22/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Արևմուտքի արմատական մասնատումը, ՆԱՏՕ-ի խախրխլումը, երևում է, Ռուսաստանի համար այլևս անհասանելի է

ԱՄՆ Անտլանտյան խորհուրդը, որ Միացյալ Նահանգների ամենահեղինակավոր վերլուծաբանական հաստատությունն է, կանխատեսել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա հուլիսին Թուրքիայում կայանալիք գագաթաժողովի շրջանակներում Վաշինգտոնը Անկարային կառաջարկի Ուկրաինայի էներգամատակարարման նոր նախագիծ:

Այդ մասին հաղորդել է Turkiye իշխանամետ պարբերականը: Ըստ վերջինիս տեղեկությունների, ԱՄՆ-ը Թուրքիային «կառաջարկի տարեկան չորս միլիարդ խորանարդ մետր հեղուկ գազ գնել, ինչպես նաև Բոսֆորի նեղուցով ապահավել Ուկրաինային ամերիկյան հեղուկ գազի մատակարարումը»:

Ատլանտյան խորհրդի կանխատեսումը հիմնված է միջուկային խաղաղ էներգիայի բնագավառում թուրք-ամերիկյան համագործակցության մասին պայմանավորվածության վրա: Վաշինգտոնը, ըստ վերլուծաբանական հաստատության, մշակում է Թուրքիայի միջոցով «սևծովյան էներգետիկ միջանցքի բացման նախագիծ»: Ամերիկացի փորձագետները գնահատել են, որ Թրամփի վարչակազմը «կարևորում է Սևծովյան տարածաշրջանում Թուրքիայի դերակատարությունը»:

Ըստ ամերիկյան փորձագետների, ԱՄՆ նախագահի այդ առաջարկությունը «ձեռնտում է Թուրքիայի նախագահ Էրդողանին, որ ունի նաև ներքին վստահությունը բարձրացնելու խնդիր»: Թուրքիայում երկու տարի հետո պետք է տեղի ունենան նախագահի և խորհրդարանական ընտրություններ:

Ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը գործող իշխանություններին, «Արդարություն և զարգացում» կուսակցությանը քննադատում է պետության արևմտամետ-աշխարհիկ հիմքերը «վերանայելու քաղաքականության վարելու» համար:

Ատլանտյան խորհրդի կանխատեսումը, սակայն, ամենայն հավանականությամբ, ունի ավելի լայն համատեքստ: Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի հիմնական նպատակը Սև ծովում ռազմա-քաղաքական դիրքերի ամրապնդումն է: Անցած չորս տարիները Ռուսաստանի համար այդ առումով չափազանց բարդ են եղել:

Չնայած գործադրված ջանքերին, Ուկրաինայի ծովային շրջափակման խնդիրը չի լուծվել: Փոխարենը Սև ծովում իր ազդեցությունը մեծացրել է Թուրքիան: Դեպի Ուկրաինա հեղուկ գազի մատակարարման ծրագիրը նշանակում է ամերիկյան լցանավերի մուտքը Սև ծով: Ենթադրվում է, որ այդ երթուղու անվտանգության ապահովումը վերապահվում է թուրքական ռազմական նավատորմին:

Ռուսաստանի պաշտոնյաները, քաղաքական գործիչները և փորձագետները բազմիցս բաց հայտարարել են, որ Սև ծովը «չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներքին ջրավազան»: Ամերիկյան առաջարկությունը, կարծես, կառուցված է աշխարհաքաղաքական տրամագծորեն հակառակ հաշվարկով, այն է՝ Սև ծովը չպետք է լինի Ռուսաստանի ներքին ջրավազան: Խոսքն, իհարկե, առայժմ պաշտոնապես չհաստատված կանխատեսման մասին է:

Բայց արևմտյան և հատկապես ամերիկյան վերլուծաբանական կենտրոնները, որպես կանոն, «օդի տատանումներ չեն անում»: ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովի Թուրքիայում գումարումն իսկ արդեն խորհրդանշական է:

Ռուս-ուկրաինական պատերազմի գլխավոր նպատակը՝ Արևմուտքի արմատական մասնատումը, ՆԱՏՕ-ի խախրխլումը, երևում է, Ռուսաստանի համար այլևս անհասանելի է: