«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանայանը Հանրային եթերում հիշեցրել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մի քանի տարվա վաղեմության հարցազրույցը, երբ նա խոսել է Հայաստանի և մասնավորապես Սյունիքի անվտանգության պահպանմանը Իրանին ներգրավելու, համատեղ զորավարժություններ անցկացնելու անհրաժեշտությունից և հարցադրում արել. «Հասկանալի, չէ՞, թե ինչ էր տեղի ունենալու, եթե նման բան տեղի ունեցած լիներ»:
«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է թեմայի վերաբերյալ Քոչարյանի հրապարակային հայտարարությունները և պարզել, որ նա 2022թ. սեպտեմբերի 29-ի ասուլիսում ասել է հետևյալը. «Այս երկու տարում առնվազն երկու զորավարժություն պիտի անեինք Իրանի հետ: Որոշ պայմանագրային բազա պիտի լիներ Իրանի հետ, և այդ ամենը ամենից զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետև Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով կարելի էր կանգնեցնել, եթե հետապնդում է իր ազգային շահը»:
Այսքանից հետո «Փաստերի ստուգման հարթակը» եզրակացրել է, որ «Ալեքսանյանի ձևակերպումն ամբողջությամբ չի համընկնում Քոչարյանի հայտարարության հետ, երկրորդ նախագահը թեև խոսել է Իրանի հետ համատեղ զորավարժությունների անցկացման և անվտանգության ոլորտում համագործակցության մասին, սակայն ուղիղ տեքստով չի ասել, որ իրանական զորքերը պետք է տեղակայվեն Սյունիքում կամ դառնան ՀՀ անվտանգության երաշխավորը»:
Նախ, Վահագն Ալեքսանհանը ուղիղ տեքստով չի ասել, թե երկրորդ նախագահն առաջարկել է Սյունիքում իրանական զորքեր տեղաբաշխել: «Փաստերի ստուգման հարթակն» իր եզրակացությունը բխեցրել է ԱԺ պատգամավորի խոսքի ենթատեքստից, որ կարող է անստույգ լինել: Երկրորդ, եթե «ստուգման մեթոդը» ենթատեքստի բացահայտումն է, ապա նույնը պետք է կիրառվեր նաև երկրորդ նախագահի խոսքի պարագայում:
Մանավանդ որ Քոչարյանը բավական թափանցիկ ակնարկում է, որ Իրանը այն երկիրը չէ, որին «կարելի է կանգնեցնել, եթե հետապնդում է իր ազգային շահը»: Քաղաքական խոսույթում, որպես կանոն, ավելին չեն ասում:
Բայց ամենաարտառոցն այն է, որ եթե, օրինակ, Ադրբեջանի նախագահի հրապարակային խոսույթը «ստուգվի» նույն մեթոդաբանությամբ, ապա շատ դժվար կլինի Իլհամ Ալիևին մեղադրել Հայաստանի նկատմամբ տարածքային հավակնությունների կամ «Արևմտյան Ադրբեջան» ծրագիր ունենալու և այն իրականացնելու մտադրության մեջ:
Ալիևը երբեք ուղիղ տեքստով չի ասել, որ Սյունիքը պետք է բռնակցվի Ադրբեջանին, իսկ «արևմտյան ադրբեջանցիների» մասին էլ խոսում է այն կտրվածքով, որ Հայաստանի «իշխանությունները նրանց պետք է վերադարձի առաջարկություն անեն և երաշխիքներ տան»:
«Փաստերի ստուգման հարթակը» շատ օգտակար աշխատանք է կատարում, ստուգում է հանրությանը հետաքրքրող փաստերը: Այս իմաստով «Հարթակը» որոշակի վստահելիություն ունի:
Բայց կոնկրետ այս դեպքում նա ոչ թե ստուգում է իրականացրել, այլ հանրային-քաղաքական երկու գործիչների հրապարակային խոսույթը ենթարկել ընտրովի մեկնաբանության:

Բաց մի թողեք
Հայաստանի ադրբեջանացումը սկսվում է Հայաստանի քաղաքական համակարգի ադրբեջանացումից
Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան. Տեսանյութ
Այսօր էլ, որ բանակը կա ու ծառայություն է կազմակերպում` նաև ՊԲ դարբնոցի և նրանով անցած մարդկանց շնորհիվ է. Աբրահամյան