Պաստառ պատռելու համար ձերբակալված անձը տեղափոխվել էր Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն եւ ինքնասպանություն գործել:
Ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ մայիսի 16-ին ժամը 18:07-ի սահմաններում «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման կենտրոնից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ տեղափոխված Արմեն Հովհաննիսյանը կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել։
«Արմեն Հովհաննիսյանը ձերբակալված էր և գտնվում էր Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնի ձերբակալվածների պահման վայրում: Մայիսի 16-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ձերբակալվածի մոտ նկատվել է հոգեկան անհավասարակշիռ վարքագիծ, ինչից հետո հրավիրվել է շտապօգնություն: Շտապօգնության բժշկի ցուցումով ձերբակալվածը ոստիկանների ուղեկցությամբ՝ շտապօգնության մեքենայով, տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն», – հաղորդում է ՆԳ նախարարությունը:
Քննչական կոմիտեում վարույթ էր նախաձեռնվել՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 1-ին մասով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Առողջապահության նախարարության պարզաբանման համաձայն՝ «ձերբակալված անձի կարգավիճակ ունեցող քաղաքացին ոստիկանության որոշմամբ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն ընդունվել էր մայիսի 16-ին, որտեղ ենթարկվել էր նախնական զննության մասնագետների կողմից և ստացել համապատասխան բժշկական նշանակումներ»։
Այս սահմռկեցուցիչ դեպքը հերթական անգամ փաստում է, որ Հայաստանում օրենքները չեն գործում, իսկ այն փուչիկը, թե մեզանում մարդու իրավունքները պաշտպանված են, հերթական անգամ է պայթում: Պաստառ պոկելը քրեական հանցագործություն չէ, և առնվազն հասկանալի չէ, թե ինչու են քաղաքացուն դրա համար ձերբակալել և մահվան հասցրել:
Մեզ պատմեցին, որ ինքնասպանություն գործած Արմեն Հովհաննիսյանը թեպետ արմատներով Արարատի մարզի Նշավան գյուղից էր, սակայն դեռ 90-ականներին տեղափոխվել էր Արցախ, այնտեղ տուն-տեղ կառուցել, և միայն 2020 թվականի պատերազմից հետո վերադարձել հայրենի գյուղ` հոգեկան վիճակը խաթարված:
Նշավանի վարչական ղեկավարը «Հրապարակին» պատմեց, որ իր ահազանգի հիման վրա են Հովհաննիսյանին ձերբակալել:
«Նուբարաշեն» հոգեբուժարանի տնօրենը հրաժարվեց զրուցել մեզ հետ և պարզաբանել, թե իր ղեկավարած առողջության կենտրոնում ինչպես է հիվանդը ինքնասպանություն գործել, որտեղի՞ց նրան համապատասխան իրերը` կախվելու համար: Ուր են նայում հայ իրավապաշտպանները, որոնք եթե նման դեպք անցյալում լիներ մինչեւ լուսին աղմուկ կբարձրացնեին:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը մեզ հետ զրույցում, խոսելով կատարվածի մասին, նկատում է. «Միանշանակ խիստ դատապարտելի է մարդուն պաստառ պոկելու համար ձերբակալելը: Մարդու մահվան համար պատասխանատվություն են կրում այն կազմակերպությունները, որոնք նախ ձերբակալել են վերջինիս, ապա բուժհաստատության ղեկավարները, որտեղ վերջինս ինքնասպանության է դիմել: Պետք է արվեին կանխարգելիչ գործողություններ, որպեսզի դեպքը տեղի չունենար: Անհիմն պատճառներով մարդուն ձերբակալելն ու կալանքի տանելը մեզանում դարձել է սովորություն: Չի կարելի պաստառ պոկելու համար քաղաքացուն ձերբակալել: Միջազգային կառույցները մասամբ տեղյակ են կատարվածից, քանի որ այդ մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել: Թե ինչպիսին է լինելու արձագանքը, ես չեմ կարող ասել: Անբացատրելի երևույթ է` մարդուն պատժել մի գործողության համար, որն ըստ օրենքի հանցանք չէ»:
Ինչո՞ւ քաղհասարակությունն այլսև չի աղմկում նման դեպքերում. «Այն, ինչ արվում էր առաջ, ես կարծում եմ, որ հիմա էլ է արվում: Ընդհանրապես նման դեպքերը թե առաջ, թե այսօր մեծ քննարկումների առիթ է դառնում: Պարզապես հիմա նախընտրական շրջան է, ցավալի է, բայց այժմ այնքան շատ են տարբեր առիթներով աղմուկ բարձրացնում, որ աղմուկի նոր պատճառների ի հայտ գալուն պես, հին պատճառների մասին սկսում են լռել: Հակառակ պարագայում քաղհասարակությունը մշտապես արձագանքում է նման դեպքերին և խստորեն դատապարտում է: Այսօր նաև Նիկոլ Փաշինյանը մի տիկնոջ հետ ընդհարվեց փողոցում: Այն բառապաշարը, որ մենք լսում ենք քաղաքական մրցակցության մեջ, այնքան է իջեցվել, որ անգամ դրան չենք կարող «փողոցային» որակումը տալ, այն ավելի ցածր մակարդակի վրա է, քան փողոցային մակարդակն է: Այս ամենը խոսում է մեր պետության և քաղաքական գործիչների որակների մասին: Ես տարիներ առաջ անգամ չէի կարող պատկերացնել, որ կարող ենք այսքան ցած իջնել, – ասաց Հարությունյանը:

Բաց մի թողեք
Համայնքապետը մոտ 40 անձի օգնություն է տրամադրել, գույքահարկից ազատել․ Լուսանկար
Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները
Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը