27/08/2025

Բայրամովը հայտնել է Մինսկի խմբի և դրան կից կառույցների լուծարման որոշման օրը ու ակնկալիքները Հայաստանից

ԵԱՀԿ Մինսկի խումբը և կից կառույցները լուծարելու որոշումը սպասվում է սեպտեմբերի 1-ին։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ մեկնաբանելով Իլհամ Ալիևի վաշինգտոնյան այցը։

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, ստորագրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի համատեղ Հռչակագիրը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ստորագրել էին ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացում Թուրքիայի դերի մասին խոսել է նախարարների կաբինետի հատուկ նիստում, որը նվիրված էր նախագահ Իլհամ Ալիևի Վաշինգտոն կատարած այցին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: «Թուրքիան միջազգային մակարդակով աջակցել է Ադրբեջանի արդարացի դիրքորոշմանը, գործընթացի ընթացքում համակարգված և համաժամեցված քայլերը դրական ներդրում են ունեցել։

Թուրքիայի ակտիվ դիրքորոշումը կարևոր դեր է խաղացել կայունության ապահովման գործում։

Իր հերթին, մենք նույնպես պարբերաբար տեղեկացնում ենք թուրքական կողմին ձեռնարկված միջոցառումների մասին և համատեղ քայլեր ենք ձեռնարկում կայուն խաղաղության ուղղությամբ», – ասել է Բայրամովը։

Մինչև այս տարվա հունվարի վերջը Հայաստանը հրաժարվում էր ընդունել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի մի շարք դրույթներ։ Մասնավորապես, դա վերաբերում էր ընդհանուր սահմանին երրորդ երկրների ուժերի տեղակայման կանխարգելմանը և դատական ​​հայցերի հետկանչմանը։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Ադրբեջանի նախագահի ԱՄՆ կատարած այցի արդյունքներին նվիրված կառավարության հատուկ նիստում, փոխանցում են տեղի ԶԼՄ-ները:

Արտգործնախարարի խոսքով՝ իրավիճակը փոխվել է ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո։ «Մասնավորապես, Հայաստանը չի ընդունել դատարաններից դատական ​​հայցերի հետկանչման և սահմանին երրորդ ուժերի տեղակայման կանխարգելման վերաբերյալ դրույթները։

ԱՄՆ կատարած այցի ընթացքում Դոնալդ Թրամփի ներկայությամբ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից ստորագրված համատեղ հռչակագիրը հաստատում է Ադրբեջանի օրակարգը՝ խաղաղության հաստատման վերաբերյալ», – ընդգծել է Բայրամովը։

Նա հավելել է, որ «Բաքուն ակնկալում է, որ Երևանը կփոփոխի Հայաստանի սահմանադրությունը և ամբողջությամբ կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները՝ խաղաղության պայմանագիր կնքելու համար»։