ՔՊ-ական պատգամավորները պատգամավորական երդման տեքստը փոխելու նախագիծ են շրջանառել։ ՔՊ-ականներ Ալեն Սիմոնյանի, Արուսյակ Ջուլհակյանի եւ Հասմիկ Հակոբյանի հեղինակած նախագծով առաջարկվում է գործող երդման տեքստից դուրս թողնել «հանուն համազգային նպատակների իրականացման», «ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար» ձեւակերպումները եւ դրանց փոխարեն տեքստում ավելացնել, որ ՀՀ քաղաքացիների համար անելու են ամեն ինչ՝ «անվտանգության ու ազատությունների պաշտպանության համար»։
Ինչպես նաեւ՝ երդման տեքստը եզրափակել Փաշինյանի հետպատերազմական լոզունգներից մեկով․ «Փառք նահատակներին, եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը»։
Հրապարակ թերթը զրուցել է նախագծի համահեղինակներից Հասմիկ Հակոբյանի հետ։
– Ինչո՞ւ որոշեցիք պատգամավորական երդման տեքստը փոխել, որոշ արտահայտություններ դուրս թողնել, փոխարենը համալրել Փաշինյանի լոզունգներով։
– Դուք նախագծի հիմնավորումները չե՞ք կարդացել, այնտեղ պարզ գրել ենք։
– Կարդացել եմ, բայց շատ տարօրինակ եւ անհասկանալի առաջարկներ կան, օրինակ, ձեր իշխանությունն անվտանգության ապահովման առումով ամենախոցելին է, բայց դուք ասում եք, թե ամեն ինչ անելու եք քաղաքացիների անվտանգության համար։
– Դա Ձեր գնահատականն է, Դուք ո՞նց եք Ձեր գնահատականները դնում։
– Ի՞նչն է ձեզ դրդել՝ փոխել նախկին տեքստը։
– Վատ է, որ Ձեր գնահատականը դնում եք որպես հարյուր տոկոսանոց ճշմարտություն, բայց մեր իշխանության ժամանակ է, որ տարիներով զոհ չկա սահմանին, վիրավոր չկա, եւ կրակոց չկա սահմանին։ Եթե դուք դա չեք համարում անվտանգության ցուցիչ, ուրեմն չգիտեմ՝ ինչն է ձեր համար անվտանգությունը։ Ձեր էն անցած բարի ժամանակ՝ անվտանգության տարիներին, ամեն օր մեր եղբայրները գնում էին, վիրավորվում էին, ամեն զինվոր ունեցող ծնողը չէր քնում, մինչեւ առավոտը չէր իմանում, որ դիրքից անվտանգ իջել է։ Հիմա նման բան չկա, եթե ձեր համար դա անվտանգություն չի, ուրեմն չգիտեմ՝ ինչն է անվտանգություն։
– Հիմա ձեր շնորհիվ Արցախ չկա․․․
– Ինչի այն ժամանակ կա՞ր։
– Չկա՞ր։
– Կա՞ր։
– Իհարկե, կար։
– Հա՞, իսկ առանձին հանրապետությո՞ւն էր, թե՞ Հայաստանի մաս էր։
– Շատ լավ գիտենք՝ ինչ էր, ոնց էր, ու ձեր ասած զոհերի հանգամանքներն էլ գիտենք՝ հանուն ինչի էր, հայրենիք էր պահվում։
– Հայաստանի սահմանին կրակոցներ չկա՞ր։ Քանաքեռի չաստում, այո, չկար կրակոցներ, բայց ամբողջ երկայնքով արդյո՞ք կար կրակոցներ, թե՞ զոհեր չկար։
– Իսկ չե՞ք տեսնում, որ իրավիճակը փոխվել է՝ Արցախն այլեւս չկա, Հայաստանի սահմանին էլ եթե անգամ կրակոց չկա, որովհետեւ չորս կողմից օկուպացրել են, Կիրանցում էլ ինչ ուզեցին՝ տվեցիք, էլ ինչո՞ւ կրակեն։
– Իսկ իրենք ի՞նչ են ստացել Կիրանցում։ ՀՀ սուվերեն տարածքից ինչ-որ հատվա՞ծ է Ադրբեջանը մեզնից ստացել։
– Այո, կադաստրի վկայականներ կային։
– Ձեզ խորհուրդ կտամ՝ կամերան վերցնել, գնալ Կիրանց եւ ասել՝ ցույց տվեք՝ ինչ սահման է մնացել ՀՀ տիրապետության տակ, ինչն է անցել, ձեզ կասեն։ Եթե մենք դա չենք նկարում ու չենք խոսում, դա չի նշանակում, որ ինչպես ուզեք, կարող եք մանիպուլացնել։
– Մեկ էլ Ջերմուկում կամ Վարդենիսում չեն օկուպացրել մեր սահմանները։
– Եկել են, մեր սուվերեն տարածքը զավթել են, բայց մենք հրաժարվո՞ւմ ենք մեր տարածքից, սահմանազատումը երբ անենք, դրանք հետ կստանանք։ Երբ որ ժամանակին մենք ենք առաջ գնացել՝ տարբեր իրադարձությունների բերումով՝ որպես բուֆերային գոտի, ինչ կարողացել ենք, վերցրել ենք, մեր տարածքներն ապահովագրել ենք․․․
– Ձեր իշխանությո՞ւնն է նման գոտիներ վերցրել։
– Հայաստանի Հանրապետությունը։
– Բայց ձեր իշխանության ժամանակ երբեք նման բան չի եղել։
– Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունից հետո, Ադրբեջանի հետ պատերազմից հետո, որ ինչ-որ տարածքներ առաջ ենք գնացել, բուֆերային գոտի եւ այլն, հիմա, որ ուզում ենք գծենք՝ որն է մերը, դուք մեզ մեղադրում եք, երբ հիմա Ադրբեջանն է մեր տարածքները զավթել, ըտեղ պետք չի քննադատել, այսինքն, ուզում եմ ասել՝ նույն իրավիճակն է, բայց դուք մի դեպքում քննադատում եք․․․
– Նորմալ չէ՞, որ ես իմ պետության շահը պիտի պաշտպանեմ, ոչ թե հանդես գամ Ադրբեջանի շահերից։
– Նորմալ չի։ Օրինակ, դուք սպանությանը ո՞նց եք վերաբերվում՝ վատ, եթե քո երեխան է սպանել, ուրեմն լավ է արել, եթե քո երեխուն են սպանել, ուրեմն դու վատ ես վերաբերվում։
– Նախ՝ դրանք տարբեր իրավիճակներ են։
– Նույն բանն է, էդ նույն վատ բանը հիմա արել է Ադրբեջանը մեր հանդեպ, մենք ասում ենք՝ մեր տարածքներից չենք հրաժարվել, էդ որտե՞ղ ենք մենք զիջել։
– Վերադառնանք երդման տեքստի փոփոխությանը՝ ինչո՞ւ եք ջնջել «հանուն համազգային նպատակների» արտահայտությունը։
– Ո՞րն է էդ համազգային նպատակը։
– Դուք ասեք, դուք եք փոխել, թե՞ կարծում եք, որ համազգային նպատակ չի կարելի ունենալ, օրինակ, իմ կարծիքով՝ ցեղասպանության թեմայով միշտ համազգային նպատակ ենք հետապնդել։
– Մենք մանրամասնել ենք՝ որն է մեր համազգային նպատակը, օրինակ՝ քաղաքացիների անվտանգության ապահովումը։ Դուք չգիտե՞ք, որ ցեղասպանության ճանաչումը մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի։
– Նկատի ունեք ՔՊ-ի՞։
– Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանության։ Դա դուրս չի մնացել մեր օրակարգից, բայց դա մեր թիվ մեկ առաջնահերթությունը չի, թիվ մեկ առաջնահերթությունը խաղաղությունն է տարածաշրջանում, սահմանների անվտանգությունը, ինչը մենք ապահովել ենք։
– Ճի՞շտ եմ հասկանում, որ պետական ինստիտուտներում գործող բոլոր տեքստերը մտադիր եք փոխել, հարմարեցնել ձեր՝ ՔՊ-ի պատկերացումներին։
– ՔՊ-ի պատկերացումները չեն, այլ Հայաստանի անվտանգությունից բխող բաներ են։ Չէ, եկեք կենացներ խմենք՝ ծովից ծով Հայաստանը ետ բերելու, եթե կուզեք՝ էդպես կենացներ խմենք, արել ենք 35 տարի, մեզ ի՞նչ է տվել։
– «Փառք նահատակներին, կեցցե Հայաստանի Հանրապետությունը» Փաշինյանի հետպատերազմական լոզունգն ավելի ոգեշնչո՞ղ է, քան․․․
– Թե էդտեղ էլ եք խնդիր տեսնում, փառք չի՞ նահատակներին, դա նաեւ հայտնի արտահայտություն է, որը նախկինում էլ է օգտագործվել շատերի կողմից, մենք ինչին էլ որ հասել ենք, դա մեր նահատակների զոհողությունների գնով է եղել, եւ վստահ ենք, որ նրանց պայքարն այսօրվա Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության համար է եղել։
– Ի դեպ, որ մի քանի անգամ շեշտեցիք, թե ընտրված իշխանություն եք, ուզում եք ասել, որ ինչ կուզեք, կանեք, ոչի՞նչ, որ դուք սահմանադրական մեծամասնություն չունեք, անգամ 50 տոկոս չեք հավաքել, իսկ ըստ ձեզ քննադատողների՝ գողացել եք ԲՀԿ-ի մանդատները, եւ դրա շնորհիվ է, որ կարողանալու եք սահմանադրական մարմինների ղեկավարներ ընտրել։ Բայց չէ՞ որ այս տեքստով երդվելու են նաեւ ընդդիմադիրները, որոնք քիչ են ձեզ զիջում, եւ գուցե համազգային վերոնշյալ նպատակներն իրենք ունեն՝ իրենց ընտրողներով հանդերձ։ Ինչո՞ւ պիտի ձեր ճաշակով գրված տեքստով երդվեն։
– Ձեր սիրելի դաշնակցական պատգամավորները․․․ համազգային նպատակներով տեքստով չեն երդվում, որովհետեւ նրանք մի երդում են տալիս, դա զենքի վրա դաշնակցական երդումն է։
– ՀՅԴ-ական պատգամավորները եւս տարիներ շարունակ խորհրդարանում երդվել են։
– Ոչ, Իշխան Սաղաթելյանին զանգեք՝ իր տան խուզարկությունից զատ, կարող է էդ հարցին էլ պատասխանի։ Երկրորդ․ ինչո՞ւ էիք նախորդ 5 տարիներին Հայկ Մամիջանյանին, Աննա Մկրտչյանին եւ այդ խմբակցության մնացած պատգամավորներին «պատգամավորով» դիմել, բա նրանք անցողիկ շեմը չեն հաղթահարել, կարող ա՞ ձեռ է տալիս՝ դիմում եք, բայց ՔՊ-ն, որ 0.3 տոկոս էր, որ չէր հերիքում, հիմա ասում եք՝ 50+ էլ չեք հավաքել։
– Նախ՝ օրենքի ուժով են այդ մարդիկ պատգամավոր դարձել, ինքնահռչակներ չեն, երկրորդ՝ ասում եմ, որ դուք այսպիսի ընտրություններով անգամ ընտրողների մեծամասնության քվեին չեք արժանացել, էլ չենք խոսում՝ ՀՀ բնակչության, ո՞նց եք նման ինքնավստահ քայլեր անում՝ անտեսելով մյուսների կարծիքը։
– Բա փոշիացած ձայնե՞րը․․․ կարող է 60 տոկոսից ավել են մեր ձայները կազմում։
– ՀՀ-ում ապրող քաղաքացիների մեծամասնության վստահությունը չունեք՝ միակ փաստը դա է, բայց գնում եք «համազգային նպատակների» փոփոխության։
– Ռուսաստանից բերած ձեր սիրելի կալուգացիների ձայները հանե՞լ եք, ասում եք՝ ՀՀ-ում ապրողների մեծամասնության ձայները չեք ստացել, հաշվե՞լ եք՝ հանե՞լ եք այդ ձայները, թե Հայաստանում ապրողների քանի տոկոսն է մեզ ձայն տվել։
– Իսկ դուք, ինչպես ընդդիմադիրներն են պնդում, առանց ընտրախախտումների կարո՞ղ էիք այդքան ձայն հավաքել։
– Ո՞ր ընտրախախտումներով․․․ Ընդդիմադիրները շատ բան են ասում, 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին էլ էին ասում, ամեն ինչ ճի՞շտ են ասում։
– Վերջին օրերին երեւի չեք լսել ադրբեջանական կողմից հայտարարությունները՝ 300 հազար ադրբեջանցիների մասին։
– Շատ հնարավոր է, որովհետեւ մի ամբողջ ընդդիմադիր դաշտ, որն անցել է նաեւ խորհրդարան, Հայաստանում եւ աշխարհում օրակարգ սարքեցին ադրբեջանցիների վերադարձը, ցույց տվեցին հայերի վախն այդ օրակարգից, բա ի՞նչ պիտի անեն, պիտի խոսեն։
– Մինչեւ ընդդիմադիրների հայտարարությունները, Ալիեւի հոխորտանքները չէի՞ք լսել, Ալեն Սիմոնյանն էլ դեմ չէր, որ ադրբեջանցիները գան՝ միասին ապրեն հայերի հետ։
– Մի մանիպուլացրեք, Ալեն Սիմոնյանն ասել է, որ լավագույն բանն այն կլինի, որ մի շրջան գա, եւ մենք կարողանանք ապրել։
– Դուք իսկապե՞ս ընդդիմադիրներից եք լսել ադրբեջանցիների գալու մասին հայտարարությունները։
– Մենք շատ բան ենք վաղուց լսել, շատ վատ է, որ ադրբեջանցիների ասած ամեն մի հիմարություն վերցնում է կարեւոր դերակատարում ունեցող ընդդիմադիր ֆրակցիան եւ մյուսները ու մեր կյանքում դարձնում են օրակարգ, վախացնում են ժողովրդին, եւ ադրբեջանցիներին էլ ցույց են տալիս, թե որքան հաջողվել է իրենց բառաչանքը։
– Նիկոլ Փաշինյանն էր ընտրություններից առաջ ժողովրդին ահաբեկում՝ եթե ընդդիմությունն անցնի, Ադրբեջանը պատերազմելու է սեպտեմբերին, ինքն է՞լ էր «իշմար տալիս» Ալիեւին։
– Մենք դա շատ լավ բացատրել ենք, մենք ասել ենք՝ եթե ընդդիմադիրներն անցնեն, ու այս օրակարգը լինի՝ չպարփակվել 29 743-ի մեջ, այսինքն, անհասցե պատերազմի կոչ անել մեր բոլոր հարեւաններին, որովհետեւ մեր սահմաններով չպարփակվելը դա որեւէ հարեւանի սահման մտնելն է, ուղիղ նաեւ պատերազմի կոչ է, ո՞նց եք պատկերացնում՝ մենք մտնենք ուրիշ երկրի տարածք, իրենք հաճույքով պիտի հետ քաշվե՞ն, բա դա պատերազմ չի՞։
– Լավ, անիմաստ է, եկեք ամփոփենք, կա՞ էլի տեքստ, որ առաջիկայում փոխելու եք՝ ձեր պատկերացումներին համապատասխանեցնեք։
– Մենք ինչ միտք ունենք, բարձրաձայնում ենք, ինչ տեքստ ունենանք փոխելու, կհրապարակենք։

Բաց մի թողեք
7 ուսանող, եւ ամբիոնը նորից կգործի․ Անուշ Սեդրակյան
Ցավում եմ հայրենիքիս համար
Մրցույթ են հայտարարել, ծածուկ անցկացրել՝ դիմողներին տեղն էլ չեն ասել