15/10/2025

ՊԲ-ն իր տարածքում պաշտպանությունն ապահովել է, հասցրել Փաշինյանին

«Խաղաղության» մեջ ապրող «իրական Հայաստանում» պատերազմի մասին խոսակցությունները մեր առօրյայի անբաժան մաս են դարձել: Հավանաբար, սա է պատճառը, որ իշխանությունների կողմից այսքան չարչրկված ու թմբկահարված զեկույցը՝ 44-օրյա պատերազմի հանգամանքների վերաբերյալ, խորհրդարանը չի լսի:

Հրապարակ թերթը գրել է․ Ալեն Սիմոնյանը նախօրեին հայտարարեց, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ներառելու իրավական հիմք չկա: «Մամուլում տեղ գտած տեղեկությունները, թե ինչ-որ միտում կա դա չհրապարակելու, սխալ է: Սա ոչ թե հրապարակել-չհրապարակելու մասին է, այլ հրապարակելու ձեւի մասին է։ Այնուամենայնիվ, զեկույցը հրապարակվելու է, չի կարող չհրապարակվել, այլ հարց է, թե դա ինչ ֆորմատով կարվի։ Եթե անգամ դա մտներ ԱԺ լիագումար նիստ, միեւնույն է՝ լինելու էր փակ ֆորմատով: Սակայն այդ զեկույցը չի կարող մտնել օրակարգ, բոլոր իրավաբանական ձեւակերպումները դրա մասին են խոսում»,- ասաց Սիմոնյանը:

Անդրանիկ Քոչարյանի ժամկետանց զեկույցը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չտանելը, վստահաբար, քաղաքական նպատակահարմարության հարց է Փաշինյանի համար, այլապես, եթե նա ունենար նման ցանկություն, զեկույցը կգնար ԱԺ՝ անկախ որեւէ իրավական հիմքից: Օրումեջ Սահմանադրություն խախտող իշխանության համար «ԱԺ կանոնակարգ» օրենքը շրջանցելը մի բաժակ ջուր խմելու պես բան է: 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը ստեղծվել էր 2022-ին: Խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե չմասնակցեց հանձնաժողովի նիստին՝ հայտարարելով, որ իշխանությունն ինքն իրեն չի կարող քննել, հանձնաժողովի նպատակը պատերազմի ու ծանր պարտության մեղքը Փաշինյանից մաքրելն ու դրանում մեղավորներ կարգելն է:

ՔՊ-ականներն այն ժամանակ ու դրանից հետո հայտարարում էին, թե ցնցող բացահայտումներ են լինելու, իսկ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասում էր՝ զեկույցին քրեական գործեր են հաջորդելու, բայց կյանքը ցույց տվեց, որ զեկույցն անգամ իրեն՝ իշխանությանը պետք չէ, որովհետեւ հակառակ դեպքում Փաշինյանը, գուցե անտեսելով բոլոր սահմանափակումները, անձամբ հավակներ ԱԺ ամբիոնից կարդալ Անդրանիկ Քոչարյանի գրածը:

Պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասում է՝ պատերազմի բռնկման ու պատերազմում պարտության մեղավորն օրվա իշխանությունն է, որն ամեն կերպ փորձում է փակել այդ էջը, այնպես, ինչպես փորձում է Արցախի էջը փակել:

«Իրենց իրարամերժ հայտարարություններն ու գործողություններն են տապալել, ընդ որում՝ միտումնավոր, բանակցային գործընթացը, որովհետեւ 2019-ին եղել է առաջարկություն՝ փոխզիջումային տարբերակով լուծել արցախյան հիմնախնդիրը, որի դեպքում Արցախն ամբողջությամբ կմնար հայկական, եւ նրա ճակատագիրը ժամանակի ընթացքում կորոշվեր այնպես, ինչպես Արցախի ժողովուրդն էր որոշել՝ գնալ ինքնորոշման: Պատերազմի ժամանակ այս իշխանությունը ոչինչ չի արել, որպեսզի մենք ունենանք հաջողություններ՝ ոչ միայն հաղթենք, այլեւ պաշտպանական մեր խնդիրներն իրականացնենք, որովհետեւ իրականում ՊԲ-ն ի վիճակի է եղել հայկական ԶՈՒ-ների աջակցությամբ կազմակերպել մեր պաշտպանությունը նաեւ հակառակորդի գլխավոր հարվածի ուղղությամբ՝ լեռնանտառային պայմաններում կանգնեցնել հակառակորդին: Ընդ որում, ՊԲ-ն մեծամասամբ իր տարածքում իր պաշտպանությունն իրականացրել է, եւ հակառակորդը կարողացել է գլխավոր հարվածը հասցնել հարավային ուղղությամբ, որտեղ պատասխանատուն ՀՀ կառավարության ղեկավարն է՝ իր բոլոր հնարավորություններով: Իր պատասխանատվության հատվածով է հակառակորդը եկել հասել ե՛ւ Շուշի, ե՛ւ ՀՀ սահմաններ»,- բացատրում է պաշտպանության նախկին նախարար պատգամավորը:

Սեյրան Օհանյանն ասում է՝ այս ընթացքում իր հնչեցրած հարցադրումներից պարզ է դառնում, որ հարուցված քրեական գործերով հիմնականում անցնում է բանակը: Չկա որեւէ քրեական գործ, որով անցնեն գերատեսչությունների պատասխանատուները:

«Հասկանալի է, չէ՞, որ պատերազմում է ոչ միայն բանակը, այլեւ ամբողջ պետությունը՝ ե՛ւ օրենսդիրը, ե՛ւ գործադիրը, ե՛ւ դատաիրավական համակարգը»,- «Հրապարակ»-ի հետ զրույցում շարունակում է Օհանյանը: Գալով քննիչ հանձնաժողովին, զրուցակիցս ընդգծում է՝ ի սկզբանե ակնհայտ էր, որ այդ հանձնաժողովն ի վիճակի չէ իր կազմով քննել այնպիսի երեւույթ, ինչպիսին 44-օրյա պատերազմն է՝ մանավանդ որ հանձնաժողովը նաեւ վերահսկողական գործառույթ ուներ: Ակնհայտ էր, որ այդ կազմով հանձնաժողովն արտահայտելու եւ պաշտպանելու է այն տեսակետը, որը կրում է օրվա իշխանությունը: «Ակնհայտ էր, որ իրենք իրենց կուրծքը ծեծելով այլ բան են ասելու ու փորձելու են սլաքներն ուղղել ուրիշների վրա՝ «նախկինների», բանակի: Մենք առաջարկել էինք օրենսդրական փոփոխություններ անել եւ ԱԺ-ից դուրս ստեղծել քննիչ հանձնաժողով, որը կձեւավորվեր համախոհությամբ՝  ե՛ւ իշխանությունից, ե՛ւ ընդդիմությունից՝ հավասար, ինչպես նաեւ Արցախի եւ վերլուծական փորձագիտական հարթակի ներկայացուցիչներից, որտեղ հավասար քվեարկություն կլիներ»,- հիշեցնում է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ, առհասարակ, քննիչ հանձնաժողովը, որպես գործիքակազմ, ընդդիմությանը պետք է լիներ, որովհետեւ պետությունն իր ամբողջ գործիքակազմն ունի՝ վերլուծելու եւ քննելու ցանկացած երեւույթ:

Սակայն, ինչպես ընդդիմադիր պատգամավորն է ասում, իշխանությունը հասկանում է, որ խնդիր ունի, ու հենց դրանով էր պայմանավորված նաեւ այդ հանձնաժողովի աշխատանքների ձգձգումը: ԱԺ լիագումար նիստերի օրակարգ չբերելով, արդյո՞ք իշխանությունը փորձում է խուսափել եւս մեկ անգամ այդ ամբիոնից պարտության պատճառների ու մեղավորների շուրջ քննարկումից: Սեյրան Օհանյանն ասում է. «Իրենք փորձելու են սլաքները շեղել այսօրվա այն իրականությունից, որն իրենք ներկայացնում են՝ այդ խաղաղության օրակարգը, որտեղ ՀՀ-ի համար բոլոր փաստաթղթերը խաբկանք են: Ոչ միայն ԱԺ-ում, մենք հետագայում հնարավորություն ունենալու ենք եւ ունեցել ենք ներկայացնելու ռեալ իրավիճակը եւ այն պատճառները, որոնք Արցախն ու Հայաստանը հասցրել են այս վիճակին, մանավանդ, որ իրենք այսօր էլ փորձում են փակել ե՛ւ Արցախի, ե՛ւ Հայաստանի անկախության՝ այս ամբողջ տարիների էջը՝ լուծարելով ՄԽ-ն, ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում ու հրաժարվելով Արցախի ժողովրդի իրավունքներից՝ թե՛ վերադարձի, թե՛ գույքային»:

Սեյրան Օհանյանը վստահ է՝ եթե իշխանությունը չտեսներ, որ խնդիրներ է ունեցել, անպայման ԱԺ կներկայացներ այս զեկույցը, որն ի վերջո պետք է պատասխան տար նաեւ արտաքին քաղաքականության, բանակցային գործընթացի իրավիճակի մասին: «Մինչեւ հիմա նույն Նիկոլ Փաշինյանը, ի հեճուկս նախկին երեք նախագահների հորդորների, չի ներկայացնում բանակցային ամբողջ փաթեթը, որը եղել է արցախյան հիմնախնդրի լուծման բանակցային ողջ ընթացքում: Երկրորդ․ իրենք պետք է պատասխան տան, թե ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում ինչպես են պետությունը տեղափոխել ռազմական ռելսերի վրա ու մոբիլիզացիա իրականացրել, իսկ այն, որ պարզ ռազմական մոբիլիզացիա չեն իրականացրել՝ բանակը համալրելու համար, միանշանակ է: Եվ մյուս հարցը՝ հետպատերազմյան տարիներին ոչինչ չեն արել, որպեսզի գոնե պահեն պատերազմից հետո Արցախում ստեղծված իրավիճակը եւ Հայաստանը զերծ պահեն Ադրբեջանի կողմից սահմանային ագրեսիայից: Այս բոլոր հարցերի պատասխաններն իրենք պետք է տան, դրա համար էլ փորձում են խուսափել: Եթե մեկ միլիմետր անգամ փիառվելու, ամպագոռգոռ հայտարարություններ անելու եւ իրավիճակը գունավոր ներկայացնելու հնարավորություն ունենային, միանշանակ՝ կիրականացնեին դա»,- ասում է մեր զրուցակիցը՝ չբացառելով նաեւ ներիշխանական խմորումների ու մանիպուլյացիաների պարագան՝ օրենսդիրի, գործադիրի ու ՔՊ-ականների միջեւ: