Արցախում երկու տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների շուրջ հրապարակումների, անհատական գրառումների և մեկնաբանությունների պակաս այս օրերին չկա:
Գրում, տեսակետ են արտահայտում, վարկածներ են առաջադրում նույնիսկ նրանք, որոնք երբեք Արցախում չեն եղել, նրա ռազմաքաղաքական ղեկավարության մասին միայն լսել են:
Այդ հրապարակումներն ինչո՞ւ են արվում, դրանք, այսպես ասած, զուտ մասնագիտական մղումների՞ արդյունք են, թե քաղաքական նպատակ են հետապնդում:
Բոլոր հետաքննողների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ՝ պետք է ընդունել, որ ոչ միայն քաղաքագիտական, այլև պատմա-վավերագրական ուսումնասիրության համար հրապարակի վրա փաստական բավարար նյութեր չկան:
Կարելի՞ է հավատ ընծայել հրապարակումներին, եթե դրանք արված են մեկ աղբյուրի տրամադրած տեղեկատվության հիման վրա: Իհարկե՝ ոչ, որովհետև նույնիսկ լրագրողական հետաքննությունն է անվստահելի, եթե չկա երկրորդ-երրորդ կողմի տեսակետը, հիմնավորումը, հակափաստարկումը:
Բանը հասել է նողկանք հարուցող հրապարակումների՝ ինչ-որ մեկը «հետաքննությունն է անցկացրել», թե Երևանում ինչպե՞ս են ապրում Արցախի նախկին նախագահների կանայք, իսկ նրանք, բնականաբար, չեն կարող արձագանքել, որպեսզի իրենց ամուսիններին չվնասեն:
Առկա իրավիճակում, թվում է, կամ հարցի շուրջ հրապարակումներ չպետք է արվեն այլևս, որովհետև շրջանառության դրված նյութերը ոչ թե հարցերի պատասխան են տալիս, այլ ծնում են շա՜տ հեռու գնացող կասկածներ, կամ ամեն ոք պետք է հանրայնացնի իր ունեցած տեղեկությունները:
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավորը, օրինակ, սեպտեմբերի 20-ին ֆեյսբուքյան գրառում է արել, որ Արցախը «բոլորից լքված և դավաճանված էր»: «Բոլորն» ովքե՞ր են: Դաշնակցության հայտնի գործիչներից մեկն ամիսներ առաջ ԱԺ-ում հայտարարել է, որ Արցախում «պատվո ճակատամարտ է տրվել»:
Ո՞վ, ինչո՞ւ և ի՞նչ երաշխիքներով չի ծրագրավորել պատվո ճակատամարտը:
Բաց մի թողեք
Ադրբեջանը ոչ մի ապացույց չունի Ռուբեն Վարդանյանի դեմ․ Free Armenian Prisoners
Ի՞նչ կա կեղծելու, երբ կարելի է գործել «թավշյա հեղափոխության» վճռականությամբ
Պաղեստինի ժամանակավոր կառավարումը վերապահվել է Մեծ Բրիտանիային