08/11/2025

Ո՞ր իրավունքով եք Հայաստանը դարձրել քաղաքական հետապնդումների թատերաբեմ

Վարչապետ Փաշինյանն օրերս «ամոթանք» է տվել լրագրողներին, թե ինչու չեք կաթողիկոսի՝ կուսակրոնությունը խախտելու եւ զավակ ունենալու մասին հարցեր ուղղում Վեհափառին, այդ հարցերն ո՞վ պետք է տա, եթե ոչ դուք։

Հրապարակ թերթը գրել է․ Թողնենք, որ եթե խմբագիր ու լրագրող եղած ժամանակ մեկը նման կերպ նախատեր իրեն, ի՜նչ լրբություն կկապեր՝ այնպես, որ նման բան ասողը մի 10 անգամ կփոշմաներ իր ասածի համար։ Բայց դե, այսօրվա լրագրողներն իր չափ լաչառ չեն ու իր նման «աբառոտկա ֆռռալ» չգիտեն՝ նրանք համեստորեն լսում էին, չէին արձագանքում։

Թեեւ արժեր, որ հակադարձեին։ Ասեին՝ այդ հարցերը որոշ հիվանդ գլուխներում են ծագել եւ ո՛չ մեզ, ո՛չ մեր հանրությանն այսօր չեն հետաքրքրում, դա կեղծ օրակարգ է՝ ձեր կողմից առաջ քաշված, որը ոչ մի կապ չունի մեր երկրի ու մեր իրականության հետ։ Հասկանալի է, որ դուք ամեն ինչ անում եք, որ հանրությունը չլսի Ալիեւի բարբաջանքները, չհարցնի՝ ի՞նչ եղավ սահմանազատման հարցը, մեր գերիների վերադարձը, ՀՀ 200 քառակուսի կիլոմետրից թշնամու զորքի դուրս գալու հարցը։

Ի՞նչ եղավ նախաստորագրված, բայց այդպես էլ չստորագրված խաղաղության պայմանագիրը։ Պետք է նրան մեղադրեին Արցախի հարցը փակելու, Մինսկի խումբը լուծարելու, Արցախ վերադարձի թեման չբարձրացնելու, միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու համար։

Հարցնեին՝ ո՞ր իրավունքով եք Հայաստանը դարձրել քաղաքական հետապնդումների թատերաբեմ, ինչո՞ւ են կալանավորվում ընտրված համայնքապետերը, ինչո՞ւ եք խլում Կարապետյանների սեփականությունը, ինչքա՞ն են բանտում մնալու արքեպիսկոպոսները։

Վերջապես՝ ի՞նչ եք ուզում Եկեղեցուց, ինչքա՞ն է շարունակվելու այդ ամոթալի արշավը։ Ձեզ ի՞նչ, թե ով ինչով է զբաղվում, ով քանի զավակ ունի՝ դա ձեր անմիջական պարտականությունների հետ ի՞նչ կապ ունի։