19/02/2026

Նախկին պետի դեմ պահեստապետն է ցուցմունք տվել. Լուսանկար

SATM

ՍԱՏՄ նախկին ղեկավար Արմեն Դանիելյանի եւ նրա հետ մեղադրյալի աթոռը կիսող ՍԱՏՄ պահեստապետ Արթուր Միքայելյանի գործը դատարանում է՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում։

Հրապարակ թերթը գրել է․ Հիշեցնենք․ նախորդ տարվա կեսին Արմեն Դանիելյանը ձերբակալվեց, նրան իրավապահները մեղադրում են այն բանի համար, որ նա, 2024 թվականի նոյեմբերի 11-ից մինչեւ 2025 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օգտագործելով իր իշխանական լիազորությունները եւ դրանցով պայմանավորված ազդեցությունը, ՍԱՏՄ պահեստապետ Արթուր Սուրենի Միքայելյանի օժանդակությամբ հափշտակել է … իրեն վստահված՝ պետությանը պատկանող, ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռք բերված ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կարիքների համար նախատեսված վառելանյութերի կտրոնները, ինչպես նաեւ՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պահեստապետ Արթուր Միքայելյանի եւ ՍԱՏՄ 5 աշխատակիցների օժանդակությամբ հափշտակել է ՀՀ պետական միջոցների հաշվին նշված աշխատակիցների անվամբ սահմանված չափից անհամեմատ ավել չափով անհիմն ելքագրված պարգեւավճարները:

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է, նրա հովանավորությամբ էր նշանակվել այդ պաշտոնին եւ աշխատեց ընդամենը 5 ամիս ու սկանդալով ազատվեց աշխատանքից` յուրացումների մեղադրանքով:

Դանիելյանի պաշտպան Արմինե Ֆանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց՝ իր պաշտպանյալի նկատմամբ այժմ խափանման միջոց են ընտրվել վարչական հսկողությունն ու գրավը, մյուս մեղադրյալ Արթուր Միքայելյանը եւս ազատության մեջ է։ Խոսելով մեղադրանքի հետ կապված իրենց դիրքորոշման մասին՝ պաշտպանն ասաց․ «Արմեն Դանիելյանը մեղադրանքը չի ընդունում, այն անհիմն է, դատաքննության շրջանակում պատրաստ ենք դա ապացուցել, ապացույցների հետազոտման չենք հասել, այնպես որ, մեղադրանքի վերաբերյալ մեր արդեն պաշտոնական դիրքորոշումը դատաքննությամբ կհայտնենք, բայց այն, որ անհիմն է, կասկածից դուրս է»։

Փաստաբանի խոսքով՝ Ա․ Դանիելյանի դեմ միակ ցուցմունք տված անձը պահեստապետ Արթուրն է․ «Այս պահին դատաքննության փուլում  ենք, ճիշտ չէ, որ իր ցուցմունքները հրապարակեմ, իր պաշտպանը նպատակահարմար կգտնի հրապարակել՝ թող հրապարակի։ Միակ անձն է, որ ցուցմունք է տվել»։

– Ձայնագրություն կա՞ գործում։

– Ոչ, բոլորովին, իր ցուցմունքի վրա է կառուցված մեղադրանքը։

– Ձերբակալությունն ինչի՞ հիման վրա  է եղել։

– Նույն Արթուր Միքայելյանի կողմից է եղել հաղորդում։

– Եվ ինքը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում։

– Այո, շատ տարօրինակ պատմություն է, չէ՞։

– Ի՞նչ շահագրգռություն ուներ՝ կեղծ ցուցմունք տալու։

– Մենք էլ ենք ուզում դա հասկանալ, անկեղծ ասած, այն, որ շահագրգռություն է, դա աներկբա է։ Տարօրինակ կերպով գնացել է, հաղորդում է տվել, եւ իր հաղորդման հիման վրա էլ վարույթ է նախաձեռնվել։ Այնպես որ, ամեն բան կառուցված է նրա վրա, իր ցուցմունքների, հաղորդման։

– Իսկ Դուք կամ Ձեր պաշտ­պանյալը ի՞նչ եք կարծում` ինչո՞ւ է գնացել, հաղորդում ներկայացրել։

– Ես պարոն Դանիելյանի դիրքորոշումը գիտեմ, անկեղծ ասած, ինքը որոշակի համոզմունքներ ունի, բայց քանի որ իր հետ համաձայնեցված չէ, չեմ կարող առանց իր հետ համաձայնեցնելու հրապարակել տեղեկությունը, բայց ինքը ստույգ հասկանում է՝ քամին որտեղից է փչում, եւ մոտավորապես ինչը կարող էր շարժառիթ հանդիսանալ։

– Քամին փչել է ներկայիս ՍԱՏՄ ղեկավարի՞ կողմից։

– Չեմ կարող ասել, այդպիսի հարցի չեմ կարող պատասխանել։

– Միքայելյանը շարունակո՞ւմ է աշխատել։

– Այո, իմ տեղեկություններով, շարունակում է աշխատել նույն պաշտոնում։

«Հրապարակ»․ Նախկին պետի դեմ պահեստապետն է ցուցմունք տվել