19/10/2025

Ավինյանը չի հերքո՞ւմ կաշառքի մասին լուրերը

Հանրային գործիչ Արթուր Չախոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով գյուղմթերքի շուկայի շինարարությանը, որը, ըստ նրա, իրականացվել է առանց համապատասխան թույլտվության։

Հրապարակ թերթը գրել է․ Նա նշում է, որ շուկան կառուցվել է համայնքին պատկանող շուրջ 500 քմ հողատարածքի վրա, որի արժեքը գնահատվում է մոտ 360 հազար դոլար։

Չախոյանի խոսքով՝ իր հրապարակմանն ի պատասխան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը չի արձագանքել։ Նա հրապարակային պահանջ էր ներկայացրել, որպեսզի քաղաքապետը հերքի իր հասցեին հնչած կաշառք ստանալու մեղադրանքները կամ ձեռնարկի քայլեր՝ ապօրինի կառուցված շուկան ապամոնտաժելու համար։

Ըստ Չախոյանի, Տիգրան Ավինյանի լռությունը կարող է վկայել այն մասին, որ շուկան պատկանում է քաղաքապետի մտերիմներին։ Նա նաև հիշեցրել է, որ 2024 թվականին ներկայացված կոռուպցիոն հաղորդման հիման վրա դատախազությունը քրեական գործ չի հարուցել, ինչը, նրա կարծիքով, վկայում է դեպքի նկատմամբ անտեսման մասին։

Հանրային գործիչը ընդգծել է, որ եթե քաղաքապետը կապ չունի այս պատմության հետ, ապա պետք է հրապարակային կերպով հերքի իր հասցեին հնչած մեղադրանքները։