09/11/2025

Քաղաքական ուժերն իրենց տնային աշխատանքներն ամբողջացնելու գործընթացում են․ Դավիթ Անանյան

Հրապարակ թերթի հարցազրույցը ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի հետ։

– Օգոստոսի 8-ից հետո պարզ դարձավ, որ իշխանությունը նախընտրական օրակարգում պահելու է խաղաղության թեման, թմբկահարելով խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Վաշինգտոնում: Ասելու են` մենք խաղաղություն ենք բերում, իսկ ովքեր դեմ են` պատերազմ են ուզում։ Ձեր կարծիքով ընդդիմությանը հաջողվո՞ւմ է իշխանության օրակարգին այլընտրանք առաջարկել։

– Ընդդիմության այլընտրանքը պետք է լինի կոնկրետ անելիքների օրակարգ։ Եթե, օրինակ, ՔՊ-ն սեպտեմբերի 20-ի համագումարին պետք է հայտարարի իր Իրական Հայաստանի կոնցեպտի տեսլականը, ապա ընդդիմությունը պետք է նվիրական երկրի մասին իր կոնցեպտը հակադրի։ Իրենք ի՞նչ են ասում, ասում են, որ մարդ պետք է բավարարի իր կենսական պահանջները՝ լավ ապրի, լավ ուտի, լավ քնի եւ ընդհանրապես անհոգ լինի, երաժշտություն լսի, փառատոների մասնակցի, այսինքն՝ իրենց քարոզը կենցաղային մարդ պատրաստելն է։

– Փորը կուշտ` առանց գաղափարների։

– Այո։ Իմ կարծիքով իրենց ասածին պետք է հակադրվի կարեւոր մի բան, որ գիտեք` ժողովուրդ ջան, մարդն անասունից տարբերվում է նրանով, որ իր սպառողական զամբյուղի մեջ բացի  նյութական եւ կենցաղային պահանջներից, պետք է ունենա նաեւ հոգեւոր եւ մշակութային պահանջների բավարարում, հետեւաբար եկեք միասին ձեւավորենք այդ զամբյուղը եւ պայմանավորվենք, որ զամբյուղի պարունակությունը նույնիսկ կարելի է արարել եւ սփռել աշխարհով մեկ։ Այ, սա է պետք ասել։ Եթե իրենք խոսում են Իրական Հայաստանի քաղաքացու մասին, ապա ես կխոսեի Ապագայի Հայաստանի քաղաքացու մասին, ապագայի մարդու կամ կոստանզարյանական՝ արարատյան մարդու մասին, այն մարդու, որը գիտակցում է իր ծագումնաբանությունը, այն մարդու, որն ունի պատմական հիշողություն, մարդ, որ իր կենսատարածքի մեջ ունի պատկերացում իր գլխում, որն աշխարհագրական որեւէ ցանկապատով հնարավոր չէ ցանկապատել, ինքը գիտի իր հավիտենականության մասին, վստահ է դրանում: Այդպիսի մարդ պետք է ունենալ եւ պետությունն էլ պետք է ծառայի նման մարդու պահանջմունքները բավարարելուն։ Ով կասի, որ մենք խաղաղություն չենք ուզի, միայն հիվանդ մարդը եւ մտավոր հետամնացը կարող է մտածել պատերազմի, ոչ թե խաղաղության մասին։ Բայց պետք է հստակ իմանալ՝ եթե ուզում ես խաղաղ ապրել, դու պետք է լինես հզոր` մտքով, բազկով, գաղափարով եւ ընդհանրապես քո տարածաշրջանային, համամարդկային գաղափարախոսությամբ։

– Իշխանության Իրական Հայաստանի կոնցեպտում քաղաքացին պետք է մոռանա Արցախի մասին, Արցախն անգամ պատմական հայրենիք էլ չի ներկայացվում։ Եթե որեւէ ընդդիմադիր գործիչ, միավոր գա ու ասի` Արցախը վերադարձնելու ենք, կարժանանա՞ հանրության աջակցությանը, իրենք հենց դրա համար են չէ՞ մանիպուլացնում, թե` պատերազմ է ուզում ընդդիմությունը։

– Ով կգա ու կասի Արցախը վերադարձնելու ենք, առնվազն ազնիվ չէ իր ժողովրդի հետ, ոչ մեկ չի կարող նման բան ասել, որովհետեւ Արցախը վերադարձնելը նույն բանն է, ոնց որ մենք հիմա խոսենք Տարոն աշխարհի վերադարձնելու մասին։ Բայց մենք պարտավոր ենք արցախահայության իրավունքների մասին խոսել, եւ այդ իրավունքներն առնվազն երկու  կտրվածքով պետք է պաշտպանվեն, առաջինը՝ Հայաստանում արժանապատիվ եւ հիմնարար իրավունքների առումով, որովհետեւ Հայաստանը արցախահայության մայր հայրենիքն է, ինչպես նաեւ՝ պետք է խոսենք արցախահայության համամարդկային, հիմնարար, իր բնօրրան վերադառնալու իրավունքի մասին՝ միջազգային երաշխիքների ներքո: Դա չի նշանակում, որ տեսանելի ապագայում հնարավոր է, բայց դա պետք է ներկայացնել, պետք է միջազգային հարթակներում խոսել այդ մասին։ Այո, խաղաղություն, բայց ինչպիսի՞ խաղաղություն, խաղաղության որակի մասին է պետք խոսել ժողովրդի հետ։ Փաշինյանն ասում է՝ ով կգա ու կասի, որ չի ընդունում մեր բանակցությունները, պայմանագիրը, ուրեմն նա ուզում է պատերազմ, նա պրիմիտիվացնելու մեծ վարպետ է եւ շատ լավ գիտի ժողովուրդն արագ է ընկալում նման բան, ինքը գիտի ինչպես խոսել: Բայց մնացածը՝ գիտնականի խոսքերով, բարդ ստորադասական նախադասություններով, պետք է փոխեն իրենց խոսույթը։ Պետք է ասել՝ այո, ժողովուրդ ջան, մենք էլ ենք ասում խաղաղություն, բայց մի բան է երբ այդ մասին ասում է պարտության սիմվոլը, մեկ այլ բան, որ ասում է քաղաքական ուժ, որն ունի հնարավորություններ եւ սկզբնակետից ձեզ առաջնորդելու կամք ու կարողություն։

– Վաշինգտոնյան համաձայնագրի մասին ընդդիմությունն ասում է, որ կապիտուլացիայի մասին է այդ փաստաթուղթը, բայց չեն ասում՝ չեղարկելո՞ւ են այն` եթե գան իշխանության, ինչ են անելու:

– Իշխանությունն օր օրի այնպիսի իրավիճակներ է ստեղծում, որոնք ապագայում շտկելու առումով շատ ավելի մեծ ջանքեր է պահանջվելու, հետեւաբար եթե «Խաղաղության խաչմերուկ» կոնցեպտը վարչապետը տարբեր տեղերում ներկայացնում է, վերջերս էլ Շանհայի համագործակցության կազմակերպության լիագումար նիստերին էլ ներկայացրեց եւ դա կապեց «Մեկ ուղի, մեկ գոտի» չինական պրոյեկտի հետ, չէ՞ որ Չինաստանի նախագահը ողջունեց այդ պրոյեկտ, ասաց՝ կարեւոր է, որովհետեւ միջին միջանցքի հետ կապված կապ տեսավ։ Միջազգային հարթակներում տեղի են ունենում իրադարձություններ եւ տրվում են գնահատականներ, որոնց հետ արդեն` չլինելով  համաձայն Խաղաղության խաչմերուկի հետ, պարտավոր ենք հաշվի նստել։ ԱՄՆ նախագահի հետ արդեն ստորագրվել է փաստաթուղթ, մենք չենք կարող դա հաշվի չառնել, որովհետեւ ԱՄՆ նախագահի բարձր հովանու ներքո ստորագրված փաստաթուղթ է։ Պետք է ընդունել այդ իրողություններն արդեն տեղի ունեցած փաստ եւ փորձենք որեւէ կերպ շտկել։ Օրինակ, Թրամփի ուղու դեպքում պետք է գոնե բնական դաշնակիցների շահերը բերենք, հաշվեկշռենք մեր տարածաշրջանում, որովհետեւ արդեն այլընտրանք չունենք, իսկ Չինաստանի հետ սկսենք նոր օրակարգ եւ վերադառնանք դեռեւս 10 տարի առաջ Չինաստանի  կառավարության հետ ընթացող բանակցություններին, որտեղ Չինաստանը կարող էր մասնակցել Հայաստանի Հյուսիս-հարավի կառուցմանը, կամ խաչմերուկներրի ձեւավորմանը, երկաթգծերի կառուցմանը։ Այսինքն, միշտ կարելի է որեւէ հանգուցային կետից սկսել շատ ավելի արդյունավետ հանգուցալուծում: Ցավոք սրտի, ամեն մի այսպիսի արկածախնդրություն մեզ տանում է անորոշությունների հերթական կետը, բայց այդ կետից էլ միշտ կարելի է սկսել նոր կյանք, նոր բանակցություն, նոր հնարավորություն։ Եւ արդեն մենք չենք կարող Խաղաղության խաչմերուկի մասին ասել, որ դա ապուշություն է եւ չենք կարող  Թրամփի հովանու ներքո նախաստորագրված փաստաթղթին գնահատականներ տալ եւ այլն։ Նույնն էր, որ 20 թվականի պատերազմից հետո նոյեմբերի 9-ի փաստաթղթի վերաբերյալ քաղաքական ուժերը խոսում էին այն տեսանկյունից, որ դա արդեն ընդունված իրողություն է։

– Դուք տեսնո՞ւմ եք հիմա այդպիսի քաղաքական ուժ, որը իրապես կջախջախի իշխանական թեզերը` իր այլընտրանքային օրակարգով։

– Ես կարծում եմ, որ այդպիսի քաղաքական ուժեր շատ մոտ ապագայում իրենց անոնսներն անելու են եւ կարծում եմ, որ այդպիսի քաղաքական ուժերն իրենց տնային աշխատանքներն ամբողջացնելու գործընթացում են։ Տա Աստված, որ իրենք կարողանան լիարժեք իրական այլընտրանք ներկայացնել։ Շատ դժվար է․ ամեն ինչ զիջող Նիկոլ Փաշինյանին ուզում ես փոխարինել մեկ այլ անձով, որը շատ ավելի հայամետ է լինելու։ Պատկերացնո՞ւմ եք` Արեւմուտքում կամ Ռուսաստանում, առհասարակ՝ միջազգային այն խաղացողները, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը միշտ զիջի եւ Ադրբեջանին նախապատվություն տվողները հիմա պետք է ատամներով պաշտպանեն Փաշինյանին։ Մենք թերագնահատում ենք Նիկոլ Փաշինյանին եւ դա է մեր ամենամեծ սխալը՝ բոլոր այն մարդկանց եւ ուժերի: Պետք է դադարեցնել Փաշինյանին քննադատելը, դադարեցնել ասել՝ սա է, նա է, հիմա այլընտրանք չունի․․․  ինքը շատ լավ էլ ունի, ինքն ունի օրակարգ եւ կարելի է ասել միակ օրակարգ թելադրողն է։