24/11/2025

Վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ․ Տեր Մանուկ

Կիրակի օրը Վազգեն Սարգսյանի հարազատ Արարատ գյուղում տեղի ունեցավ հերթական պատարագը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ: Բնականաբար պատարագին ներկա էին տարբեր կորնական կազմակերպությունների հետևորդ իր աջակիցները:

Սակայն առավել ուշագրավն այն էր, որ այդ պատարագին ոչ միայն ներկա էր, այլև Փաշինյանին ջերմորեն ընդունեց Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, ով ոչ այնքան վաղ անցյալում դատապարտում էր Փաշինյանի եկեղեցու դեմ արշավը, իսկ Վեհափառին ուղղված մեղադրանքները հերյուրանք էր որակում։ Արագածոտնի թեմի Աշտարակի Կարմրավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու  հոգևոր հովիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ ինքը նման քայլ վերջինիս կողմից չէր սպասում:

«Երբ լսեցի ու տեսա բոլոր հրապարակումները լրատվամիջոցներում՝ անակնկալի եկա: Մինչև վերջ ուզում էի հավատացած լինել, որ գոնե մեր Մասյացոտնի առաջնորդը չի թաթախվի այս ամեն ինչի մեջ, գիտեք ինչո՞ւ, որովհետև ես շատ լավ գիտեմ, որ իմ Մկրտիչ Սրբազանի ամենամտերիմ ընկերն էր նա: Եվ գիտեք, ինչ մտքովս անցավ անմիջապես, ոչ թե այն, որ Սրբազանիս ընկերն է ինքը, այլ ուշք ու միտքս գնաց դեպի Սրբազանի մայրիկը: Այդ կնոջ ձեռքի հացն է կերել ամեն օր։ Սա ոչ միայն սուրբ կանոնի դեմ կամ Վեհափառ Հայրապետին դավաճանություն է նկատվում, ուղիղ եմ ասում,  այլ նաև այն բարոյական ապրումներին և զգացողություններին, որ այս մեր երկու եպիսկոպոսներն ունեցել են: Ուշք ու միտքս առաջինը դա է անցել, այսօր կամ վաղը Մկտիչ Սրբազանը այդ բանտարկության մեջ լսի այս լուրը, մի պահ Դուք ինքներդ պատկերացրեք, որ Ձեր ամենամտերիմ ընկերը, ում հետ20-30 տարի ճանապարհ եք անցել և այսպես է հատուցվում՝ ամոթ այդ քահանային, որը չի հիշատակել ու որը նաև իմ դասընկերն է եղել, մենք միասին ճեմարանում ենք սովորել, նույն դասարանից ենք եղել՝ Երվանդ քահանա Բաբայանը: Ամոթ, որ ինքն էլ շաղախվեց այս այլանդակությանը»,-ասաց Տեր Մանուկը:

Պառակտում չի՞ առաջանա եկեղեցում նմանօրինակ «հուդայություններից» հետո մեր հարցին, քահանան ասաց՝ թող ստեղծվի, նրանք մոռանում են, որ Աստծո առաջ են պատասխանատու բոլոր նրանք, ովքեր կանոնական լուրջ սխալ են անում և դուրս են գալիս Տեր հայոցի դեմ, եկեղեցու դեմ՝ իրենք բոլորն էլ Աստծո առաջ են պատասխան տալու:
««Ով համբերեսցէ՝ իսպառ նա կեցցէ․  Ով համբերի մինչև վերջ, նա կապրի», երանի մեր բոլոր տղաներին, հոգևորականներին, իմ եղբայրներին ու հայրերին, ովքեր ամուր կմնան նվիրապետական կանոնագրքին ու հավատքով կշարունակեն իրենց բարի ծառայությունը»,-ասաց Տեր Մանուկը:

Ինչ վերաբերում է այս արշավին, ապա այստեղ ոչ մի անձնական հարց չկա՝ պատերազմը եկեղեցու դեմ է. «Այստեղ անձի հարց չկա, այդ նույն եպիսկոպոսներից որևէ մեկը կաթողիկոսից ոչ մի բանով լավ չեն… Ովքեր որ ավելի քիչ մեղք ունեն, քան ես, թող այդ քարն առնեն՝ շպրտեն իմ վրա: Մարդ ենք, բոլորս էլ մեղավոր ենք, բայց գոյություն ունի համակարգ, կարգ, կանոն, որ մեր սուրբ եկեղեցու հայրերը ժամանակին մշակել են և այս եկեղեցին դարերով այդ կանոններով ապրել է: Չի կարելի մի վայրկյանում այդ ամեն ինչը ոչնչացնել՝ իրապես չի կարելի: Ես նորից եմ ասում, հազար ամոթ նրանց, ովքեր որ այս ճանապարհն են ընտրում: Գուցե սա լավ է, այս կեղտը թող մաքրվի, ի հայտ գա, երևա՝ ով ինչ է… վաղը չե՞ն գալու Մայր Աթոռ, քահանայական ժողովներին չե՞ն գալու, ի՞նչ երեսով են նայելու մեզ: Ի՞նչ երեսով  պիտի դրանք նայեն նրանց աչքերին, ովքեր որ չեն դավաճանել և մնացել են իրենց սկզբունքներին հավատարիմ, իսկ իրենք դավաճանել են: Ամոթը քիչ է ասված: Եթե նույնիսկ բոլորը դավաճանեն, եթե նույնիսկ մենակ ես մնամ, ես իմ սկզբունքներին երբեք չեմ դավաճանի: Մենք  մեր սուրբ Մայր Աթոռ էջմիածնի խորանի առաջ ուխտ ենք կապել, վայ նրանց, ովքեր կդավաճանեն»:

Սուրբ Կարմրավոր եկեղեցու հոգևոր հովիվը հավելեց, որ Մկրտիչ Սրբազանը ոչ միայն բարեպաշտ հոգևորական է, այլև հսկայածավալ աշխատանքներ է տարել ու իր հետևից մի հսկա ժառանգություն թողել: «Աստվածընկալը, Սուրբ Մարիամ Աստվածածինը, իր բանտարկությունից առաջ երեք եկեղեցի Թալինի տարածաշրջանում օծեց, Մարինեի բազիլիկը և դիմացի այդ ամբողջ հսկա աստիճանավադակները սարքեց, ամեն տեղ: Եկեղեցաշինությունն ուղղակի փայլել է իր ջանքերի շնորհիվ, իր նախանձախնդիր ու հանձնառու աշխատանքի շնորհիվ, էլ չեմ ասում երիտասարդական կենտրոններ ստեղծելը, էլ «Լույս մանկան» ծրագիրը՝ ուղղակի ծրագիր էր, որ Սրբազանը բերեց մեր թեմ ու մենք ինչքան դաստիարակչական գործունեություն ծավալեցինք, որ մեր երեխաները Ավետարան սովորեցին: Ու այս ամեն ինչը եղավ միայն ու միայն իր ջանքերով: Ու այս ափսոս մարդը հիմա գնացել է ճաղերի հետևում, ու այնտեղ էլ հանգիստ է, որովհետև այնտեղ էլ ինքը տեսնում է, որ իր մտերիմներն ու իր եղբայրները դավաճանում են իրեն»,-եզրափակեց Տեր Մանուկը։