Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդը թագուհի Կամիլայի հետ ապրիլի 27-ից պետական այցով գտնվում է Միացյալ Նահանգներում։ Արևմտյան մամուլը այդ այցը կարեւորում է նրանով, որ Մեծ Բրիտանիայի թագավորը «կարող է մեղմել Վաշինգտոնի և Լոնդոնի միջև առկա տարաձայնությունները»։
Մեծ Բրիտանիայի կառավարությունը, ինչպես հայտնի է, չի միացել Իրանի դեմ ԱՄՆ և Իսրայելի պատերազմին, ինչպես նաև Հորմուզի նեղուցի և իրանական նավահանգիստների շրջափակմանը, ինչը հարուցել է Միացյալ Նահանգների նախագահի խիստ դժգոհությունը։
Մեկուկես ամսից ԱՄՆ-ը կտոնի անկախության 250-ամյակը, որ ձեռք է բերել Մեծ Բրիտանիայից, և արքայական զույգը կարող էր Վաշինգտոն այցելել այդ տոնակատարություններին ներկա գտնվելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, Լոնդոն – Վաշինգտոն տարաձայնությունները հասել են վտանգավոր կետի, ուստի Չառլզ Երրորդը Վաշինգտոն է մեկնել, որպեսզի «կանխի խզումը»։
Բրիտանական միապետին քառօրյա այցի ընթացքում ուղեկցում է արտաքին գործերի նախարար Կուպերը, ինչը վկայում է, որ ամերիկա-բրիտանական բանակցությունների առարկան շատ լուրջ է։
The Telegraph-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը Մեծ Բրիտանիայի միապետի հետ փակ բանակցություններից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ Մերձավոր Արևելքում «հակառակորդի դեմ ռազմական հաղթանակ ենք տարել և երբեք թույլ չենք տա, որ նա միջուկային զենք ունենա, Չառլզը ինձ հետ համաձայն» է։
Չառլզ Երրորդի Վաշինգտոն այցին ընդառաջ ԱՄՆ-ը Իրանից ստացել է «փուլային բանակցությունների» առաջարկություն, որի պաշտոնական պատասխանը դեռևս հայտնի չէ։ Սպիտակ տան մամուլի խոսնակ Քերոլայն Լևիտը միայն հաստատել է, որ նախագահ Թրամփը «խորհրդականների հետ այդ հարցը քննարկել» է։
Եթե «Չառլզը համաձայն է, որ Իրանի միջուկային զենք չպետք է ունենա», ուրեմն Իրանի շուրջ իրավիճակը Սպիտակ տան փակ բանակցությունների հիմնական առարկան է եղել։
Իրանի միջուկային ծրագրի հարցում բրիտանա-ամերիկյան համաձայնությունից, եթե ընդունենք, որ այն առկա է, ուղղակի չի հետևում, թե Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չեն կարող մրցակիցներ լինել։
Չառլզ Երրորդի Վաշինգտոն այցին նախորդել է Մեծ Բրիտանիայի և Թուրքիայի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագրի ստորագրումը, մինչդեռ տարածաշրջանի ստատուս-քվոյի հարցում թուրք-ամերիկյան տարաձայնություններն ակնհայտ են։
Մեծ Բրիտանիա-Թուրքիա ռազմավարական համագործակցությունը, անշուշտ, «արտապատկերվելու» է նաև բրիտանա-ադրբեջանական հարաբերություններում։ Այս առումով Վաշինգտոն-Լոնդոն «հաշտեցումը», եթե Չառլզ Երրորդին հաջողվի դրան հասնել, կնպաստի Հայաստան-Ադրբեջան փաստացի խաղաղության ինստիտուցիոնալացմանը և հայ-թուրքական կարգավորմանը։

Բաց մի թողեք
Իրանի պատերազմը ԵՄ-ին օրական արժենում է 500 միլիոն եվրո, զգուշացնում է ֆոն դեր Լեյենը
«Հսկան» վերադառնում է տուն. Պատերազմական առաքելություններից և Մադուրոյի գերեվարումից հետո՝ ռեկորդային վերադարձ
Կիևը խուսափում է Մոսկվայի «Հաղթանակի օրվա զինադադարից»՝ խնդրելով երկարատև զինադադար