Եվրախորհրդարանի անդամները սատարում են Երևանի ջանքերը՝ շարունակելու Բաքվի հետ երկկողմ ու բազմակողմ քննարկումները՝ խաղաղության համաձայնագրին հասնելու համար, և կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ավարտին հասցնել խաղաղության գործընթացը։
Սակայն պարզապես բանակցելը բավարար չէ, ասել է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի ղեկավար Նատալի Լուազոն։ Այս մասին գրում է dw.com-ը:
«Բանակցությունները շարունակվում են, բայց գնալով ձգձգվում են: Մենք պետք է մեկընդմիշտ համոզենք Բաքվին և Մոսկվային հարգել ժողովրդավարությունը և հույսը մեզ վրա դրած հայ ժողովրդին»,- ասել է պատգամավորը:
Նրա կարծիքով՝ ԵՄ երկրները պետք է հետևեն իր հայրենի Ֆրանսիայի օրինակին, որը պատրաստում է հայ զինվորներին և Երևանին տրամադրում զինտեխնիկա։
«Բաքուն պետք է իմանա, որ մենք չենք հանդուրժի Հայաստանի ինքնիշխանության որևէ խախտում, և եթե ինչ-որ բան տեղի ունենա, մենք դաժանորեն կվերաբերվենք դրան», – ասել է իտալացի պատգամավոր Ֆաբիո Մասիմո Կաստալդոն։
Դրա համար Եվրամիությունը պետք է ազատի ձեռքերը՝ ազատվելով ադրբեջանական գազի ու նավթի ներմուծումից, ասել է չեխ պատգամավոր Մարկետա Գրեգորովան։ Նա կոչ է արել Եվրահանձնաժողովի ներկայացուցչին համոզել իր գործընկերներին Բրյուսելում։
Այլ պատգամավորներ այս համատեքստում ԵՄ-ին կոչ են արել ավելի հաստատակամ երկխոսություն վարել Բաքվի հետ, հետևողական քաղաքականություն վարել նրա նկատմամբ և «երկակի ստանդարտներ» չկիրառել։
Հայաստանի հետ ԵՄ հարաբերությունների և Հարավային Կովկասում խաղաղության գործընթացի վերաբերյալ բանաձևի քվեարկությունը տեղի կունենա Եվրախորհրդարանի հաջորդ նստաշրջանում։ Փետրվարի 13-ին Բրյուսելում Երևանի և Բրյուսելի ներկայացուցիչներն արդեն պայմանավորվել են սկսել աշխատանքը նոր ընդլայնված գործընկերության ծրագրի վրա։
Բաց մի թողեք
Մեծ սակարկություն, խեղճ Ուկրաինա
ԵՄ առաջնորդները պատրաստվում են Ուկրաինայի հարցով արտակարգ գագաթնաժողովի. հանդիպումը Փարիզում կլինի
ԱՄՆ – ԵՄ՝ հակասություններ, թե՝ նոր իրողությունների սկիզբ