«Վրաստանի հետ համագործակցությունը շարունակելու ժամանակ դեռ կա, բայց դրա համար կառավարությունը պետք է փոխի իր կուրսը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Այսպես է նա պատասխանել լրագրողի հարցին՝ կապված կոնկրետ քայլերի հետ, որոնք կհաստատեին ԱՄՆ հայտարարություններն առ այն, որ իրենք սատարում են վրաց ժողովրդին՝ ընդդեմ «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի Թբիլիսիում շարունակվող բողոքի ակցիաների և դրանց մասնակիցների ձերբակալության պայմաններում։
«Մենք խորապես մտահոգված ենք գործողություններով, որ գործադրվում են ընդդեմ օրենքի բողոքի ակցիաների մասնակիցների և դրա առաջխաղացման։ Մենք տեղեկություններ ունենք քաղաքացիական հասարակության, ընդդիմության ակտիվիստների և լրագրողների դեմ հետապնդումների և ֆիզիկական հարձակումների մասին։ Մենք դատապարտում ենք դա և կոչ ենք անում իրականացնել լիարժեք, ծավալուն, անկախ և ժամանակին հետաքննություն… Հարցին ավելի լայն պատասխանելու համար ասեմ, որ մենք հաջողությամբ համագործակցել ենք Վրաստանի հետ ավելի քան 30 տարի և կցանկանայինք շարունակել համագործակցությունը Վրաստանի հետ։ Համագործակցության համար դեռ ժամանակ կա, սակայն Վրաստանի կառավարությունը պետք է փոխի կուրսը»,- ասել է Պետդեպարտամենտի մամուլի քարտուղարը։
Ճեպազրույցում հարց է հնչել նաև Վրաստանում տիրող իրավիճակի վերաբերյալ. հիմա արդեն պարզ է, որ վրացական իշխանություններն անտեսել են այս շենքից հնչող բոլոր նախազգուշացումները, և արդյոք ժամանակը չէ՞, որ պետքարտուղարը (Էնթոնի Բլինքենը) միջամտի, զանգահարի Վրաստան և ասի՝ հերիք է։ «Ես միշտ բարձր եմ գնահատում քաղաքականության մշակման ձեր խորհուրդները, բայց մենք բաց հայտարարել ենք մեր քաղաքականության էության մասին, և ես չեմ պատրաստվում ոչինչ ասել այն գործողությունների մասին, որոնք մենք պատրաստվում ենք ձեռնարկել այս շենքից»,- ասել է Մեթյու Միլլերը:






Բաց մի թողեք
Հռոմի պապ Լևոն XIV-ը խնդրում է, որ Հռոմը հյուրընկալ լինի օտարերկրացիների համար
Շվեյցարիայի լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել
Իմ ստորագորությունը կլինի միայն ուժեղ համաձայնագրի տակ, որքան էլ Թրամփն անպատվի ինձ