Երևանում բացահայտվել է կազմակերպված հանցավոր խումբ, որի անդամները կասկածվում են մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում բնակարանային գողություններ կատարելու մեջ։
Ոստիկանության տեղեկություններով՝ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալների հիման վրա, իրականացրել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Դրանց արդյունքում պարզվել է, որ Արմավիրի մարզի 36, 41 և 42 տարեկան բնակիչները, ինչպես նաև Երևանի 37-ամյա բնակիչը, տեխնիկական միջոցների կիրառմամբ մուտք են գործել մայրաքաղաքի տարբեր հասցեներում գտնվող բնակարաններ և իրականացրել գողություններ։
Բաժնի ավագ քրեական ոստիկան Վարդգես Ասլանյանի խոսքով՝ օպերատիվ տեղեկությունների իրացման ընթացքում կասկածյալները ձերբակալվել են Մաշտոց պողոտայի և Սարյան փողոցի խաչմերուկում։ Նրանք, ինչպես նաև նրանցից մեկի վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենան, տեղափոխվել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքային վարչություն։
41-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են տարբեր տեսակի ոսկյա և արծաթյա զարդեր, ինչպես նաև կանխիկ դրամ, որոնք, նախնական տվյալներով, հափշտակվել էին բնակարաններից մեկից։ Իսկ 36-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են ավելի քան 2 գրամ ընդհանուր քաշով ադամանդանման քարեր, իսկ նրա օգտագործած ավտոմեքենայում՝ գողացված այլ իրեր։
Ձերբակալվածները և հավաքված նյութերը փոխանցվել են նախաքննական մարմնին։ Դեպքի առթիվ նախաքննությունը շարունակվում է։

Բաց մի թողեք
Վարչապետը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել իր հետ աշխատած նախկին պաշտոնյայի՝ Լիպարիտ Դրմեյանի դեմ
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Հերթական ձերբակալությունը Գյումրիում. բերման է ենթարկվել «Հայաստան» դաշինքի շտաբի պատասխանատուն․ Լուսանկար