ԿԳՄՍ նախարարության Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Արմեն Փաշայանը խորհրդաժողով է կազմակերպել՝ «Ավարտական դասարաններում սովորողների գիտելիքների ամփոփիչ ստուգումների, բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության եւ ուսուցիչների ատեստավորման կազմակերպման, գնահատման եւ բովանդակային հիմնահարցերը» թեմայով, որը կայանալու է դեկտեմբերի 22-24-ը, Ջերմուկ քաղաքում։
Հրապարակ թերթը գրել է․ Խորհրդաժողովին մասնակցում են ինչպես ԳԹԿ աշխատակիցներ, ոլորտի մասնագետներ, այնպես էլ Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներ եւ Երեւանի վերահսկողության տակ գտնվող մի քանի դպրոցի տնօրեններ։
Տեղեկացանք, որ խորհրդաժողովին մասնակցելու է Քրիստինե Դումանյանը՝ «Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան հ. 20 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենը։ Ի դեպ, Դումանյանի նշանակումը տնօրենի պաշտոնում նախորդ տարի մեծ աղմուկ առաջացրեց, նա Տիգրան Ավինյանի կնոջ ազգականն է, ամուսինն էլ՝ ուժային կառույցի աշխատակից։ Խորհրդաժողովին մասնակցելու են նաեւ Նարգիզ Զեյնալյանը՝ Երեւանի Յակոբ եւ Լյուտովիկա Այնթապլեանների անվան հ. 87 միջնակարգ դպրոցի տնօրեն, Նաիրա Մանվելյանը՝ Երեւանի Լեւոն Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոցի տնօրեն, Մարգարիտ Քուշկյանը՝ Երեւանի Արտեմ Միկոյանի անվան հ. 166 հիմնական դպրոցի տնօրեն։ Գործուղման հետ կապված ծախսերը հոգում է ԳԹԿ-ն։
Իհարկե, պարզ է, որ որոշել են Ամանորից առաջ մի թեթեւ ռելաքսի մեկնել Հայաստանի լավագույն հանգստի վայրերից մեկը՝ «գործուղում» անվան տակ։ Մենք ԳԹԿ-ից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ընտրվել Ջերմուկ քաղաքը, Երեւանի դպրոցների տնօրեններին ի՞նչ իմաստ ունի այդքան հեռու տանել՝ խորհրդաժողովն ավելի մոտիկ վայրում հնարավոր չէ՞ր կազմակերպել, եւ ինչո՞ւ հենց այդ դպրոցների տնօրենները, ինչքա՞ն գումար է հատկացվել, եւ կոնկրետ որտե՞ղ է տեղի ունենալու խորհրդաժողովը։
ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը մեր հարցերին պատասխանեց․ «Ջերմուկն ընտրվել է մրցույթով, մրցույթ է հայտարարվել, որին մասնակցել է, ի թիվս այլ առողջարանների, «Մոսկվա» առողջարանը։ Առաջին տարին չէ, որ այնտեղ ենք անցկացնում, մի քանի անգամ իրենք հաղթել են, եւ այնտեղ անցկացրել ենք։ Մեկ անգամ, հիշում եմ, Աղվերանում էր։ ՊՈԱԿ-ների մասին օրենքի համաձայն՝ մեկ անձից գնումներ չենք արել, պարզապես գնումներով զբաղվող մասնագետն էլ էր այնտեղ գնացել։ Թե կոնկրետ ինչքան գումար է տրամադրվել, կկարողանա պատասխանել վերադարձին։ Մենք ներկայացնում ենք մեր տեխնիկական պայմանները, ինչ չափի դահլիճ ենք ուզում, քանի փոքր դահլիճ ենք ուզում, որովհետեւ հանրակրթության մասնագետներն իրենց խնդիրներն են քննարկում, բուհերի մասնագետները՝ իրենց։ Եվ, օրինակ, կառավարության որոշումը՝ միասնական քննությունների վերաբերյալ, դուրս է գալիս նոյեմբերին, դրա հետ կապված բոլոր նորությունները դեկտեմբերին են հայտնի դառնում, որ հավանական դիմորդները տեղեկացված լինեն։ Կառավարության այդ որոշումից հետո, եթե փոփոխություններ լինում են, նաեւ դրանք են քննարկվում։ Մի խոսքով՝ ամեն ինչ, տարվա մեր բոլոր գործառույթները, հաջորդ տարվա հետ կապված նորությունները քննարկվում են, եւ հերթական քննարկում-սեմինարը դեկտեմբերի 22-ից մեկնարկել է»։
«Ջերմուկ Մոսկվա» առողջարանը Ջերմուկի ամենահին բուժական հաստատություններից է՝ իր հսկայական բուժական բազայով: Այստեղ, որպես կանոն, այցելում են բուժական պրոցեդուրաներ ընդունելու՝ աղեստամոքսային խնդիրներից ու կավով հոգնայից մինչեւ էլեկտրասրտագրություն է կատարվում։ Առողջարանի պատասխանատուներից հարցրինք՝ ի՞նչ արժե մեկ անձի համար մեկ օրվա կեցությունը, պատասխանեցին՝ 22 հազար դրամ՝ ներառյալ 3-անգամյա սնունդն ու բուժական պրոցեդուրաները։ Իսկ եթե միայն գիշերակացից եւ սննդից օգտվի անձը, այսինքն՝ բուժական պրոցեդուրան հարկավոր չլինի, որքա՞ն կարժենա, ասացին՝ այդպիսի փաթեթ չունենք, 22 հազար դրամը մեկ անձի համար է՝ լրիվ փաթեթով։
Այսինքն, ոլորտի մասնագետները, քաղաքապետարանի աշխատակիցները, դպրոցի տնօրենները կարող են խորհրդաժողով անել, հանգստանալ, միաժամանակ օգտվել իրենց առողջարանի բուժական ծառայություններից։







Բաց մի թողեք
Մայր Աթոռի վրա գրոհողներն ու լրագրողներին հարվածողները չեն պատժվի․ «հաղորդում չեն ստացել»
Ինչն է խանգարում ընդդիմադիրներին համագործակցության հուշագիր ստորագրել
1-2 տոկոս ձայնը նրանց համար արխիվի ուղեգիր է դառնալու