Ֆրանսիայի Ռեն քաղաքի ծանր հանցագործությունների դատարանը հունիսի 10-ի վճռով 30 տարվա ազատազրկման է դատապարտել Ադրբեջանի քաղաքացի Էմին Գասիմովին։
Նա մեղավոր է ճանաչվել 2021թ․ մարտի 141-ին ադրբեջանցի քաղաքական վտարանդի, բլոգեր Մոհամեդ Միրզալիի դեմ «դաժան մահափորձ իրականացնելու» մեջ։ Մյուս երկու կասկածյլաները, որոնց ինքնությունը չի հրապարակվել, դատապարտվել են համապատասխանաբար 18 և 15 տարվա ազատազրկման։
Այս տեղեկությունը հայտնել է Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության «Ազադլըգ» պաշտոնաթերթի ֆեյսբուքայն էջը, որ գործում է Ցյուրիխից։ Ադրբեջանցի բլոգեր Մոհամեդ Միրզալին քաղաքական հալածանքների պատճառով ապաստան է խնդրել Ֆրանսիայում։
Նա հայտնի է որպես ադրբեջանական իշխանությունների և նախագահ Ալիևի ու առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի քննադատ։ Ըստ նախաքննության, հանցավոր խումբը, որի պարագլուխ Էմին Գասիմովը հայտնի է որպես «օրենքով գողերի շրջապատի ներկայացուցիչ», 2021 թ․ մարտի 14-ին Մոհամեդ Միրզալիին «հասցրել են դանակի մի քանի հարվածներ»։
Էմին Գասիմովը, ըստ «Ազադլըգի» աղբյուրների, դատարանում հայտարարել է, որ Միրզալիին «սպանելու նպատակ» չի ունեցել, «միայն վախեցրել է, քանի որ նա ադրբեջանցի կանանց հասցեին անպատիվ գրառումներ է կատարել և տարածել կեղծ տեղեկություններ»։
Թե դատավարության ժամանակ, թե դատավճռի հրապարակումից հետո տուժող Միրզալին հայտարարել է, որ իր «սպանությունը պատվիրել են Ադրբեջանի կառավարական ամենաբարձր շրջանակները»։
Իրավապաշտպան Արիֆ Յունուսովի տեղեկություններով՝ «օրենքով գողերի շրջանակը սերտ կապեր ունի Ռուսաստանի հատուկ ծառայությունների հետ և օգտագործվում է արտերկրում այլախոհ անձանց սպառնալու կամ նրանց նկատմամբ հաշվեհարդար տեսնելու նպատակով»։
Էմին Գասիմովի և հանցակիցների նկատմամբ ֆրանսիական դատարանի խիստ վճիռը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է իրողությամբ, որ Մոհամեդ Միրզալին դարձել է կազմակերպված հանցախմբի, ոչ թե անձնական վրեժխնդրության թիրախ։
Ըստ երևույթին, Ռեն քաղաքի ծանր հանցագործությունների դատարանի վճիռը Բաքվում խսիտ անհանգստությամբ են ընդունել։ Թերևս դա է պատճառը, որ արդեն երրորդ օրն է, ինչ իշխանամերձ մամուլը Ֆրանսիայի և անձամբ նախագահ Մակրոնի հասցեին բռիության հասնող ոճի հրապարակումներ են անում։
Ադրբեջանի իշխող վերնախավը փորձել է ֆրանսիական արդարադատության հետ գործարքի գնալ, բայց հաջողության չի հասել։ Էմին Գասիմովը ամեն պահի կարող է «երգել» և լիովին խոստովանել, թե ում պատվիրով է «վախեցրել» Մոհամեդ Միրզալիին։ Իսկ այդ խոստովանությունը թանկ կարժենա։

Բաց մի թողեք
Ընդդիմության բարդ դիլեման
Այլևս պաշտոնապես ընտրակեղծարարներ․ Կրկնաընտրություն պետք է լինի․ Տեսանյութ
Ինչ է պետք անել հիմա այս իրավիճակից անցնցում դուրս գալու համար. Տեսանյութ