Ժողովրդական խոսք կա. «Ինչպես դիմավորես Ամանորը, այդպես էլ կանցնի ամբողջ տարին»։ Թեպետ քաղաքականության մեջ նման ասույթները ցուցիչ չեն, հատկապես որ դա ավելի շատ սնոտիապաշտություն է, քան ավանդույթներով ապացուցված խոսք, սակայն, այնուամենայնիվ, յուրաքանչյուր գործում մեկնարկը երբեմն կանխորոշում է հետագա ամբողջ ընթացքը։
Եվ ահա վաղը՝ օգոստոսի 2-ին, տեղի է ունենալու 9-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստը։ Դատելով նիստի օրակարգից՝ որևէ ինտրիգ չկա, ամեն ինչ բխելու է օրենքից ու առաջնորդվելու են սահմանված ընթացակարգով։ Սակայն եթե ինտրիգ չկա օրակարգում՝ այն կարող է լինել իշխանություն-ընդդիմություն հարաբերություններում, հատկապես, որ դրա նախադրյալներն արդեն ստեղծված են ու ոչ միայն հռետորաբանության տիրույթում, այլ նաև գործնականում։
Օրինակ՝ իշխանությունը բազմիցս ակնարկել է, որ նոր ընդդիմությանը դիմավորելու է «սվիններով»։ Հնարավոր բախման հողն էլ արդեն նախապատրաստված է՝ պայմանավորված թեկուզ այն հանգամանքով, որ խախտվում է ավանդույթը՝ Վեհափառ Հայրապետը չի հրավիրվում օրհնելու նորընտիր խորհրդարանի աշխատանքների մեկնարկը։ Հետևաբար վաղը «գնդակը լինելու է ընդդիմության դաշտում»։ Ընդդիմությունը պետք է որոշի․ կա՛մ մեկ այլ մարդու կողմից «օրհնանքի» դեպքում խորհրդարանի դահլիճում բողոքի ակցիա է կազմակերպում՝ իշխանության հետ հնարավոր բախման հեռանկարով, կա՛մ ցուցադրաբար լքում է նիստերի դահլիճը, կրկին նույն բախման հավանականությամբ, կա՛մ նստում է դահլիճում ու ստանում այդ «օրհնանքը»։
Իհարկե, հնարավոր 3 տարբերակներից և ոչ մեկը չի կարող ունենալ իրավաբանական որևէ հետևանք, դրանից չի տապալվելու օրենքով սահմանված օրակարգը, առավել ևս չի լուծարվելու նոր ձևավորված խորհրդարանը, պարզապես կուրվագծվի այն հոգեբանական մթնոլորտը, որում, հնարավոր է, աշխատեն առնվազն 5 տարի։
Կա՛մ իշխանությանը հենց առաջին օրը հաջողվելու է «կոտրել» ընդդիմությանը ու հետագա տարիների համար նախագծել խաղի իր կանոնները, կա՛մ ընդդիմությունը թույլ չի տա, որ իր վրա քաշեն «կառուցողական ընդդիմության» հագուստը։ Առաջին դեպքում իշխանությունը անցնցում կպաշտոնավարի ողջ ժամկետը՝ ձեռքի հետ էլ ժամանակ առ ժամանակ գովաբանելով ընդդիմությանը, երկրորդում՝ ընդդիմությունը թեկուզ տեսականորեն կկարողանա պահպանել իշխանափոխություն իրականացնելու իր խոստման հնարավորությունը։
Ընդամենը վաղը կիմանանք, թե առաջիկա տարիներին ինչ օրենսդիր մարմին ենք ունենալու։

Բաց մի թողեք
Պատկերացրեք՝ նման դեպք արձանագրվեր «նախկինների» օրոք
Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար
Յուրաքանչյուր վայրկյանը ապրել եմ՝ հավատարիմ մնալով իմ կոչումին ու երդմանը