08/09/2025

Պուտինը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «խնդիրներ կան»

Պեկինի Տյանանմեն հրապարակում կազմակերպված զորահանդեսը Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների կատարմամբ փաստացի վերածվեց «միլիտարիստական Ճապոնիայի ջախջախման» տարեդարձի տոնախմբության:

Պեկինի աշխարհաքաղաքական «ճաշկերույթի մանանեխը» բացահայտել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան: Նա Ուկրաինայի համար ենթադրաբար համաձայնացվող անվտանգության երաշխիքներն անվանել է «համաեվրոպական սպառնալիք»:

Օգոստոսի 15-ի Անքորիջի Թրամփ-Պուտին բանակցություններից հետո քաղաքական և փորձագիտական կանխատեսումները կառուցվում էին ԱՄՆ նախագահի հավաստիացման վրա, որ Պուտինը դեմ չէ Ուկրաինային անվտանգության երաշխիքների տրամադրմանը, իսկ տարածքների հարցում «ճկունություն է դրսևորում»:

Մոսկվան սեպտեմբերի չորսին Ուկրաինային անվտանգության երաշխիքները համարում է «բացարձակապես անընդունելի»: Ընդ որում, այդ մասին հայտարարվում է Փարիզում Ուկրաինայի նախագահի, եվրոպական առաջնորդների և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հանդիպմանն ընդառաջ, երբ հայտնի է, որ ԱՄՆ նախագահը նրանց հետ հեռախոսազրույց կունենա:

Կրեմլն, այդպիսով չեղարկում է Անքորիջի Թրամփ-Պուտին հիմնարար պայմանավորվածությունը, որ ըստ էության մի բան էր նշանակում. աշխարհի գլոբալ վերաբաժանում չի լինի, Արևմուտք-Ռուսաստան «հաշտությունը լոկալիզացվում է Ուկրաինայում»:

Պուտինը վերադառնում է 2021 թվականի տարեվերջի պահանջին՝ «Յալթա-2»:

Ըստ երևույթին, Չինաստանում անցկացրած չորս օրերը նրան բերել են համոզման, որ «Գլոբալ հարավն» իր հետ է: Պուտինի չինական «թեյախմությունը» կվտանգի՞ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնությունները: Մոտ չորս ամիս տեւող լարվածությունից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի նախագահը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև «խնդիրներ կան»: