Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին ներկայացրել է Վլադիմիր Պուտինի մայիսի 9-ի աշխատանքային ժամանակացույցը։
Ըստ այդմ, նա ելույթ կունենա Կարմիր հրապարակում ավանդական զորահանդեսին, հանդիպումներ կունենա Լաոսի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի նախագահների և Բոսնիա-Հերցեգովինայի մաս կազմող Սերբական Հանրապետության ղեկավարների հետ։
Մոսկվայում սպասում են նաև Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյին։ Վերջինս, սակայն, Կարմիր հրապարակի զորահանդեսին ներկա չի գտնվի, կբավարարվի Անհայտ զինվորի հուշահամալիր այցելությամբ, որտեղ «հարգանքի տուրք կմատուցի Սլովակիայի ազատության համար զոհվածների հիշատակին»։ Նախատեսված են ՌԴ նախագահի և Սլովակիայի վարչապետի բանակցությունները։
Պուտինի հետ նախատեսված բանակցություններից հինգ օր առաջ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն Երևանում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, որից հետո չի բացառել, որ կայցելի Կիև։ Նա նաև արձանագրել է, որ «չնայած առկա տարաձայնություններին, Ուկրաինան և Սլովակիան հարևան պետություններ» են։
Երևան ուղևորվելուց առաջ Ֆիցոն անոնսավորել է Զելենսկու հետ հանդիպում։ Դա պարզ ակնարկ էր, որ Եվրոպայի ժողովրդավարական համայնքի գագաթաժողովում նրա գլխավոր առաքելությունը Զելենսկու հետ հանդիպումն է, ինչից ենթադրել էինք, որ նա, հավանաբար, այդ բանակցություններից Պուտինին «ինչ-որ ուղերձ կտանի»։
Մոսկվայում մայիսյան զորահանդեսին և Պուտին-Ֆիցո նախատեսված բանակցություններին ընդառաջ՝ «Դոսյե» կենտրոնը «տեղեկատվական արտահոսք է կազմակերպել»։ Ընդ որում, «գաղտնազերծված փաստաթուղթը» հայտնվել է Ուկրաինայում հրատարակվող «Новая европейская газета» պարբերականի տրամադրության տակ, որի սկզբունքային դրույթները վերջինս հրապարակել է նաև ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Խոսքը ենթադրաբար ՌԴ նախագահի աշխատակազմում «Սերգեյ Կիրիենկոյի խմբի» կողմից մշակված «Ուկրաինայում հաղթանակի կերպար ստեղծելու» մասին է։ Ըստ այդմ, Կրեմլում հաղթանակը պատկերացում են Ուկրաինա-ԱՄՆ և Ռուսաստան-ԱՄՆ համաձայնությունների տեսքով, որը «կենթադրի Ղրիմի, Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ռուսաստանապատկանություն։ Խերսոնի և Զապորոժիեի մարզերում սահման կլինի զորքերի շփման գիծը, Ռուսաստանը զորքերը լիովին կհեռացնի Սումայի և Խարկովի մարզերից»։
Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ նախագահ Թրամփը ասել է, որ ուկրաինական կարգավորումը «շատ մոտ է և կարող է տեղի ունենալ ավելի շուտ, քան կավարտվի Իրանի հետ պատերազմը»։
Ո՞րն է այդ լավատեսության հիմքը, նա չի մեկնաբանել։ Որքանո՞վ է «Դոսյեի» տեղեկությունը հավանական, նույնպես կասկածելի է։ Ուկրաինայի նախագահ Զելենսկու գնահատմամբ՝ պատերազմը շարունակելու և խաղաղ բանակցությունների միջև ընտրություն Պուտինը «կանի ամռանը»։

Բաց մի թողեք
Եթե Իրանի շրջափակումը շարունակվի, Ռուսաստանը մատակարարումներ կիրականացնի՞
Ուկրաինա – ադրբեջանա – վրացական խորհրդատվությունները «Հայաստանի դեմ չե՞ն»
Իրականությունը Ռուսաստանի ռազմա-քաղաքական վերնախավի հաշվարկի հետևանք է