23/06/2026

EU – Armenia

Ո՞վ էր տեսել նման բան, որ ձայները հաշվելիս այսքան ձայն անվավեր ճանաչվի. Լուսանկար

«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր Ալեքսեյ Սուքոյանն է:

– 7 քաղաքական ուժ դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները: Աննախադեպ երեւույթ է, որ այսքան շատ ուժեր դիմեն ՍԴ` չճանաչելով ընտրությունների արդյունքները: ՍԴ-ն արդեն որոշում է կայացրել, որ Արտակ Զեյնալյանը եւ Վլադիմիր Վարդանյանը չեն մասնակցելու դիմումների քննությանը, քանի որ «կանխակալ վերաբերմունք ունեն» կողմերի հանդեպ: Նրանցից մեկը «Հանրապետություն» կուսակցության անդամ է եղել, մյուսը` ՔՊ: Քանի որ Նիկոլ Փաշինյանը կուսակցական նախկին գործիչներին ուղարկել է ՍԴ, ուստի նման որոշումն անխուսափելի էր: «Հայաստան» դաշինքը դիմել է նաեւ Սեդա Սաֆարյանի մասնակցությունը կասեցնելու պահանջով, քանի որ նա Մարտի 1-ի գործով ներկայացուցիչ է եղել, զեկույցի համահեղինակ եւ կանխակալ վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ ՍԴ-ն կարո՞ղ է անաչառ որոշում կայացնել, թե՞ ոչ: Նկատենք նաեւ, որ 2021-ին էլ «Հայաստան» դաշինքը դիմել էր ՍԴ՝ նույն պահանջով, սակայն մերժվեց:

– Անկողմնակալ արդյունքի, որոշման վերաբերյալ թերահավատ եմ, հաշվի առնելով այսօրվա Սահմանադրական դատարանի կազմը: Այո, երկու դատավոր չեն մասնակցելու գործի քննությանը, սակայն Սեդա Սաֆարյանը մասնակցելու է, նրա օբյեկտիվությունը եւս ինձ համար կասկածի տակ է: Նույն հիմքերով նա նույնպես չպետք է մասնակցեր, հաշվի առնելով նրա նախկին կուսակցական պատկանելությունը, նրա հայտարարությունները եւ այլն: Նա ինչքանո՞վ կլինի օբյեկտիվ՝ մեծ հարցական է: Վերջնական արդյունքի մասին կդժվարանամ հստակ գնահատական տալ այս պահին, սակայն կարող եմ ասել, որ կուսակցությունները ճիշտ են արել` դիմելով ՍԴ, ես դրական եմ վերաբերվում այս քայլին:

– Բայց եթե ՍԴ-ն անկողմնակալ չէ, եւ արդյունքում արդարությունը չի վերականգնվելու, ի՞նչ է տալու ՍԴ դիմելը, ընդդիմադիր զանգվածին եւս մեկ անգամ հիասթափեցնելուց բացի:

– Իսկ եթե չդիմեին, ի՞նչ էին շահելու: Ենթադրենք՝ չեն դիմել, ի՞նչ է տալու դա: Անկախ վերջնարդյունքից, Սահմանադրական դատարան դիմելն իրավական առումով ճիշտ քայլ էր: Նույնիսկ եթե այն բացասական վճիռ կայացնի, հայցվորները հերթական ապացույցը կունենան իրենց ձեռքին, թե Հայաստանում օրենքն ինչպես է գործում: Եթե չդիմեին ՍԴ, հասարակությունը կարող էր հարցնել` ինչո՞ւ չդիմեցիք, գուցե դատարանն օբյեկտիվ վճիռ կայացներ….

– Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստացի օրենքին դեմ գնաց, անվավեր ճանաչեց երեք ընտրատեղամասերի արդյունքները, ապա հայտարարեց, որ վերաքվեարկություն չի նշանակելու: Ի՞նչ քայլ է սա:

– Պարտադիր չէ իրավաբան լինել՝ հասկանալու համար, որ աննախադեպ երեւույթ է սա: Մենք լսել էինք մոլդովական սցենարի մասին, լսել էինք ռումինական սցենարի մասին, բայց պարզվեց, որ կա նաեւ հայկական սցենար, ինչն առավել աննախադեպ է, քան մնացյալը: Ձայները հաշվելու ընթացքում ԿԸՀ-ն ուղղակի որոշում է, որ պետք է 3 հազար ձայն անվավեր ճանաչի եւ Նիկոլ Փաշինյանի ցանկությունը կատարի: Նման երեւույթ ոչ միայն Հայաստանում երբեք չի եղել, այլեւ ամբողջ աշխարհում սա չլսված բան է, ո՞վ էր տեսել նման բան, որ ձայները հաշվելու ընթացքում այսքան ձայն կարող է ուղղակի անվավեր ճանաչվել, ու նոր քվեարկություն չնշանակվել:

– Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է, որ ընդդիմության երեք առաջնորդներին տասը տարով բանտարկելու է, ունեզրկելու է, այն դեպքում, երբ նրանցից առնվազն երկուսը գոնե պետական չինովնիկ երբեք չեն եղել, ի տարբերություն Փաշինյանի եւ իր թիմակիցների:

– Նա այսպիսի հայտարարություններ անելու իրավունք չունի: Մեր երկիրն այս ճանապարհով գնում է դեպի բռնապետություն: Օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունները վերջին տարիներին միաձուլվել են՝ դառնալով մեկ ընդհանուր իշխանություն, ինչը շատ վատ է: Գործադիրն ու օրենսդիրը վաղուց են միացվել, մնացել են սակավաթիվ դատավորներ, շուտով այս համակարգն էլ լրիվ կվերցնեն իրենց հսկողության տակ, ու վերջ…. Բռնապետությունը պատրաստ է:

– Ի դեպ, Բարձրագույն դատական խորհուրդը շարունակում է նպաստել այս ամենին, անգամ կարծիքներ կան, որ Կարեն Անդրեասյանի ժամանակ այսքան վատ չէր այս կառույցի վիճակը, որքան հիմա է:

– Կարեն Անդրեասյանն աշխատում էր անօրեն: Վկայությունն այն տասը գործերն են, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Մեկուկես տարվա ընթացքում նա ուղղակի որոշեց առանց որեւէ հիմքի դադարեցնել տասը դատավորի գործունեություն: Ինչ վերաբերում է այսօրվա ԲԴԽ-ի աշխատանքին, ապա ես ոչ մի դրական բան չեմ լսել, չեմ տեսել, սակայն այն կարծիքին եմ, որ Կարեն Անդրեասյանից վատ այդ կառույցը ոչ ոք չի ղեկավարել:

– Ըստ Ձեզ` ինչպե՞ս ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանը հավաքեց ամենաշատ ձայները: Թեպետ նա չունի սահմանադրական մեծամասնություն եւ հավաքել է ընդամենը 49 տոկոս ձայն, սակայն մյուսներն ավելի քիչ ձայներ են հավաքել: Արդա՞ր էին այս ընտրությունները` Ձեր կարծիքով:

– Պետք է սպասենք ՍԴ որոշմանը, սակայն, ամեն դեպքում, մենք տեսանք, որ աննախադեպ վարչական ռեսուրս է կիրառվել, քրեական գործերը, որոնք ընտրություններից առաջ հարուցվեցին, անթիվ էին եւ անհամար, դրան էլ գումարած` այսքան ձայներ անվավեր ճանաչելը։

«Հրապարակ»․ Ո՞վ էր տեսել նման բան, որ ձայները հաշվելիս այսքան ձայն անվավեր ճանաչվի