Ընտրություններից առաջ ընդդիմադիր դաշտում կարծիքներ էին հնչում, որ պետությունը չունի բավարար միջոցներ՝ առողջապահության ապահովագրությունը ֆինանսավորելու համար, եւ ընտրություններից հետո այն դադարեցվելու է կամ ուղղակի սառեցվելու է, քանի որ ներդրվել էր՝ առանց հիվանդանոցների կարողությունները, պետության առողջապահական բյուջեն հաշվի առնելու:
Հրապարակ թերթը գրել է․ Եվ ահա, դեռ մի ամիս էլ չանցած՝ տեսնում ենք նորածին համակարգի մահվան առաջին նշանները: Քաղաքացիները մերժումներ են ստանում, կամ էլ նրանցից այս կամ այն անվան տակ հավելյալ գումար են կորզում:
«Ես հունիսի 22-ին գրանցվել էի նեղ մասնագետի մոտ՝ հունիսի 26-ի համար: Ինձ ասացին, որ հունիսի 18-ից արդեն 25% համավճար է գործում, իսկ 26-ին որ եկա, պարզվեց՝ այդ պահին արդեն 50% է: Ինձ թույլ տվեցին 25% վճարել, քանի որ այդ գործող սակագնով էի գրանցվել: Սա՛ է: Օպերացիան ավարտվեց, շքանշանը եւ այլ պարգեւներ բաշխվեցին, մնացածն էլ՝ դե ի՞նչ կարեւոր է»,- գրում է ՀԱԿ վարչության անդամ Սամվել Կարաբեկյանն իր ՖԲ էջում:
Առողջապահության համընդհանուր հիմնադրամից տեղեկացնում են, որ համավճարի կիրառման կարգում որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել։ «Համավճարը կիրառվում է օրենքով սահմանված կարգով, իսկ մատուցվող ծառայության արժեքը յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն սահմանում է ինքնուրույն, ինչը չի կարող գերազանցել սահմանված գնի կրկնապատիկը»,- Կարաբեկյանին պատասխանել է հիմնադրամը, բայց չի համոզել նրան: «Ի՞նչ կար էդ պատասխանի մեջ, որ մեկ էլ համոզեր: Ստանդարտ բյուրոկրատական ոչինչ չասել…»,- նշում է նա:
Ստացվում է, որ ցանկացած բուժհաստատություն կարող է ցանկացած պահի գին սահմանել կամ փոխել իր ծառայությունների արժեքը, հաշվարկել այնպես, ինչպես ինքն է ուզում, իսկ քաղաքացին ստիպված է լինելու վճարել այնքան, որքան պահանջում են, առանց հստակ պատկերացման, թե ինչի համար է վճարում եւ ինչքան է պարտավոր վճարել: Այդ դեպքում ի՞նչ առողջապահության ապահովագրություն, ի՞նչ անվճար բուժծառայություններ, որի մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում գլուխ էին գովում Նիկոլն ու «ուրախ ավտոբուսի» մյուս ուղեւորները:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր վերջին ասուլիսում թիվ է հնչեցրել՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման համար շուրջ 80-97 միլիարդ դրամ ընդհանուր ծախս է կատարվել, սակայն չի ասել, թե որքան է հավաքագրվել այս գործընթացում: «Ծախսը երեք կոմպոնենտ ունի: Մեկը մեզնից վերցվածն է՝ որպես ապահովագրավճար, մյուս մասը պետությունից վերցվածն է, այսինքն՝ բյուջեից, երրորդն էլ, այսպես կոչված, համավճարն է, որը հավաքվում է առողջապահական կազմակերպություններում, որից տրվում է աշխատավարձ եւ այլն»,- պարզեցնում է «Առողջության իրավունք» ՀԿ հիմնադիր, պետական առողջապահական գործակալության նախկին տնօրեն Ծաղիկ Վարդանյանը: Օրենքում ասվում է, որ մատուցվող ծառայության արժեքը յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն սահմանում է ինքնուրույն, ինչը չի կարող գերազանցել սահմանված գնի կրկնապատիկը։ Հիմա՝ քաղաքացին ինչպե՞ս պետք է նախապես իմանա, թե բուժհաստատությունում ինչ համավճար են իրենից պահանջելու՝ 25 տոկոս, 50 տոկոս, ինչքա՞ն:
«Եթե, օրինակ, խորհրդատվության համար սահմանված է 6 հազար դրամ, ապա մինչեւ 12 հազար դրամ բուժհաստատությունը կարող է գին դնել: Մի տեղ կարող են 1000 դրամ դնել, մի տեղ՝ 5 հազար, մի տեղ՝ 12 հազար: Կարեւորն այն է, որ օրենքը թույլ է տալիս սա: Կամ՝ մի կազմակերպություն կարող է սկսել համավճարի մասին օրենքի դրույթը կիրառել, ասենք, հունիսի 1-ից, մյուսը կարող է զգուշորեն սպասել, ընտրություններն ավարտվեն, ու նոր միայն սկսել կիրառել»:
Իհարկե, համավճարը պետք է կոնստանտ թիվ լիներ, իհարկե, պետք է միասնական մոտեցում լիներ, որը չկա, եւ օրենքը խրթին է գրված, ուստիեւ քաղաքացիների դժգոհությունները բնական են: Ընտրությունից առաջ հաստատությունները նույնիսկ բանավոր հրահանգ էին ստացել, որ 3 հազար դրամից ավելի համավճար չկիրառեն, բնականաբար` քարոզչական նպատակներով: Բայց ընտրությունն ավարտվեց, եւ բուժհաստատությունները սկսեցին լիարժեք օգտվել համավճար գանձելու հնարավորությունից:
Թե ինչպես՝ Ծաղիկ Վարդանյանը բացատրում է խորհրդատվական ծառայության արժեքի օրինակով: Հայաստանում կոնսուլտացիայի շուկայական գները տատանվում են 10-100 հազարի սահմաններում: Միջին բժշկի կոնսուլտացիայի համար կարող են պահանջել 10-25 հազար: Շատ բարձր գներ էլ կան: Օրինակ, հոգեբուժական որոշ մասնավոր կազմակերպություններ հոգեբույժի կոնսուլտացիայի համար 50-100 հազար դրամ են վերցնում: «Պետությունը կոնսուլտացիայի համար շուկայական գնից ցածր գին է սահմանել՝ 6 հազար դրամ: Բնական է, որ բուժհաստատություններում գայթակղությունը մեծ է լինելու, որ գոնե 10 հազար դարձնեն: Այսինքն, դու սահմանել ես շուկայականից ցածր գին, թույլատրում ես համավճարի կիրառումը ու չես կարգավորում այն, որ ով ոնց ուզի, համավճար կիրառի: Եվ ստացվում է, որ մեկը 5 տոկոս է վերցնում, մեկը՝ 25, մեկը՝ 50»:
Այսպիսով, ընտրություններից առաջ կազմակերպությունները կաշկանդված էին բողոքներով, թեժ գծի բերանն ընկնելու վտանգ կար, իշխանություններին ձայն էր պետք, եւ արձագանքը բողոքներին շատ արագ էր վրա հասնում: Հիմա կազմակերպությունների ձեռքերն ազատվել են: Ի դեպ, առողջության ապահովագրության հիմնադրամի նոր տնօրենը՝ Ռուբեն Մելիքյանը, ֆինանսիստ է, բանկային գործիչ, «Ամիո» բանկի նախկին գլխավոր ֆինանսական տնօրենն է եղել, նաեւ ճգնաժամային լավ կառավարիչ է: Աշխատել է Ղազախստանի «Բերեկկե բանկում», որը հայտնվել էր պատժամիջոցների տակ, եւ այն դուրս է բերել ճգնաժամից: Հիմա ճգնաժամից «հանելու է» մեր ապահովագրական համակարգը, այսինքն՝ աշխատելու է հնարավորինս քիչ փող ծախսել՝ օգտագործելով ՀՀ քաղաքացիների գրպանները:

Բաց մի թողեք
Ինչպես է Վահագն Ալեքսանյանն ապահովելու Յոնջլախցի Վալոդի իրավունքները
Իրավիճակը առաջնագծում եւ սահմանամերձ քաղաքներում ծանր է. Լուսանկար
Մարզպետը հրահանգել է քանդել Բերդում իշխող կոալիցիան` չսպասելով 2027-ին