Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին նա տեղեկացրել է սոցիալական X հարթակում կատարած գրառման միջոցով։
Ըստ ուկրաինացի պաշտոնյայի, «խոսակցությունը արդյունավետ» է եղել։ Նախարարները կենտրոնացել են Զելենսկի-Ալիև վերջերս կայացած «բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վրա։
Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը սոցցանցային գրառում է կատարել իր և Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցի մասին։ Ըստ այդմ, կողմերը «գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դրական դինամիկան», ինչպես նաև «մտքեր են փոխանակել Գաբալայի հանդիպմանը երկկողմ օրակարգի շրջանակում քննարկված հարցերի լուծման շուրջ»։
Ուկրաինայի և Ադրբեջանի համագործակցությունը, այդ թվում՝ ռազմական ոլորտում, ավելի քան քսանհինգ տարվա պատմություն ունի։ Գաբալայում կողմերը քննարկել են սպառազինությունների համատեղ արտադրության կազմակերպման հեռանկարը։
Դա նույնպես նորություն չէ։ Նախանցյալ տարի Ուկրաինան Ադրբեջանում դեսպան է նշանակել ռազմաարդյունաբերության ոլորտի ազդեցիկ ներկայացուցիչ Յուրի Գուսևին։
Արտառոց է, որ մայիսի 6-ին ուկրաինական կողմի նախաձեռնությամբ կայացել է Ուկրաինայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Սիբիգայի և Բոճորիշվիլիի հեռախոսազրույցը։
Ինչպես հայտնել է saqinform-ը, այդ մասին պաշտոնապես տեղեկացրել է Վրաստանի ԱԳՆ-ն, ըստ որի՝ «քննարկվել են վրաց-ուկրաինական հարաբերությունները, ընդգծվել է երկխոսության և այդ ուղղությամբ հետագա քայլերի կարևորությունը»։
Վրաստանի պաշտոնական գործակալությունը իր կողմից հավելել է, որ Սիբիգան և Բոճորիշվիլին «երկու օր առաջ Եվրոպայի քաղաքական համայնքի խորհրդաժողովի շրջանակներում Երևանում հանդիպում են ունեցել»։ Երևանում կայացել է նաև Ուկրաինայի նախագահի և Վրաստանի վարչապետի առաջին «ոտքի վրա» շփումը։
Ռուսաստանյան փորձագիտական և հայաստանյան քաղաքական ընդդիմադիր շրջանակները Նիկոլ Փաշինյանին մեղադրել են «Ուկրաինային և Վրաստանին հաշտեցնելու և Ռուսաստանի դեմ միավորելու միջնորդության» մեջ։
Մայիսի 6-ի ադրբեջանա-ուկրաինական նախարարական եւ նախագահական մակարդակի բանակցությունների համատեքստում Սիբիգա-Բոճորիշվիլի հեռախոսազրույցը, ինչպես երեւում է, վկայում է, որ Կիևի և Թբիլիսիի միջև հավանական «ձնհալի» նախաձեռնությունը պատկանում է Իլհամ Ալիևին։
Պետք է նկատի ունենալ, որ վերջերս նա մեկօրյա այց է կատարել Թբիլիսի, որի ընթացքում փակ հանդիպում է ունեցել «Վրացական երազանք» իշխող կուսակցության պատվավոր նախագահ, երկրի փաստացի առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի հետ։
Հարց է, թե ուկրաինա-ադրբեջանա-վրացական այդ խորհրդատվությունները ի՞նչ հավանական նախագծում ունեն և արդյո՞ք «Հայաստանի դեմ չեն»։

Բաց մի թողեք
Եթե Իրանի շրջափակումը շարունակվի, Ռուսաստանը մատակարարումներ կիրականացնի՞
Մոսկվայում մայիսյան զորահանդեսին և Պուտին – Ֆիցո նախատեսված բանակցություններին ընդառաջ
Իրականությունը Ռուսաստանի ռազմա-քաղաքական վերնախավի հաշվարկի հետևանք է