Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ահազանգում է, որ Ադրբեջանում շարունակում են հավաքագրել, այսպես կոչված, փախստականների՝ Հայաստան բնակության տեղափոխելու համար:
«Ադրբեջանում պաշտոնապես հայտարարել են, որ արդեն ավարտել են Հայաստան բնակության գալու համար 100. 000-ից ավելի, այսպես կոչված, «արեւմտյան ադրբեջանցիների» գրանցումը, եւ գրանցումը շարունակվում է։
Այսինքն` ադրբեջանական իշխանությունը նույնկերպ շարունակում է առաջ տանել «Արեւմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի անվան տակ ենթադրվում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը։ Այս ծրագրի վերջնական նպատակն է Հայաստանում ժողովրդագրական պատկերի կտրուկ փոփոխությունը եւ Հայաստանի ամբողջական զավթմանը հասնելը։
Ընդ որում, ըստ պաշտոնական տվյալների` օրական 250-300 հոգի մոտենում է «Արեւմտյան Ադրբեջան» կազմակերպության գրասենյակ եւ ցանկություն հայտնում՝ կամավոր գրանցվել։ Առավել վտանգն այն է, որ գրանցում են ոչ միայն 1988-1991 թթ. Հայաստանից գնացածներին, այլ նաեւ դրանից առաջ «տեղահանվածների» ժառանգներին։
Սա հերթական ապացույցն է, որ ադրբեջանական իշխանությունը նպատակ չունի դադարեցնել Հայաստանը զավթելու քաղաքականությունը, եւ դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ-ում կա իշխանություն, որը քաղաքական իշխանության մնալը պետական շահերից վեր է դասում, քանի դեռ Հայաստանում հաստատված են անձնիշխանություն եւ կուսակցապետություն։
Հիշեցնեմ, որ ադրբեջանական իշխանությունը շարունակում է տրամադրել ID-ներ (ապագա անձնագրեր), որտեղ նշված է անձի ծագման վայրը (բնօրրանը)՝ «Արեւմտյան Ադրբեջան», եւ Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մեկը: Կից այդպիսի վկայականներից եւս մեկը»,- գրել է Թաթոյանը;
«Հրապարակի» զրուցակից՝ քաղաքագետ Արա Պողոսյանը, սակայն, կարծում է, որ սա ավելի շատ մեզ վրա ճնշում գործադրելու գործիք է։ «Նպատակը հետեւյալն է․ դուք փակում եք Ղարաբաղի հարցը, մենք փակում ենք այս հարցը: Քանի դեռ չեք փակել Ղարաբաղի հարցը, այս հարցն ակտուալ է լինելու»,- նշում է Պողոսյանը։
Դե իսկ ՀՀ այս իշխանություններին առիթ է պետք՝ Արցախի կորստի հետ չհաշտված հայությանը ճնշելու, իսկ ճնշելու է այսպես․ քանի դեռ դուք խոսում եք Արցախից, նրանք փախստականներից են խոսելու, դուք զբաղվում եք հակապետական գործունեությամբ։
«Այսինքն, դուք խոսում եք այս թեմայի մասին, իսկ դա Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին դեմ է, հետեւաբար՝ ձեր դեմ կլինի գործողություն, որովհետեւ դուք այդ հարցը բարձրացնում եք, նրանք էլ անալոգիայով բարձրացնում են մյուս հարցը»,- նկատեց քաղաքագետը։
Մեր դիտարկմանը, թե երկու կողմն էլ փորձում է մոռացության մատնել Ադրբեջանից բռնագաղթած 650 հազար հայերի, Արցախից բռնագաղթած 150 հազար հայերի հանգամանքը, Պողոսյանը նկատեց, որ մեր արտաքին քաղաքականության ամենամեծ բացերից մեկը երեւի այն էր, որ թույլ տվեցին, որ Արցախի եւ, այսպես կոչված, Արեւմտյան Ադրբեջանի խնդիրները նույն հարթության վրա դիտարկվեն:
«Այն դեպքում, որ Հայաստանից գնացած ադրբեջանցիների հարցն անալոգիա ունի Բաքվից, Սումգայիթից տեղահանվածների հետ, ոչ թե Արցախի։ Արցախի հարցը բացարձակ ուրիշ, դրանց հետ կապ չունեցող հարց է։ Հիմա իրենք հասել են դրան, որ այս երկու հարցերը՝ Արցախի հարցն ու այստեղից հեռացած ադրբեջանցիների հարցը դարձրել են անալոգային։ Իրենք դա պահում են օրակարգում եւ օրակարգից չեն հանելու, որովհետեւ դա ճնշման գործիք է, եւ որ պահին մենք միջազգային որեւէ հարթակում, որպես Հայաստանի Հանրապետություն, փորձենք հետապնդել Արցախի խնդիրը, իրենք այդ խնդիրը նորից կսկսեն արծարծել ամենատարբեր հարթակներում»,- շեշտեց քաղաքագետը։
Արդյո՞ք ՀՀ ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունը եւ դրանց արդյունքները Հայաստանի ու հայ ժողովրդի համար անդառնալի են լինելու․ Պողոսյանն ասաց, որ այդպիսի պատմական նախադեպ չկա, որն անշրջելի լինի, որ որեւէ քաղաքական գործընթաց լինի անշրջելի` միշտ հնարավոր են փոփոխություններ: «Ես հիմա հիշեցի 1996 կամ 1997 թվականին Հեյդար Ալիեւի ելույթն Ադրբեջանի Մեջլիսում, որտեղ ասում էր, որ Ղարաբաղի հարցն իրենց համար փակ է։
Իրենք էլ այդ պահին գուցե համարում էին, որ այդ էջը փակ է, իրենց պետք էր առավելագույնը ստանալ յոթ շրջանները։ Հիշենք, թե ինչպես էին իսպանացիները Պիրենեյան թերակղզին մուսուլմաններից մաքրում` ուղիղ յոթ դար տեւեց դա՝ 722 թվականից մինչեւ 1490-ականներ, երբ վերջնական մաքրեցին մուսուլմանական էլեմենտներից»,- ասաց Պողոսյանը։
Նա շեշտեց, որ պետք է սահմանել ազգային նպատակ, որի մասին ոչ թե կենաց են բարձրացնում, այլ որի ուղղությամբ լուռ աշխատում են։
Բաց մի թողեք
Ինչի՞ մինչև հիմա չէի պատմում. ուղղակի դու ոչ մեկին մեծ հաշվով պետք չես. Սիմոնյան
Օվերչուկի նուրբ ակնարկը
Ես գիտեմ ուր եմ եկել, ինչի եմ եկել, որն է իմ առաքելությունը, գնալու եմ մինչև վերջ. Եղիշե Մելիքյան