Երեկ Նիկոլ Փաշինյանը կարողացավ քահանաներից բացի նաեւ սրբազանների իր կողմը տանել: Հայտնի չէ, թե ինչ ճնշումների եւ հարկադրանքի հիման վրա մի խումբ սրբազաններ ստորագրել են մի հայտարարություն` ընդդեմ Վեհափառի եւ Արշակ սրբազանի, ապա գնացել են նրա հետ հանդիպման:
Նրանց թվում են Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը։
Փաշինյանը շնորհակալություն է հայտնել սրբազաններին՝ նրանց «սկզբունքային դիրքորոշման համար», եւ փիլիսոփայել. «Ես կարծում եմ, որ այն թեման, որ արծարծել եք դուք, անձնավորվածի միջոցով մենք շատ կարեւոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում»: Ապա ասել է, որ պետության եւ հասարակության արժեքահեն լինելը կապված է նաեւ հոգեւոր կյանքի հետ։ «Ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, ես համենայնդեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության»:
Այդ կադրերից հետո ողջ համացանցը լի էր դատապարտման խոսքերով, շատերը հիշեցնում էին, թե ովքեր են Նիկոլ Փաշինյանի կողմն անցած սրբազանները, եւ ներկայացնում նրանց մեղքերը, որոնք շատ ավելին էին, քան կարելի է պատկերացնել, եւ կուսակրոնության խախտումների բազմաթիվ ապացույցներ էին հրապարակվում։ Մարդիկ հիշել էին Նավասարդ Կճոյանի օֆշորի սկանդալն ու «Բենթլին» եւ արձանագրում էին, որ այս անձանց միջոցով Նիկոլ Փաշինյանը ոչ թե մաքրում է Եկեղեցին եւ նրա կանոնագրքի պահպանության հարցն է լուծում, այլ ուղղակի պառակտում է Հայ առաքելական եկեղեցին: Եվ քանի որ Եկեղեցին մեր ազգի հիմնասյուներից է, եւ մեզ պահող շատ բան է խարխլել Փաշինյանը, ուստի որոշակի շրջանակներում այս ամենի շուրջ նաեւ հուսահատության ալիք է բարձրացել:
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին եւ դրա հետեւանքներին, նկատում է. «Հուսահատության պատճառ չկա: Այն, որ Նիկոլին հաջողվելու էր ստանալ նման պատկեր, ձեռքսեղմումներ, դա ինձ չզարմացրեց, այդ ամենի հավանականությունը մեծ էր, քանի որ գործի էր դրվել պետական ողջ ապարատը՝ քրեական գործեր կարող քննչական ապարատը, գաղտնի ծառայությունները, տեղեկատվական բլոկը եւ այլն: Ողջ պետական ապարատը լծված է ազգային եկեղեցու դեմ պայքարում, եւ այս ամենը ինձ չի զարմացնում: Կարեւոր է, որ մենք գիտակցենք՝ եպիսկոպոսաց դասի մարմիններն այն իրավասու մարմինները չեն, որ կարողանան Եկեղեցու վերաբերյալ որոշումներ կայացնել: Երկու կառույց ունենք, որոնք հիմնական որոշումներ կայացնողներն են՝ Ազգային եկեղեցական ժողովը, որը բաղկացած է հոգեւորականներից եւ աշխարհականներից, երկրորդն էլ անձամբ Ամենայն հայոց կաթողիկոսն է: Իմ պատկերացմամբ՝ Եկեղեցուն հավատարմության խոսք ասողները շատ ավելին են: Համացանցում ես ընթերցում եմ մի շարք նման տեքստեր՝ հատկապես քահանաների կողմից, ինչը շատ ողջունելի եւ ոգեւորիչ է: Այն ՔՊ-ական մոտեցումը, որ այս ամենով հարցեր են լուծվում, չի համապատասխանում իրականությանը: Այո, մենք տեսանք մարդկանց, ովքեր, մեղմ ասած, շատ սխալ քայլեր արեցին, բայց ես չեմ համարում, որ այս քայլով Նիկոլն իր խնդիրը լուծեց: Ես հատուկ ուզում եմ անդրադառնալ Արցախի թեմի առաջնորդին, չեմ կարող ասել, թե նա ինչից էր այդքան վախեցել, սակայն եթե ես չստանամ տեղեկություն, որ այդ մարդուն եկել տարել ու ինչ-որ նյութեր են ներարկել, նոր միայն այդտեղ նստացրել, ապա մենք գործ ունենք շատ ավելի վատ երեւույթի հետ, քան դավաճանությունն է: Ես ինձ կարող եմ այս արտահայտությունը թույլ տալ, որովհետեւ «Արցախի թեմի առաջնորդ» եւ «Նիկոլ Փաշինյան» հասկացություններն անգամ նույն նախադասության մեջ չեն տեղավորվում, էլ ուր մնաց՝ դեմ-դիմաց նստեն ու ինչ-որ հարցեր քննարկեն: Ես չեմ բացառում, որ Նիկոլը կարող է քանդել Եկեղեցին, սակայն չեմ ուզում վհատություն առաջացնել: Հիմա հուսահատվելու ժամանակը չէ, ես դրան էլ եմ դեմ: Հույսս այն է, որ մեր Եկեղեցում առողջ ուժերը գերակայում են: Հավատացյալների աչքով՝ Աստծո գործերն անքննելի են: Հույսն Աստծո ողորմածության վրա պետք է դնել»:






Բաց մի թողեք
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է
ՔՊ-ում հերթական սեքս սկանդալն է պայթել