Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության հաշվարկներով՝ Իրանի դեմ պատերազմի ավարտը «ոչ թե մի քանի օրերի, այլ շաբաթների հարց» է:
Մարտի 11-ին Բանեիամին Նաթանյահուն փակ հանդիպում է ունեցել երկրի համայնքների ղեկավարների հետ, որից որոշ մանրամասնություններ հայտնի են դարձել yenet-ին, փոխանցել է ռուսալեզու vesty-ն:
Ամենաէականը, որ հայտնի է դարձել մամուլին, Նաթանյահուի խոստովանությունն է, որ Իրանի կրոնապետության տապալումը «կարող էր տեղի ունենալ ներքին ընդվզումների շնորհիվ»: Իսրայելի վարչապետն ասել է, թե «ցանկալի կլիներ, որ բողոքի զանգվածային ցույցեր սկսվեին հենց վաղը, բայց նման կանխատեսում անելու հիմքեր չկան»:
Նաթանյահուի ելույթից հանդիպման մասնակիցները լրատվամիջոցին տպավորություն են փոխանցել, որ Իսրայելի կառավարությունը նպատակ ունի «պատերազմը դադարեցնել մինչև Փեսախի տոնը, որ սկսվում է ապրիլի մեկի գիշերը», բայց մինչ այդ «պետք է լուծվի նվազագույն խնդիրը՝ ոչնչացնել հրթիռների արձակման հարթակները, որպեսզի Իսրայելում կյանքը վերադառնա նախապատերազմական հուն»:
Ավելի վաղ «Մեր տուն Իսրայել» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Աբիգդոր Լիբերմանը կանխատեսել է, որ պատերազմը կդադարի մարտի 31-ին նախատեսված՝ ԱՄՆ և Չինաստանի առաջնորդների գագաթաժողովին ընդառաջ:
Լիբերմանը կարծիք է հայտնել, որ Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը «կպայմանավորվեն ոչ միայն Իրանի, այլև Ուկրաինայի հարցով»: Այդ կանխատեսումը, երևի, իրականությունից բավական հեռու է կամ վերջին պահին ԱՄՆ նախագահը նպատակահարմար է տեսել Չինաստանի առաջնորդի հետ բանակցություններին ընդառաջ քննարկումներ ունենալ Ռուսաստանի նախագահի հետ:
Համենայն դեպս, միջազգային հեղինակավոր մի շարք լրատվամիջոցներ ենթադրել են, որ Թրամփ-Պուտին հեռախոսազրույցը Ռուսաստանի համար «իրանական պատերազմից առավելագույն շահ քաղելու հնարավորություն» է:
Բավական ինտրիգային իրավիճակ է ստեղծել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկու հետ և ընդգծել, որ իրանական պատերազմը «չպետք է խոչընդոտի ուկրաինական կարգավորման որոնումներին»:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, սակայն, ռուս-ուկրաինական՝ չորս տարի առաջ Ստամբուլի բանակցությունները և նախնական պայմանավորվածությունները գնահատել է «հեռավոր անցյլա»:
Մոսկվան, ըստ այդմ, հասկացրել է, որ ուկրաինական կարգավորման «որոնումներում» Թուրքիայի ներգրավվածությունը «այլևս պահանջված» չէ: Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Թուրքիայի միջնորդությունը մերժել է նաև Իրանը, իսկ պատերազմի տասներկու օրերին Վաշինգտոնի և Անկարայի միջև դիվանագիտական որեւէ շփում հայտնի չէ: Համենայն դեպս, այդ մասին լրահոսում տեղեկություն չի տարածվել:
Իսրայելի վարչապետ Նաթանյահուն բացահայտել է, որ Իրանի նոր հոգևոր առաջնորդի սպանությունը որևէ նշանակություն չի ունենա, քանի որ «նախապես նշանակված են նրան փոխարինողներ»:
Փաստացի Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան պատերազմը կարող է ավարտվել «ոչ ոքի» արդյունքով, բայց դա, ամենայն հավանականությամբ, կլինի Իսլամական հանրապետության «հաղթանակը»: Եթե, իհարկե, հետպատերազմական Իրանի և Ուկրաինայի հարցով Թրամփ-Պուտին-Սի «գործարք» կայանա:

Բաց մի թողեք
ՊԱԿ-ի նախկին գործակալ չի լինում, եթե Լուբյանկան նրան այն աշխարհ «չի գործուղել»
Ի՞նչ կարող է փոխվել, եթե Թրամփ – Պուտին գագաթաժողովից «ծուխն» է մնում
ԼՂ դեմ պատերազմը և հայ բնակչության բռնատեղահանությունը Ռուսաստանի թույլտվությամբ է եղել