ԶԼՄ-ները մոտ մեկ շաբաթ առաջ գուժեցին՝ որոնվում է 3-ամյա Տիգրան Օհանեզովը:
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ երեկ տեղեկացանք, որ սարսափելի հանգուցալուծում է դրան հաջորդել, ըստ ՆԳ նախարարի` երեխային խեղդել է սեփական հայրը՝ Արմեն Օհանեզովը: Բայց կատարվածն այնքան սոսկալի է, որ Օհանեզովի համագյուղացիները չեն հավատում:
«Անհավանական, հանելուկային դեպք է»,- ասում է Ծափաթաղի բուժքույրը՝ Օհանեզովների տան մոտ հավաքված լրագրողներին: Արմեն Օհանեզովը ձերբակալված է: Քրեական վարույթ է հարուցված՝ սպանության հոդվածով: Երեխայի մարմինը նոյեմբերի 2-ին գտել են փրկարարները, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտում, Ջիլ գյուղի ցուցանակից ոչ հեռու: Մեկ օր անց սպանության վարկածը դրվեց շրջանառության մեջ, եւ նոյեմբերի 3-ին Արփինե Սարգսյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, հայտարարեց. «Նախնական տվյալներով, սպանություն է` երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս վարկածը, ի թիվս այլնի, եղել է ուսումնասիրության շրջանակներում։ Այս պահի դրությամբ, նախնական տվյալներով՝ երկու եղբայրներ դուրս են եկել, հետո հանդիպել են հորը, հայրը խեղդելու ճանապարհով սպանել է երեխային»:
Նախարարի խոսքով ստացվում է, որ երեխայի սպանությունն այլ վայրում է տեղի ունեցել. «Երբ մենք սկսել ենք փրկարարական աշխատանքներն ամբողջ հարակից տարածքով, իրականացվել է տարածքի սանրում, յուրաքանչյուր հաջորդ տարածքի անցնելու պարագայում, ըստ հոր նախնական ցուցմունքի, նա երեխայի մարմնի տեղափոխում է իրականացրել»:
Զարմանալի է, թե ինչպես է հայրը, երեխայի մարմինը գրկած, հասել հարեւան Ջիլ գյուղի ցուցանակի մոտ, մանավանդ եթե, ինչպես պնդում է նախարարը, ընտանիքի հնարավոր մեղավորության վարկածը մինչ այդ եղել է, եւ բոլոր անդամների անցուդարձն իրավապահների հսկողության տակ պետք է լիներ:
Տիգրանի` աուտիզմով տառապող 5 տարեկան եղբայրը, որի հետ նա հոկտեմբերի 27-ին գնացել է խաղալու ու չի վերադարձել, չի կարողացել պատասխանել իրավապահների հարցերին: Բայց լոգոպեդի հետ աշխատանքի ժամանակ նա ձեռքը կոկորդին է դրել: Այս տեղեկությունը հոկտեմբերի 30-ին հանրությունը ստացավ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանից: Սրանից կարելի էր ենթադրել, որ երեխային կա՛մ խեղդել են, կա՛մ նա խեղդվել է լճում: Սեւանում, որը հեռու է գյուղից, եւս որոնողական աշխատանքներ են իրականացվել:
Մի կասկածելի, խիստ տարօրինակ հանգամանք եւս՝ Տիգրանի մայրը գյուղ եկած լրագրողներին հանգիստ, անդրդվելի, նույնիսկ անտարբեր ձայնով հարցազրույց է տվել, ասելով. «Չգիտեմ ես, թե ուր գնացած կլիներ էդ երեխեն»: Պատմում է, որ Տիգրանին եղբայրն է տարել մանկապարտեզ, իսկ նրան խնամում էր տալը: Մորը լսելուց հետո սոցցանցերում մարդիկ գրում էին, որ այս կինը գիտի, թե ինչ է կատարվել իր երեխայի հետ, բայց չի ասում: Ո՞րն է սպանության դրդապատճառը: Ի՞նչ մեղք էր գործել 3 տարեկան երեխան հոր առաջ:
Երեխայի հայրն իր ցուցմունքներում նշել է, որ ներընտանեկան վեճ է ունեցել, չի հավատացել, որ երեխան իրենից է: Ծափաթաղի բնակիչները մանրամասներ են պատմում: «Երկու եղբայրը եւ քույրը ժառանգաբար հիվանդ են եղել, նրանց երեխաները նույնպես հիվանդություններ ունեն, բայց ոչ ոք էդ երեխաներին չի բուժել»,- ասում է իմ զրուցակիցներից մեկը: Մյուսը, որը Ճամբարակում տաքսի է վարում, պատմում է, որ ընտանիքն աղքատ էր, բայց Օհանեզովների տանիքի տակ շատ երեխաներ կային: «Դա տուն չի, տան նման մի բան է: Իրենք 5 երեխա ունեն, մնացած 4-ը իրենց երեխաները չեն, Արմենի քրոջ երեխաներն են: Հիմա գյուղերում շատ վատ բաներ են կատարվում, որի վրա ոչ ոք էլ ուշադրություն չի դարձնում: Մարդն ինչ վիճակի լինի, որ 3 տարեկան իր տղային սպանի»,- ասում է տաքսիստը:
Օհանեզովների սոցիալական վիճակի մասին Ծափաթաղի բնակիչները հակասական կարծիք են հայտնում: Մի մասը պնդում է, թե «լավ էլ ապրում են»: Տիգրանի մայրն աշխատում է Թուֆենկյան հյուրանոցում՝ որպես մաքրուհի, անասուն, հավ են պահում, գյուղում նրանցից ավելի վատ ապրողներ կան: «Նրանք փակ են, մյուսների հետ շատ չեն շփվում, ոնց որ կլան լինեին՝ իրենք իրենցով: Երբեմն անասուն են մորթում, միս ենք առնում նրանցից: Նրանք նպաստ են ստանում: Արմենի եղբայրը հաշմանդամ է, նպաստ է ստանում, օգնություններ, սոցիալական աշխատողները նրանց երբեմն այցելում են: Վատ չեն ապրում, իրենցից վատ ապրող էլ կա: Մենք՝ բոլորս, ցնցված ենք, որ նման բան է եղել, բայց այդ մարդիկ ունեն տարօրինակություններ: Նրանց մեջ կա գենետիկական հիվանդություն: Երեխաներն ունեն մտավոր խնդիրներ: Մեծ աղջիկն է, որ նորմալ է: Երբ ամբողջ գյուղը, քունը կորցրած, անգամ դպրոցականները որոնում էին իրենց փոքրին, իրենք անտարբեր նստած էին տան դիմաց, սկի ման էլ չէին գալիս: Մի բան կարող եմ հաստատ ասել՝ ինչ էլ լինի, այդ ընտանիքից երեխաներին պետք է վերցնել, տալ պետական հաստատություն: Նրանց հոգեբանական օգնություն է հիմա պետք»,- ասում է մեր զրուցակից համայնքային ծառայողը: Հարցին, թե ինչ կարող էր եղած լինել, որ հայրը երեխային սպաներ, պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ինչ է եղել, հայտնի չէ, թե նման մարդը հոգեկան հուզմունքի պահին ինչի է ընդունակ»:
Մյուսները վստահեցնում են, որ բազմազավակ ընտանիքն ապրում է սարսափելի պայմաններում, որտեղ դժվար է պահպանել հոգեկան առողջությունը, մարդ մնալ, ծայրահեղ աղքատությունից ու հուսահատությունից չկորցնել վերահսկողությունը սեփական վարքի ու կյանքի նկատմամբ։ Երեխաները, որոնք գրեթե բոլորն առողջական խնդիրներ ունեն, զուրկ են տարրական ուշադրությունից, կարծես մոլորակից դուրս ապրեն: Նրանց վրա ո՛չ առողջապահական, ո՛չ էլ սոցիալական ծառայությունները ուշադրություն չեն դարձրել:
Ծափաթաղը Ճամբարակ համայնքի մաս է կազմում, փոքր, խուլ գյուղ է, բայց հեռու է ե՛ւ Ճամբարակից, ե՛ւ Վարդենիսից: Դպրոցը 26 աշակերտ ունի եւ շուտով փակվելու է՝ միանալով հարեւան Ջիլի դպրոցին:






Բաց մի թողեք
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար
Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել 5-րդ ալիքին, որը կցուցադրվի