգավորման այդ տարբերակի վրա Ռոբերտ Քոչարյանը հսկայական ջանքեր էր թափել, այն «սուվերեն միջանցքների փոխանակման» սկզբունքով իրականացնելու դեպքում նա պատմության մեջ կմնար ռազմական հաղթանակն Ադրբեջանին պարտադրած նախագահի ընդմիշտ պաշտելի կերպարով և շատ դժվար է հավատալ, թե նա այդ հնարավորությունը կարող էր թողնել ապագային:

Ավելի շուտ կայուն տպավորություն է, որ Վլադիմիր Պուտինը նրան «խնդրել է դադար վերցնել», որովհետեւ եթե հայ-ադրբեջանական համաձայնությունը կայանար ԱՄՆ միջնորդությամբ, նրա հովանու ներքո, ապա Ռուսաստանը Հարավային Կովկասից կհեռանար արդեն 2001-2002 թվականին:

Մեծ հաշվով ստացվում է, որ Ռոբերտ Քոչարյանը Պուտինի «խնդրանքը հարգել է», իսկ փոխարենը՝ կառավարությունում ամրապնդել դիրքերը: Արտառոցն այն է, թե այս խոսակցությունից հետո ԱՄՆ-ն ինչո՞ւ է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին Քի Վեսթ հրավիրել:

Մանավանդ որ 2001 թվականի հունվարի 6-ին Պուտինն այցելել էր Ադրբեջան և Հեյդար Ալիևի հետ ստորագրել ռազմավարական գործընկերության մասին Բաքվի հռչակագիրը: