«Դավիթ Երեմյանն այս կադրից հետո թիրախում է հայտնվել. հորդորում են բոյկոտել նրա բիզնեսները:
«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկի 141-րդ տողում տեղ գտած «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերության դեմ արշավ է սկսվել։
Համացանցում օգտատերերը հորդորում են «սեւ ցուցակ» գցել «Երեմյաններ» ընկերությանը եւ նրանց պատկանող ռեստորանները:

Իսկ ի՞նչն է նման աղմուկի պատճառը։ Բանն այն է, որ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սեփականատեր Դավիթ Երեմյանն օրերս դարձյալ հանդիպում էր ունեցել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ, խոնարհվելով բարեւել էր նրան, ինչը ֆիքսել են կադրերում: Հենց դրանից հետո սկսեցին հորդել բացասական մեկնաբանությունները եւ հրապարակումները։
Օգտատերերից շատերը հրապարակումներ արեցին, որ չպետք է այլեւս այցելել Երեմյաններին պատկանող «Լավաշ», «Շերեփ», «Պանդոկ Երեւան», «Սիզնս» ռեստորաններ, եւ ընկերների ցանկից պետք է հեռացնեն Դավիթ Երեմյանին:
Այս ամենի պատճառը իշխանությունների հետ մերձեցումն է, քանի որ Դավիթ Երեմյանը, կարծես, դարձել է իշխանության «կից գործարարը»:
Նա գրեթե բաց չի թողնում ոչ մի իշխանական միջոցառում կամ դրամահավաք։ Նա եզակիներից է, որ պետական եւ միջազգային ֆինանսավորմամբ ստեղծել է խելացի անասնագոմ։
Դավիթ Երեմյանը միակն է, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից՝ ԱՆԻՖ-ից, ստացավ գյուղատնտեսությունը զարգացնելու համար ներդրում։ Նա նաեւ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի հետ, որպես պատվիրակության անդամ, 2023 թվականին մեկնել էր Լոնդոն։ Ի՞նչ է սա, եթե ոչ իշխանության «կցորդ օլիգարխի» վարքագիծ։
Ի դեպ, հոկտեմբերի 31-ին կայացած «հաջողակ տղամարդկանց» թանկարժեք ընթրիքն էլ հենց Երեմյանների բարձրաճաշակ «Լիվինգսթոնում» էր կազմակերպվել»:







Բաց մի թողեք
Կաթողիկոսի եղբոր գործակալ լինելը հաստատող ԱԱԾ-ն պետական գաղտնիք է համարում ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հետ համագործակցած անձանց ցանկը
Վասիլիս Մարագոսը՝ ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվելիք աջակցության մասին
Սամվել Բաբայանի և Արթուր Վանեցյանի քաղաքական համագործակցությունը դադարեցվել է