05/08/2026

EU – Armenia

Նույն Նիկոլը՝ նույն ԱԺ-ն

Թվում է՝ շատ բան կա ասելու 9-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանի բացման մասին, բայց միեւնույն ժամանակ հատուկ բան չկա ասելու: Ասես, որ ի՞նչ լինի, չասես, որ ի՞նչ լինի… Ասելուց ինչ-որ բան կավելանա՞ կամ չասելուց կպակասի՞… Դե հիմա՝ հերթական գումարման ԱԺ-ի բացում էր…

Հրապարակ թերթը գրել է․ Ընկեր Հասանովն էր, պարոն Խաչատուրյանը… Բացիչներն ընդամենն այս երկուսն էին: Խաչատուրյանն էլ արագ թռավ, որ, Աստված մի արասցե, Փաշինյանի կառավարության հրաժարականն ընդունելու եւ Փաշինյանին հերթական անգամ վարչապետ նշանակելու արարողությունից չուշանա: Արեւմտահայ ընկերս կասեր՝ իշտե նիստ էր, իշտե բացեցին, իշտե լմնցավ…

Այո, ընկեր Հասանովն արդեն այնքան է վարժվել առաջին նիստերը բացելու գործում, որ մենք գիտեինք, թե ինչ է լինելու այդ նիստի ժամանակ: Ճիշտ է, իրենց հարցով՝ ո՞ւր է կաթողիկոսը, ավանդույթը մի թեթեւ խախտեցին «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները, բայց ընկեր Կնյազը դրան պատրաստ էր եւ Ամենայն հայոց կաթողիկոսին մեղադրեց չգալու եւ 9-րդ գումարման ԱԺ «թատերաշրջանի բացումը» չօրհնելու համար: Թե բա՝ կաթողիկոսի ուզելով է՝ ոչ ոք նրան չի արգելել, թող գար: Չգիտեմ՝ ով էր նրան այդպիսի բան սովորեցրել, բայց, խոսքը մեր մեջ, շատ վատ բան տեղի ունեցավ: Ընկեր Կնյազ, Նիկոլը եւ նրա ՔՊ-շնիկ սբրոդը կարող են հայտարարել, որ Գարեգին Երկրորդ անունով կաթողիկոս չեն ճանաչում, կարող են Կտրիճ ասել, բայց դու, լինելով ազգային փոքրամասնության հարգելի ներկայացուցիչ, պիտի ոչ թե այդպես խոսեիր կաթողիկոսի գալ-չգալու մասին, այլ զարմանայիր նրա բացակայությունից ու հայտարարեիր, որ Նիկոլի ու ՔՊ-ի արածը, շատ ներողություն, էշություն է, որից դու՝ տարիքդ առած մարդ, վատ ես զգում:

Կաթողիկոսի բացակայությունից առանձնապես չնեղվեց նաեւ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Նրան մի հարցնող լինի՝ իբր դո՞ւ ինչու էիր եկել առանց կաթողիկոսի ուղեկցության: Նախապես չգիտեի՞ր, որ կաթողիկոսը չի գալու եւ օրհնություն չի տալու… Բա եթե գիտեիր, բա եթե հասկանում էիր, որ պետական դրվածք ու ավանդույթ են խախտվում, դո՞ւ ինչու եկար… Քեզ ցուցադրելո՞ւ… Սելֆի-մելֆի անելո՞ւ: Ու հանկարծ չփորձես ասել, որ քո ներկայությունն առանձնահատուկ շուք հաղորդեց այդ արարողությանը: Դա զուտ նիկոլական աճպարարություն էր՝ կաթողիկոսի բացակայությամբ նիստը փրկելու համար՝ «ծիպը» չեղած տեղը Վահագն Խաչատուրյանն էլ է կաթողիկոս: Եվ այսպիսի հարց, պարոն պետության գլուխ՝ էդ հիմար բառակույտը, որ կարդացիր ու թռար՝ դե ես գնացի, որեւէ բան փոխե՞ց երկրի եւ ԱԺ կյանքում, ինքդ մեկ տող գոնե հիշո՞ւմ ես քո ելույթից:

Բուն գործընթացներն սկսվեցին Վահագն Խաչատուրյանի «հանդիսավոր» ճողոպրելուց հետո: Պատգամավորները երդվեցին, հաշվիչ հանձնաժողով ընտրեցին ու անցան ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկմանը: Ինքը՝ Ռուբեն Ռուբինյանը խոսեց, ընդդիմադիր եւ իշխանական պատգամավորներ: Ընդդիմադիրները տարբեր-տարբեր հարցեր տվեցին թեկնածուին, նեղ վիճակի մեջ դրեցին նրան, ստերը բռնեցին, ստիպեցին նոր ստեր հորինել: Կարելի է ասել՝ կասկած չմնաց, որ Ռուբինյանը նուրբ թելերով կապված է թուրքական հատուկ ծառայությունների հետ, Քըլըչի հրաշալի բարեկամն է եւ, այդ ամենով հանդերձ, շատ վատ է պատկերացնում «օպտիմալացում» բառը եւ սահմանազատում-սահմանագծում խոսույթի ներքո ընթացող հայ-ադրբեջանական տարածքային կարգավորումները: Դա՝ իր հերթին, բայց Ռուբինյանը, որ դառնում էր ԱԺ նախագահ, նույնիսկ «ժողովրդավարություն» եզրույթի հետ լուրջ խնդիրներ ուներ: Եվ եթե այդ դահլիճում կար մեկը, որին չէր կարելի մոտ թողնել ԱԺ նախագահի աթոռին, դա, թերեւս, Ռուբեն Ռուբինյանն էր: Նա անգամ իր «ինքնապաշտպանական» ճառում չկարողացավ զսպել իրեն ու հաթաթաներ չտալ ընդդիմությանը: Հասկացանք՝ սիրում ես Նիկոլին, բայց դա արդյոք հի՞մք է, որ կրկնես Նիկոլի սպառնալիքները… Թե բա՝ վենդետա լինելու է: Պարոն Ռուբինյան, հուսամ՝ լսել ես Զեւսի եւ եզի մասին հայտնի խոսույթը: Արդ, ուրեմն, մի՛ փորձիր Զեւսի դերն ստանձնել, այլապես շատ ծիծաղելի Զեւս կունենանք, որ մի կողմից հարգալից ու կիրթ վերաբերմունք է ակնկալում ընդդիմադիրներից, իսկ մյուս կողմից, այդ վերաբերմունքին դեռ չարժանացած, իրեն նիկոլություններ թույլ տալիս:

Ինչեւէ, թվում է՝ շատ բան կա ասելու ԱԺ առաջին նիստի մասին, բայց միեւնույն ժամանակ հատուկ բան չկա ասելու: Ամեն ինչ նույնն է մնացել՝ նույն լվացքը, նույն տաշտակը, նույն ՔՊ-ն, որ այս անգամ նույնիսկ օրհնության չարժանացավ: Ընդդիմադիրները երեկոյան այցելեցին կաթողիկոսին, հայրապետական խոսք ու խրատ առան, իսկ ՔՊ-ն, ինչպես կար անհավատների խմբակ, այդպես էլ մնաց: