29/07/2026

EU – Armenia

Ռուս բլոգերի դեմ ՀՀ-ում քրգործ են հարուցել reel–ով հայերին վիրավորելու համար

ՀՀ-ում հանրային քրեական հետապնդում է հարուցվել ռուս բլոգեր Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ, որը reel–ի միջոցով վիրավորել է հայերին։

Այս մասին «Вот Так»–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից, հաղորդում է Sputnik-ը։

Բանն այն է, որ բլոգերը «Ինստագրամի» իր էջում հուլիսի 14-ին տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայերին առնետներ է անվանել ու վրդովվել է, որ Վարդավառին իրեն ջրել են։ Նա նաև Վարդավառի ընթացքում իրար ու անցորդներին ջրող քաղաքացիներին անվանել է անտակտ ու նշել, որ դա ագրեսիայի դրսևորում է։ Այս reel–ին կտրուկ արձագանքել են հայ օգտատերերը և ռուսական սփյուռքի մի մասը։

«ՔԿ–ում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նախաքննության ընթացքում նշված էջի օգտատերը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել և ներկայանացվել է վարույթն իրականացնող մարմին։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսք, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու հոդվածով»,– նշել են ՔԿ–ից։

Նադեժդա Պիրոժկովայի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Նախաքննությունը շարունակվում է։

Սկանդալային բլոգերը ենթադրաբար Հայաստանում է ապրում 2025 թվականի գարնանից։