Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի դադարեցման համաձայնագրի պաշտոնական ստորագրումը, դատելով մամուլի հրապարակումներից, նախատեսված է երկուշաբթի:
Ըստ տեղեկությունների, համաձայնագրով նախատեսվում է Գազայում ստեղծել «հրադադարի դիտարկման միջազգային առաքելություն», որին, ամենայն հավանականությամբ, մաս կկազմի նաև Թուրքիան:
Այդ կապակցությամբ իշխանամետ Turkiye պարբերականը հիշեցրել է, որ «105 տարի առաջ Պաղեստինը թուրքական տարածք էր»: Պարբերականի խնդրանքով Թուրքիայի ռազմա-ծովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Ջիհաթ Յայջին ասել է, որ Իսրայելը «կոռումպացված կազմավորում է, որ ոչ մի համաձայնության չի հետևում»:
Յայջիի գնահատմամբ, պայմանավորվածությունների խախտումը կանխելու համար Գազայում «նույնիսկ հիսուն թուրք զինվորականի ներկայությունը բավարար է»: Թուրք ծովակալը համոզված է, որ Գազայի «պատմական կարգավիճակի վերականգնումը կլինի տարածաշրջանային կայունության երաշխիք»:
Անկարան, այսպիսով, չի թաքցնում, որ Գազայի և Հորդանանի արեւմտյան ափի տարածքների պաղեստինապատկանության երաշխավոր կարող է լինել միայն թուրքական ռազմական ներկայությունը:
Ծովակալ Յայջին հիշեցրել է Լիբիայի օրինակը, որտեղ, նրա խոսքերով, ներքին խռովությունները «կանխել է Թուրքիան»: Լիբիայում, ինչպես հայտնի է, Թուրքիան ռազմական ազդեցիկ ներկայություն ունի:
Անշուշտ, թուրքական իշխանամետ մամուլի և պաշտոնաթող ծովակալի դիտարկումները բավարար չեն, որպեսզի եզրակացություն արվի Գազայում կամ Հորդանանի արևմտյան ափին Թուրքիայի ռազմական ներկայության մեծ հավանականության մասին:
Այդուհանդերձ, աչքի զարնում, որ Միացյալ Նահանգների նախագահը ՀԱՄԱՍ-ի դիրքորոշման մեղմացման գործում ընդգծել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի բացառիկ ներգրավվածությունը: Դա, ամենայն հավանականությամբ, ավելի խորքային գործընթացների անոնսավորում է:
Այլ բան է, թե Իսրայելի վերնախավն ինչպես կվերաբերվի դրան և ինչ զարգացումներ կարող են սկսվել Երուսաղեմում:
Բաց մի թողեք
Նուբար Աֆեյանը՝ գերիների ու Ռուբեն Վարդանյանի մասին․ Լուսանկար
Ովքեր պատերազմ են պարտվել՝ պիտի գնան, և ովքեր ներհասարակական կյանքում բարիկադներ են ստեղծել
Ի՞նչ դիրքորոշում կորդեգրի Վաշինգտոնը, ի՞նչ հեռանկար է սպասվում Իսրայելին