28/04/2026

EU – Armenia

Թուրքիայի «միջնորդության պահանջվածությունը» ամերիկա – իսրայելա – իրանական պատերազմում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին: Նա Անկարա է ժամանել, որպեսզի Թուրքիայի նախագահից ստանա Աթաթուրքի անվան Միջազգային խաղաղության մրցանակը:

«Մենք այդ մրցանակը սահմանել ենք որպես վկայություն այն առաքելության, որ Թուրքիան իրականացնում է ՄԱԿ-ի հիմնադրումից ի վեր՝ բոլոր դեպքերում հանդես գալով ոչ թե որպես պատերազմի, այլ խաղաղության կողմնակից և պատվար»,- ինչպես հաղորդել է «Անադոլուն» հանդիսավոր արարողության ելույթում ասել է Էրդողանը:

Միջոցառման հրապարակային մասի խոսքում Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան ձգտում է «թուլացնել լարվածության զսպանակը, որի կենտրոնը Իրանն է, որպեսզի ամբողջ տարածաշրջանը չթաղվի քաոսի մեջ»:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակմանը Թուրքիայի նախագահը որևէ կոնկրետ գնահատական այս անգամ չի հնչեցրել, բայց ավելի խորքային դիտարկում է արել:

«Չնայած ԱՄՆ-ի, Իսրայելի և Իրանի միջև դիվանագիտական գործընթացի հաջողության հուսյերը ձախողելու փորձերին, Թուրքիան կշարունակի այդ ուղղությամբ համառ և հետևողական աշխատանքը»:

Իրանի դեմ իսրայելա-ամերիկյան հարձակումից ի վեր սա, երևի, Էրդողանի առաջին հրապարակային դժգոհությունն է, որ նա արտահայտում է իրանա-ամերիկայն բանակցություններում Թուրքիայի միջնորդությունը խափանելու կապակցությամբ:

Փետրվարի վերջին շաբաթվա ընթացքում Էրդողանը դիվանագիտական մեծածավալ ջանքեր է գործադրել, որպեսզի կանխի Իրանի դեմ հարձակումը:

Այդ ջանքերին որոշակի աջակցություն են ցուցաբերել Սաուդյան Արաբիան և Կատարը, բայց Պարսից ծոցի և հարևան արաբական երկրների միասնական դիրքորոշում ձեւավորել չի հաջողվել:

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Գուտերիշինի հիշեցնելով այդ մասին, Թուրքիայի նախագահն ակնհայտորեն շեշտել է տարածաշրջանային քաղաքականության հարցերում իր երկրի տեսակետը հաշվի չառնելու ոչ արդյունավետությունը:

Իրանում և նրա շուրջ առկա իրավիճակը Էրդողանին թույլ է տալիես, երևի, «լիահույս լինել», որ մի վճռական փուլում Միացյալ Նահանգների նախագահն, այնուամենայնիվ, իր «կարիքն զգալու» է: Նույնիսկ իսրայելական աղբյուրներն են խոստովանում, որ Նաթանյահուն «չգիտի, թե պատերազմը երբ և ինչպես կավարտվի»:

Ynet-ի ռազմական հարցերով մեկնաբանը գտնում է, որ «Մոսադին» չի հաջողվել «տեղորոշել իրանական սպառազինությունների բոլոր պահեստները»: Ըստ նրա, «փաստացի ոչ ոք չգիտի, թե Իրանի քանի՞ և ի՞նչ հեռահարության և հզորության բալիստիկ հրթիռներ ունի»:

Նման իրավիճակում, երբ «օդից կախված է մնում» նաև ԱՄՆ-Իսրայելի կողմից պատերազմին Պարսից ծոցի արաբական միապետությունների միանալու հավանականությունը, Թուրքիայի «միջնորդության պահանջվածությունը» կարելի է բավական հնարավոր գնահատել:

Թերևս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Անկարա այցը կարող է առիթ հանդիսանալ, որպեսզի Էրդողանը նրա միջոցով Սպիտակ տանը «ինչ-որ ազդակ փոխանցի»:

Ըստ «Անադոլու», հանդիսավոր արարողությունից հետո կայացել է Էրդողան-Գուտերեշ փակ հանդիպում, որին մասնակցել են արտաքին գործերի նախարար Ֆիդանը և Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Չաղաթայը: