31/01/2026

Իրանին նոր հարվածներ հասցնելու տարբերակներ է դիտարկվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանին նոր հարվածներ հասցնելու տարբերակներ է դիտարկում։

Այս մասին հայտնում է CNN-ը։

Ի՞նչ տարբերակների մասին է խոսքը։ Համաձայն հաղորդման, տարբերակներից մեկը, որը քննարկվում է Սպիտակ տան վարչակազմի կողմից, Իսլամական Հանրապետության ղեկավարներին վերացնելու համար Իրանին ավիահարվածներ հասցնելն է։

Այս դեպքում՝ թիրախում ինչպես իրանական բարձրագույն ղեկավարությունն է, այնպես էլ անվտանգության ոլորտի պատասխանատուները, որոնց ԱՄՆ-ն պատասխանատու է համարում ցուցարարների սպանությունների համար։

Մյուս տարբերակը նախատեսում է ավիահարվածներ Իրանի միջուկային օբյեկտների եւ կառավարական հաստատությունների ուղղությամբ։ Հայտնի է, որ նախագահ Թրամփը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել, թե որ տարբերակն է կիրառելու Իրանի դեմ, սակայն նա կարծում է, որ գործողությունների «լայն զինանոց» ունի՝ շնորհիվ Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմական ուժերի կուտակման։

CNN-ը նաեւ հայտնում է, որ Թրամփն ընդունում է նոր առաջարկներ՝ Իրանին հարվածելու տարբերակների վերաբերյալ, քանի որ Իսլամական Հանրապետության եւ Միացյալ Նահանգների միջեւ միջուկային եւ հրթիռային ծրագրերի սահմանափակման ուղղությամբ նախնական բանակցություններն արդյունք չեն տվել։

Իդեալական է դիտարկվում այնպիսի հզոր հարված հասցնելը, որը կստիպեր Թեհրանին՝ ընդունել Վաշինգտոնի պայմանները եւ համաձայներ գործարք կնքել ըստ ամերիկյան պայմանների։ Իրանին հարվածելու հարցում Թրամփն ուզում է, որ արագ հայտարարի հաղթանակի մասին, հակառակ դեպքում կոնֆլիկտը կարող է շարունակվել ու ձգձգվել, ինչը Միացյալ Նահանգների համար ամենեւին էլ ձեռնտու չէ։ Սակայն նաեւ Վաշինգտոնում հասկանում են, որ Իրանի զինանոցում կան հակահրթիռային պաշտպանության համակարգեր, բալիստիկ հրթիռներ, դրոններ, կործանիչներ, որոնք էապես կարող են բարդացնել Միացյալ Նահանգների պլանները եւ Ամերիկային ներքաշել հերթական հակամարտության մեջ, որը կարող է ձգձգվել տարիներով։

Ի պատասխան ամերիկյան սպառնալիքների, Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբաս Արաղչին սոցկայքի իր էջում հրապարակած գրառմամբ է հանդես եկել։ «Իրանական բանակը լիովին պատրաստ է անմիջապես եւ վճռական կերպով պատասխանելու ցանկացած ագրեսիայի՝ օդում, ջրում եւ ցամաքում, իսկ Իսրայելի հետ անցյալ տարվա պատերազմի դասերը թույլ են տալիս սպառնալիքներին ավելի արդյունավետ կերպով հակադարձել»,- ասել է նա։ Այս հայտարարությունը, նկատենք, հնչել է Միացյալ Նահանգների կողմից՝ Մերձավոր Արեւելք ռազմական նավատորմ ուղարկելու եւ Իրանի հետ հնարավոր շփման ճակատային գծի ամրացման մասին տեղեկություններից հետո։ Արաղչին նաեւ ասել է, որ, այս ամենով հանդերձ, Թեհրանը միշտ կողմնակից է եղել «փոխադարձաբար ձեռնտու, արդարացի եւ իրավահավասար միջուկային գործարքին», եթե գործարքը լինելու է հավասար պայմաններով՝ առանց հարկադրանքի, սպառնալիքների կամ վախեցնելու, որը կերաշխավորի Իրանի միջուկային խաղաղ տեխնոլոգիաների զարգացումը եւ կապահովի միջուկային զենքի բացակայությունը։ Արաղչին կրկին շեշտել է, որ Իրանն իր անվտանգության համակարգում միջուկային սպառազինությունների առկայություն չի դիտարկում։