26/12/2025

Եվրահանձնաժողովը «Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը» իր համար գնահատել է «սպառնալիք»

Ծայրահեղ դեպքում Վրաստանը կարող է լիովին կորցնել ազատականացումը և դասվել այն երկրների շարքին, որոնց քաղաքացիների Շենգենյան գոտի մուտքի համար վիզա է պահանջվում:

Այսպիսի եզրակացության է եկել Եվրահանձնաժողովը, որի Վրաստանի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հրապարակվել է դեկտեմբերի 19-ին: Այդ մասին հայտնել է վրացական apsny.ge առցանց լրատվամիջոցը: Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Շենգենյան գոտի մուտքի սահմանափակման մեխանիզմներն ուժի մեջ կմտնեն այս տարվա դեկտեմբերի 30-ին:

Եվրահանձնաժողը «լուրջ անհանգստություն է հայտնել Վրաստանում հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների առթիվ», այդ թվում ընդգծել, որ «խտրականությունն արգելող սկզբունքները չեն հարգվում»: Եվրահանձնաժողովի գնահատմամբ, ժողովրդավարությունից Վրաստանի «հետքայլը համակարգային և կանխամտածված բնույթ է կրում», ուստի նրա նկատմամբ «վիզաների դադարեցման նորացված մեխանիզմներ են քննարկվում»:

Բավական մանվածապատ ձևակերպումներից հասկացվում է, որ սահմանափակումները գործնականում ուժի մեջ կմտնեն եկող տարեսկզբից և առաջին հերթին կկիրառվեն «ժողովրդավարությունից Վրաստանի հետընթացի համար հիմնականում պատասխանատվություն կրող», այսինքն՝ վրացի պաշտոնյաների նկատամամբ, ովքեր ունեն դիվանագիտական կամ ծառայողական անձնագիր:

Եվրահանձնաժողովի հաշվետվությունից պարզորոշ հասկացվում է, որ Վրաստանի քաղաքացիների նկատմամբ Շենգենյան գոտի մուտքի սահմանափակումներ կկիրառվեն, եթե «Վրացական երազանքի» կառավարությունը շարունակի չկատարել ԵՄ անդամության թեկնածու երկրի համար սահմանված պարտավորությունները:

Եթե այս դիրքորոշումը գնահատենք քաղաքական նշանակությամբ, ապա կստացվի, որ Եվրահանձնաժողովը վրացի պաշտոնյաներին պատժում է, քաղաքացիներին՝ առայժմ ոչ, որպեսզի նրանք իշխանություններից պահանջեն կատարել ստանձնած պարտավորությունները:

Եվրահանձնաժողովը Վրաստանի առջև ԵՄ-ին անդամակցության «դուռը չի փակել» բայց և չի վերահաստատել, որ «այն բաց է»: Հաշվետվության հիմնական ուղերձը, թերեւս, վերջինն է. Եվրահանձնաժողովը «Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի ազդեցությունը» իր համար գնահատել է «սպառնալիք» և մասնավորեցրել, որ վրացական պաշտոնական փաստաթղթերը «շատ դեպքերում կեղծ են կամ անձանց մասին փոփոխված տվյալներ են տալիս», մի հանգամանք, որ «դժվարացնում է անվտանգային կարգավորումները»:

Այս խնդիրն, ընդսմին, ներկայացված է կոռուպցիայի դեմ պայքարում «հետընթացի» արձանագրման համատեքստում, ինչից կարելի է ենթադրել, որ ռուսաստանցիները ԵՄ Շենգենյան գոտի մուտք ունենալու համար «ձեռք են բերում վրացական անձնագիր» կամ նրանց տրվում է ինքնությունը հաստատող այլ փաստաթուղթ, ինչը Եվրամիությանը պատճառում է անվտանգային մտահոգություններ:

Ի՞նչ քայլեր կձեռնարկի «Վրացական երազանքի» կառավարությունը, մնում է սպասել: Ուշագրավ է, որ Եվրահանձնաժողովի «կիսաբաց-կիսափակ դռան» հաշվետվությունը հրապարակվել է Վրաստանի հետ սկզբունքային համաձայնության անհնարինության մասին ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարության ֆոնին: